Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԽՈՍԵԼ «ԴՐԱ ՄԱՍԻՆ» ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ

Հունիս 18,1998 22:13
serakan dastiarakutyun

Մեր էջի մշտական ընթերցողներն արդեն գիտեն, որ յուրաքանչյուր հինգշաբթի կներկայացնենք ինտիմ կյանքին, սեռական խնդիրներին վերաբերող նյութեր։ Կփորձենք բժիշկ-սեքսապաթոլոգների միջոցով բաց խոսակցություն սկսել վերը նշված թեմաների շուրջ։ Եթե հիշում եք, մեր թերթի երեքշաբթի օրվա համարում արդեն սեռական դաստիարակության մասին տեսակետներ են հայտնել այդ խնդրի հետ առնչվող տարբեր մասնագիտություն ունեցող մարդիկ։ Այսօր սեռական դաստիարակության մասին սեքսապաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոնի մասնագիտական տեսակետն է ներկայացնում սեքսապաթոլոգ Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։

Սեռական դաստիարակության խնդիրն է նպաստել սեռադերային վարքագծի ձեւավորմանը, հիմք դնել բարոյական կյանք վարելու, ամուր ընտանիք ստեղծելու եւ առողջ սերունդ ունենալու համար։ Սեռական դաստիարակությունը սկսվում է սեռական հասունացման շրջանից շատ առաջ։ Նախադպրոցական շրջանում պետք է սովորեցնել տարրական հիգիենիկ գործողությունները, օրինակ. հետեւել, որ հագուստը շատ սեղմող չլինի, ուշադիր լինել, որ չառաջանան ճիճվային հիվանդություններ, եւ այլն: Այս տարիքում ձեւավորվում է վարքագիծը եւ առաջանում է որոշակի հետաքրքրություն սեռական հարցերի նկատմամբ, օրինակ, ամենատարածվածը. որտեղի՞ց են առաջանում երեխաները։

Պետք է ո՛չ խուսափել հարցից եւ ո՛չ էլ հեքիաթներ հորինել կաղամբի, արագիլների մասին, ոչ էլ շատ մանրամասն, գիտականորեն բացատրել, թե ինչն ինչպես է տեղի ունենում։ Խաբելու կամ հարցից խուսափելու դեպքում երեխան պատասխանը կստանա ավելի տարիքով ընկերներից կամ կողմնակի մարդկանցից, իսկ ծնողների նկատմամբ կառաջանա անվստահություն։ Եվ դեռ պարզ չէ, թե երեխայի այդ կողմնակի ճանապարհով ստացած ինֆորմացիան ինչպիսին կլինի։ Ուղղակի նրան կարելի է ասել, որ երեխան մեծանում է մայրիկի փորում։ Հետո մայրիկը գնում է ծննդատուն եւ այնտեղ բժիշկները հանում են երեխային, եւ նրան բերում են տուն։ Կամ այս տիպի որեւէ մակերեսային, բայց իրականությանը մոտ պատմություններ։

Աղջիկները մոտ տասը տարեկանից, իսկ տղաները փոքր-ինչ ուշ մտնում են սեռական հասունացման շրջան, երբ սկսում է զարգանալ սեռական համակարգը, եւ ի հայտ են գալիս երկրորդային սեռական նշանները։ Մեծանում են տղաների ամորձիները, փոխվում է ձայնը, սկսվում են երազախաբությունները, կարող է լինել ձեռնահարություն։ Աճում է աղջիկների կուրծքը, տեղի է ունենում առաջին դաշտանը։ Երեխաներին, (մանավանդ՝ աղջիկներին) պետք է որոշակի նախապատրաստել այս շրջանին, որ չվախենան այդ երեւույթներից եւ կատարեն պահանջվող հիգիենիկ միջոցառումները։ Այս շրջանում շատ ծնողներ սխալ են վերաբերվում ձեռնահարությանը (մաստուրբացիային)։ Ոչ մի դեպքում չի կարելի պատժել կամ վախեցնել «հիվանդագին հետեւանքներով», որովհետեւ այդ վախը կարող է ամբողջ կյանքում ուղեկցել մարդուն, առաջ բերել բազմաթիվ պրոբլեմներ, իսկ ինքը՝ մաստուրբացիան, նման հետեւանքներ չի թողնում։

Սակայն յուրաքանչյուր դեպքում ցանկալի է խորհրդակցել մասնագետի հետ եւ պարզել, այդ մաստուրբացիան հասունացման շրջանի արտահայտությո՞ւն է, թե՞ կապված է այլ հարցերի հետ։ Այս շրջանում ձեւավորվում է երեխայի անհատականությունը, իսկական տղամարդու եւ կնոջ «հասկացությունը», «պատկերացումը»։ Պետք չէ անընդհատ երեխային հետեւել, հարցաքննել, մանրամասն ցուցումներ տալ կյանքի բոլոր դեպքերի համար։ Անհրաժեշտ է հասնել այն բանին, որ երեխան դժվար պահերին ինքը հարցնի, չվախենա, չամաչի իր հարցից։ Եվ շատ կարեւոր է, որ ծնողի խոսքը իր վարքից չտարբերվի։ Օրինակ. եթե հայրը անպատվում կամ ապտակում է կնոջը, իսկ տղային բացատրում է, որ կնոջ հետ պետք է սիրալիր վարվել, ծաղիկներ նվիրել եւ այլն, նրա «դաստիարակությունը» ոչ մեկին պետք չէ։ Եվ տղան կամ կընդօրինակի հայրիկի պահվածքը, կամ ինքն իրեն եզրակացություններ կանի, եւ կվարվի ճիշտ հակառակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930