Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ» ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԿԱՐԵՎՈՐ ԹԵՄԱՅԻՑ ԴՈՒՐՍ

Հունիս 09,1998 00:00
Lragrox

Ոնց որ հայտնի տեքստում

Կրթության եւ գիտության նախարարության նոր ղեկավարությունը մամուլի հետ հարաբերություններում նոր գործելաոճ է առաջարկում. քննադատական հրապարակումներին նախընտրում են պատասխանել ոչ թե պաշտոնական հերքումով կամ պարզաբանումով (ու, փառք Աստծո, ո՛չ անտարբեր լռությամբ), այլ լրագրողին են հրավիրում պարզաբանումներ տալու կամ այդ թեմայով կազմակերպված քննարկմանը մասնակցելու։ «Առավոտի»՝ «Առանց հիշեցման կարողանալ կարմրատակել, գլուխը կախ գցել, հայացքը փախցնել» հրապարակման առնչությամբ կազմակերպված քննարկումը նման առաջին փորձն էր։

Այս հրապարակմամբ քննարկման բովանդակային կողմին գրեթե չենք անդրադառնա, քանի որ մասնակիցները վերջում, այնուամենայնիվ, որոշեցին իրենց տեսակետներն ու դիտողություններն ամփոփող տեքստ ներկայացնել, իսկ մենք պատրաստակամություն հայտնեցինք այն հրապարակել։ Այնպես որ, կրկնություններից խուսափելու նպատակով, այսօր կներկայացնենք միայն լրագրողական որոշ դիտարկումներ եւ նկատառումներ՝ ծնված այս քննարկումից եւ ընդհանրապես նմանատիպ այլ հանդիպումներից։ Բայց նախապես հավաստիացնենք, որ «Առավոտի» հրապարակումների հանդեպ նման ուշադրությունը խիստ կարեւորում ու գնահատում ենք եւ շնորհակալ ենք թե՛ դրական, թե՛ բացասական արձագանքների համար։ Ու ինչպես հայտնի տեքստում՝ լավ խոսքերի համար երախտագիտություն չենք ակնկալում, իսկ վատի՝ քննադատության (այն այսուհետ էլ գերիշխելու է) համար հայցում ենք ձեր հանդուրժողականությունը։ Ու հենց այստեղից էլ կսկսենք։

Միայն վատն եք տեսնում

Սա լրագրողներիս հասցեին հնչող ամենատարածված «մեղադրանքներից» է։ Այս դեպքում էլ դրանից չխուսափեցինք, սակայն հիմնական շեշտադրումը մի փոքր այլ էր։ Բայց մինչ դրան անցնելը, նախ տեղեկացնենք, որ կրթության եւ գիտության փոխնախարարի գլխավորած քննարկմանը մասնակցում էին նախադպրոցական կրթության վարչության պետը, աշխատակիցները եւ, մեր թղթակցի՝ Լուսինե Հովհաննիսյանի հոդվածի համար հիմք հանդիսացած «Նախադպրոցական կրթադաստիարակչական համալիր ծրագրի» հեղինակները։

Ի դեպ, թղթակցի փոխարեն (գլխավոր խմբագիրը նպատակահարմար էր գտել էջի պատասխանատուին ուղարկել, ինչի մասին նախապես տեղեկացրել էինք քննարկման կազմակերպիչներին) կրթության էջի պատասխանատուի ներկայանալը քիչ մնաց ձախողեր քննարկումը (ծրագրի հեղինակները հրաժարվում էին դրան մասնակցել), եթե չլիներ փոխնախարար Աիդա Թոփուզյանի ազդու միջամտությունը։ Նրանք պնդում էին, որ իրենց վրդովմունքը պայմանավորված չէ ծրագրի մասին բացասական հրապարակմամբ, ընդունելով, որ ծրագիրն ունի նաեւ թերություններ (չնայած դրանց մասին եւս խոսելու փոխնախարարի առաջարկին այնքան էլ պատրաստակամ չարձագանքեցին՝ նաեւ այն հիմնավորմամբ, թե լրագրողի ներկայությամբ չարժե դրանց մասին խոսել, թե չէ՝ կգրի), այլ բողոքում էին, որ քննադատությունը հիմնավոր չէ, մասնագիտական խորությամբ չի արված եւ այլն։

Ավելի քան տասը տարվա աշխատանք պահանջած եւ մոտ այդքան նախարարների կողմից հավանության արժանացած (չնայած դրան՝ տպագրությունը միշտ ձգձգվել է) ծրագրի հարգարժան եւ մանկավարժական մեծ փորձ ունեցող հեղինակների վրդովմունքին ու իրենց աշխատանքին ավելի մանրամասն ու հիմնավոր ուսումնասիրելու պահանջին ըմբռնումով ենք մոտենում։ Չնայած անկեղծորեն դժվարանում ենք պատկերացնել, թե ամեն օր տարբեր թեմաների, աշխատանքների, ծրագրերի մասին գրել հարկադրված լրագրողն ինչպես կարող է նույն խորությամբ տիրապետել հարցին, ինչ՝ դրանով զբաղվողները։

