Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 02,1998 01:02

«Բազմիցս դիմել եմ ԱԱ եւ ՆԳ նախարարություն, բայց, արդյունքի չհասնելով, ստիպված եմ ձեզ դիմել»,-այսպես է սկսում իր բողոքը Էվելինա Բայբուրթյանը։

Շարունակելով՝ Է. Բայբուրթյանը հայտնեց, որ վերջին ժամանակներս նրանց ընտանիքում լուրջ անախորժություններ են տեղի ունեցել՝ ընդհուպ մինչեւ ամուսնու ծնողների ամուսնալուծությունը։ «Ես մտահոգված եմ, որ ՆԳ աշխատակից Արմեն Բաղդագուլյանը՝ ամուսնուս հորաքրոջ տղան, մեր ընտանիքի խաղաղությունը վերականգնելու փոխարեն, անձնական շահից ելնելով, հակառակն է անում եւ խախտելով իր լիազորությունները՝ ԿԳԲ-ի վկայականով ներկայանում է տարբեր ատյաններ, կեղծում փաստաթղթեր՝ տան նվիրատվություն կազմակերպելու նպատակով։ Այս ամենը նա անում է իր մոր հետ միասին՝ օգտվելով սկեսրայրիս հոգեկան թեթեւ խանգարումից։ 21.05.97 թ. թիվ 1 նոտարական գրասենյակում ձեւակերպվել է Մալաթիա 48 տան նվիրատվության պայմանագիր, որի համաձայն Լաուրա Վարդանյանը դարձել է տան սեփականատեր։ Սակայն այդ պայմանագիրը կնքվել է պաշտոնական կեղծիքի հիման վրա»։

Մինչդեռ 1997 թ. Երեւանի Շահումյանի շրջանի ժողդատարանի նախագահ Ժ. Վարդանյանից՝ Երեւանի քաղաքապետարանին կից շենքերի եւ շինությունների անձնագրավորման գույքագրման վարձակալական վարչության պետ Ա. Բագրատյանին ուղղված փաստաթղթում նշվում է. «Ժողդատարանի վարույթում է գտնվում Ամալյա Գրիգորյանի հայցն ընդդեմ Մարտիկ Վարդանյանի՝ մեկուսացված բնակտարածության պահանջի մասին։ Վեճի առարկա է Մալաթիա փողոցի թիվ 48 տունը։ Խնդրվում է վերոհիշյալ տան նկատմամբ արգելանք դնել եւ որեւէ գործարք չկատարել»։ Ըստ Է. Բայբուրթյանի, ավելի ուշ արգելանքը չեղյալ է համարվել նոտարի եւ դատարանի կողմից՝ Արմեն Բաղդագուլյանի ջանքերով։ «Նա մեզնից մեր բնակարանը փախցնելու համար դիմում է ամենաստոր միջոցների՝ հաշվի չառնելով, որ փողոց ենք նետվում ես՝ ամուսնուս եւ երեխաներիս հետ, ամուսնուս քույրն իր երեխայի հետ եւ մայրը։ Նա ահաբեկում է մեզ, ամուսնուս սպառնում, որ թմրանյութեր, զենք կդնի նրա մեքենայի մեջ, շանտաժի կենթարկի այնքան ժամանակ, մինչեւ ամուսինս հրաժարվի իր հայրական տնից…»:

Մի՞թե վկայականը կարող է մարդուն անսահմանափակ իրավունքներ տալ։ Ավելացնենք նաեւ, որ 1997 թ. հուլիսին Ա. Գրիգորյանը Շահումյանի շրջանի ժողդատարան է դիմել՝ ԳԱԶ 3102 մակնիշի ավտոմեքենայի արժեքի կեսի պահանջի մասին հայցով։ Սակայն դատարանը, նորից ճնշումների ազդեցությամբ, չի անդրադարձել գործին։ «Շուրջ 1 տարի է, ինչ մեր մեքենան, որի շուկայական գինը 8000 դոլար է, ապօրինի շահագործվում է Արմեն Բաղդագուլյանի կողմից։ Նա «փախցրել» է մեքենան եւ կեղծ առքուվաճառքի միջոցով ձեւակերպել Լ. Վարդանյանի անունով»։

Ի հավելումն վերոշարադրյալի, Ամալյա Գրիգորյանն ասում է. «Շահումյանի շրջանի դատավոր Վարդանյանն ասում էր, որ չի կարող իմ 7 անձից բաղկացած ընտանիքը փողոց շպրտել։ Եվ Լ. Վարդանյանը մեզ տուն առաջարկեց Վարդաշենում՝ 30 քմ ընդհանուր տարածքով։ Մենք չընդունեցինք այդ առաջարկը… Ի վերջո դատավորը կայացրեց վճիռ՝ վտարել մեզ Վարդաշենի 6-րդ փողոց, տուն 15։ Նշեմ նաեւ, որ դատավոր Ի. Վարդանյանը ոչ մի անգամ տեղազննություն չի կատարել. Վարդաշենի տունը գտնվում է վթարային, հակասանիտարական վիճակում, չունի ոչ մի կոմունալ հարմարություն։

Ի վերջո, դատարանը Լ. Վարդանյանին կարող էր հատկացնել այն, ինչ եղել էր իմ ամուսնությունից առաջ, բայց ոչ թե այն ամենը, ինչ կատարվել է իմ ամուսնության տարիներին՝ իմ ու երեխաներիս միջոցներով…»։

Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ. Գ. Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ, ինչպես ավելացրեց բողոքող կողմը, գործն ուսումնասիրելուց հետո իրենց միջնորդությունն են գրել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի նա կասեցնի վճռի կատարումը եւ բեկանի կոլեգիայի եւ ժողդատարանի վճիռը։ «Կոլեգիան արհամարհեց նաեւ Շահումյանի շրջանի դատախազի բողոքը, ՀՀ գլխավոր դատախազի եզրակացությունը՝ վճիռը բեկանելու մասին, ԱԺ պատգամավոր, «ՄալաթիաևՍեբաստիա» համայնքի թաղապետ Վ. Զատիկյանի եւ ՀՀ նախագահին կից մարդու իրավունքների պաշտպանության գծով խորհրդատու Պ. Հայրիկյանի միջնորդությունը՝ գործով օբյեկտիվ եւ օրինական վճիռ կայացնելու մասին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031