Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր գումարներով մեծ նախաձեռնումներ

Նոյեմբեր 16,1995 12:08

ԱԺ-ն աստիճանաբար բյուջեի նյութական ոլորտներից անցում է կատարում դեպի հոգեւորը։ Երեկ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ ֆինանսավարկային, բյուջետային, տնտեսական հարցերի հանձնաժողովները համատեղ նիստում քննարկեցին «1996թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծում գիտության, կրթության,

մշակույթի, տեղեկատվության ու սպորտի ֆինանսավորման խնդիրները։ Ֆինանսների փոխնախարար Արմեն Մարտիրոսյանը շահագրգիռ պատգամավորների դատին հանձնեց գումարային տվյալները։ Ըստ այդմ՝ 100 մլրդ կազմող մեր բյուջեից գիտությանը հատկացվում է 1 մլրդ 802 մլն 473 հազար դրամ։ Գիտության տիրույթում առանձին ներկայացված են Ազգային

ակադեմիան, Մատենադարանը։ Կրթությանը բաժին է ընկել 16 մլրդ 170 մլն 157 հազար դրամ։ Կրթության գումարները բաշխվում են. ա)նախադպրոցական համակարգ՝ 3 մլրդ 194122, բ)տարրական եւ միջնակարգ կրթություն՝ 7 մլրդ 887740, գ)պրոֆտեխնիկական ուսուցում՝    797040, դ) միջնակարգ-մասնագիտական կրթություն՝ 897250, ե)բարձրագույն կրթություն՝ 2 մլն 34360: Մշակույթին հատկացվեց 4 մլրդ-ից փոքր-ինչ ավելի, սպորտին՝ 1 մլրդ։ Զանգվածային լրատվության միջոցներին հատկացվող գումարները բաժանվում են հետեւյալ կերպ՝ հեռուստապետվարչություն՝ 1 մլրդ 502 մլն դրամ, համեմատության համար բերենք նախորդ տարվա գումարները՝ 1 մլրդ 13 մլն, պարբերական մամուլին՝ 8 տպագիր օրգանով, տրվում է 255,5  մլն՝ 1995-ի  216,7-ի  դիմաց, Արմենպրեսին՝ 35,4 մլն, 24,6-ի փոխարեն եւ նորաստեղծ տեղեկատվության նախարարությանը՝ 85 մլն այն դեպքում, երբ 1995-ին այդ նպատակներով ծախսվել է 40 մլն։ Այսպիսով, պետական հոգածությունը տվյալ ասպարեզում ակնառու է, թեպետ թվերը ավելորդ պատրանքներ չպետք է առաջացնեն։

Նշված գումարների առյուծի բաժինը կազմում են բազմաչարչար աշխատավարձերը։ Հոգեւոր ոլորտի գրեթե բոլոր աշխատողների համար ապահովվում է աշխատավարձի 60 տոկոսանոց աճ, բացառյալ սպորտինը, որովհետեւ 1996-ին հայոց սպորտում իրադարձություն է սպասվում՝ Շախմատային օլիմպիադան։ Օլիմպիադային նախապատրաստվելու համար՝ շենքային վերանորոգումներ, հյուրանոցային եւ սպորտային համալիրներ, նախատեսվում է 1 մլրդ 470 մլն դրամ։

Գիտության ասպարեզում մեր վարդապետությունը ունի իր քաղաքական եւ ֆինանսական կողմերը։ Կառավարությունը խնդիր է դրել կատարելագործելու գիտության տարբեր ճյուղերին ֆինանսավորելու ողջ համակարգը։ Խորհրդային վարչական համակարգից անցում է կատարվում դեպի զուտ գիտական ստեղծագործական մթնոլորտի հաստատում՝ համատարած ֆինանսավորման փոխարեն, ընտրողական, թեմատիկ ֆինանսավորման սկզբունքով։ Թեեւ թեմատիկ ֆինանսավորումը տնօրինող փորձագիտական հանձնաժողովները սուր քննադատության ենթարկվեցին։ Ինչպես նկատեց հուզմունքի պատճառով բազկաթոռից սայթաքող Հրանուշ Հակոբյանը, բժշկագիտական թեմաների գնահատմամբ մեզանում զբաղվում են գյուղատնտեսության մասնագետները։ Հանրապետական փորձագիտական անկախ հանձնաժողովի գործունեությունը քննադատեցին նաեւ պատգամավորներ Լ. Թոքմաջյանը եւ Գրիգոր Ավագյանը։ Արա Սահակյանը, որպես հաշտարար, առաջարկեց արձանագրել ֆինանսավորման կազմակերպական թերությունները՝ անցնելով առաջ։ Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունները սահմանազատվեցին բուն գնահատման գործընթացից՝ հավաստելով իրենց զուտ տնտեսական գործառույթն։

Ընդհանուր առմամբ՝ հայոց գիտության  բնագավառում  այսօր գործում են 14 հազար մարդ։ Լեոնիդ Հակոբյանը աշխատավարձերի համար նախատեսված 750 մլն-ը բաժանելով 14 հազարի, ստացավ յուրաքանչյուր գիտաշխատողի վարձի թիվը՝ 4820 դրամ՝ առանց սոցիալական ապահովության գումարների։ Մաթեմատիկական գործողությունից էլ ծնվեց զուտ հասարակական-քաղաքական եւ բարոյական հարցադրումը. «Ինչպե՞ս պետք է պահենք մեր գիտությունը 4820 դրամով»։ Կառավարության ներկայացուցիչը՝ որպես մխիթարություն, բերեց հետեւյալ փաստարկը, մեր բյուջեում ընդամենը 100 մլրդ դրամ կա: Եթե այն ամբողջապես բաժանենք իբրեւ աշխատավարձ, միեւնույն է, 15 հազարից ավելի տալ չենք կարող։ Իսկ գիտության համար 15 հազարն էլ գումար չէ… Կոմունիստ պատգամավորի եզրափակումը մեկն էր. «Պլանավորվում է, որ հիմնարար գիտություն չլինի»։ Ընդսմին գիտության ֆինանսավորումը սկսվելու է 96թ. մայիսի 1-ից։ Ակադեմիայի պրեզիդենտ Ֆ. Սարգսյանի ելույթը հուզառատ էր, բայց լավատեսական նախաձեռնումներով լի՝ փոքր հանրապետությանը ոչ թե փոքր, այլ մեծ գիտություն է պետք։ Մեկ կամ մեկուկես տարի աջակցե՛ք Ակադեմիային, եւ այն ոտքի կկանգնի։ Բարձրագույն կրթության, գիտության եւ լուսավորության նախարար Վ. Գնունին խոսեց առավել դիվանագիտորեն եւ գործնական։ Ելնելով կարգապահությունից՝ նա ձեռնպահ մնաց ֆինանսների նախարարության հետ առճակատումից։ Միայն ցավով նշեց, որ թեմատիկ ֆինանսավորման երեք եղանակներից մեզ մոտ գործում է միայն մեկը, Պետպատվերի սկզբունքը, համաձայն որի արտադրությունը, հասարակությունը ձեւակերպում է թեմաներ եւ մրցույթային կարգով որոշում կատարողներին, օդում մնում է առկախ։ Գործուղումների որակի եւ քանակի վերաբերյալ եւս հուսադրող փաստ բերվեց. էապես իջել են գործուղման մեկնող գիտնականների ե՛ւ տարիքը, ե՛ւ պաշտոնը։ Դեպի ինքնաֆինանսավորում անդրանիկ քայլեր կատարող մեր գիտությունը փոքր գումարներով մեծ նախաձեռնումներ է խիզախում։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930