Ի դեպ, ի արդարացում այն մեղադրանքի, թե էջի պատասխանատուն, հայտարարելով, որ հավասարապես պատասխանատու է հրապարակումների համար, ինքն էլ ծրագրին նոր ու այն էլ ոչ խորությամբ է ծանոթացել, կարող ենք բերել փոխնախարարի անկեղծ խոստովանությունը, որ ինքն էլ հոդվածից հետո է կարդացել ծրագիրը։ Այնուհանդերձ, խիստ վիճելի են հնչած այն պնդումները, թե «ծրագիրը չի կարող դառնալ սիրողական գրչի առարկա», «այստեղ պետք է նեղ մասնագիտական գրիչ», «ոտքի վրա, հպանցիկ վերլուծություն չպիտի լինի, այլ՝ հիմնավոր, հիմնարար», «լրագրողը պետք է կարողանա կառուցվածքային եւ մեթոդական իմաստավորումները տալ» եւ այլն։

Մի քիչ տարբերվող կարծիք հայտնեց միայն վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը, բայց էլի սահմանափակում դնելով, թե կարծիք կարող են հայտնել ոչ միայն մասնագետները, այլեւ մայրիկնե՝րը (ի դեպ, վերջին պահանջին մեր թղթակիցը համապատասխանում է)։ Պարոն Ստեփանյանը մի հետաքրքիր միտք էլ հայտնեց՝ նման «ոչ մասնագիտական» կարծիքների հայտնվելը պատճառաբանելով իրենց մասնագետ գործընկերների լռությամբ։ Ընդունելով այդ իրողությունը՝ միաժամանակ կարծում ենք, որ դրանք իրար ամենեւին էլ չեն հակասում։

Բացի այդ, բոլորովին էլ պարտադիր չէ, որ լրագրողի անդրադարձն այս կամ այն հարցին պարտադիր խիստ մասնագիտական եւ շատ լուրջ լինի։ Երբեմն լրագրողի ուշադրությունը կարող է գրավել հետաքրքիր մանրուք, հաջող կամ անհաջող ձեւակերպված միտք, պահվածք, շարժում, որոնք մասնագետների կողմից անկարեւոր, երկրորդական (փոխնախարարն ասաց նույնիսկ՝ երրորդական, չորրորդական) որակումների կարժանանան, ինչպես, համոզված ենք, նաեւ այս մեկը, որ չենք կարող լրագրողի «փիս խասիաթին» հավատարիմ չարձանագրել։ Տիկին փոխնախարարը (ի դեպ, վերջինիս, անցյալի ավանդույթով, քննարկման տարեց մասնակիցները ընդգծված հարգանքով՝ ընկեր Թոփուզյան էին դիմում), խոսելով ծրագրի՝ «Բարեկիրթ վարքի դաստիարակում» գլխի կարեւորության մասին, եւ մեծ ցավով արձանագրելով, որ «ունենք բազմաթիվ բարձր պաշտոնյաներ, ովքեր մարդկանց հետ շփվելու կոմպլեքս ունեն, չգիտեն ճիշտ հարաբերվել», մի քանի անգամ խիստ բարձր ձայնով սաստեց իր խոսքին միջամտելու համարձակությունն ունեցողներին։

Մենք էլ ենք պրոֆեսիոնալ

Ընդհանրապես, լրագրողի ոչ մասնագիտական միջամտությունից բողոքողներն իրենք հաճախ իրենց իրավունք են վերապահում սովորեցնել, թե ինչի մասին, ինչպես եւ ինչ նպատակով պետք է գրի լրագրողը։ Ասենք, տիկին Թոփուզյանը, չնայած իր այն գնահատականին, թե «դուք էլ եք պրոֆեսիոնալ, մենք էլ ենք պրոֆեսիոնալ», անթույլատրելի էր համարում թերթի այն մոտեցումը, երբ «կրակում ու անցնում են»՝ գտնելով, որ հոդվածն անպայման ինչ-որ բան պետք է փոխի, օգնի թերությունները վերացնելուն, այլապես ի՞նչ իմաստ ունի գրելը, ի՞նչ էիք ուզում ասել դրանով։ Ի դեպ, վերջին հարցադրումը մի քանի անգամ հնչեց, եւ ներկաներն առարկություն չընդունող տոնով պնդում էին, թե «հոդվածը պատվիրված է», «սրա տակ թաքնված դիտավորություն կա», «դիտավորյալ, միտումնային մոտեցում կա»։ Նույնիսկ այնպիսի վարկածներ եղան, թե հոդվածի հեղինակը քննարկմանը ներկայացած էջի պատասխանատուն է կամ հոդվածում ծրագրից բերված հատվածները հեղինակն ինքը չի ընդգծել, այլ իր փոխարեն շահագրգիռ ինչ-որ մեկը։

Նման որակումները հանգիստ ընդունելով՝ ակնկալում ենք համապատասխան վերաբերմունք եւ հուսով ենք, որ այս «երկրորդական» դիտարկումները տեղիք չեն տա կասկածել, թե լուրջ չենք ընդունում կամ չենք կարեւորում նման հանդիպումների նշանակությունը, մանավանդ որ քննարկման ժամանակ հնչած մտահոգությունների մեծ մասը, կապված մանկապարտեզներում ստեղծված ոչ բարվոք վիճակի հետ, մենք էլ ենք կիսում եւ դրանց առաջիկայում կանդրադառնանք։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930