Նոյեմբերի 23-24-ը Վենետիկում՝ Կա’ Ֆոսկարի համալսարանում և Մխիթարյան միաբանությունում անցկացվել է Հայագիտական կենտրոնների մասնակցությամբ 3-րդ խորհրդաժողովը՝ «Հայագիտական կամուրջներ․ համագործակցություն և կայուն զարգացում» խորագրով։
Խորհրդաժողովի նպատակն էր ամրապնդել հայագիտական կենտրոնների միջև մասնագիտական կապերը, խթանել փորձի փոխանակումը, նախանշել համագործակցության նոր ուղղություններ և ձևավորել հայագիտության զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորություններ։
Խորհրդաժողովին մասնակցել են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակության անդամները, Հայաստանի գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչները, ինչպես նաև արտերկրի համալսարաններում գործող 9 հայագիտական կենտրոնների ներկայացուցիչները։
Կարդացեք նաև
Խորհրդաժողովի բացման արարողությունը տեղի է ունեցել Կա’ Ֆոսկարի համալսարանում։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Մխիթարյան միաբանության Հայր Համազասպ Վրդ․ Քեշիշյանը։
Իր խոսքում դեսպան Վ․ Կարապետյանը նախ փոխանցեց Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ողջույնները, ապա ընդգծեց, որ համաժողովը Վենետիկում անցկացնելը հատուկ խորհուրդ ունի։ Նշեց, որ այս քաղաքը դարեր շարունակ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել հայ մտավոր և մշակութային կյանքում։
Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության գիտական ու հրատարակչական հարուստ ժառանգությունը, հայ գրքի և ձեռագրերի պահպանության ավանդույթները, իսկ մեր օրերում նաև Կա՛ Ֆոսկարի համալսարանում գիտակրթական գործունեությունը Վենետիկը դարձնում են հայագիտական մտքի հանդիպման բնական վայր։
Հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև Կա’ Ֆոսկարի համալսարանի պրոռեկտոր Լաուրա դե Ջորջիի, Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի ֆակուլտետի դեկան Ատտիլիո Անդրեինիի հետ:
Իտալիայում Հայաստանի դեսպանություն





















































