Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՐԻԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Հուլիս 07,1998 14:05

Ռոբերտ Քոչարյանը շարունակում է «շատ երկար մտածել» կոնյակի գործարանի խնդրով արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին։ Փոխարենն առանց պատգամավորների 1/3ևի պահանջի եւ առանց երկար-բարակ մտածելու, այլ օրակարգերով նստաշրջանների մասին
հրամանագրեր է ստորագրում։

Հուլիսի 3-ին ստորագրած մի այդպիսի հրամանագրի մեջ մասնավորապես նշված էր. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան»։ Ժվանեցկին կասեր՝ «как только – так сразу»։
Ուրեմն երեկ նախ հունիսի 29-ից սկսած նստաշրջանն ավարտեցին ու եւս 6 օրենքներ ընդունեցին ամբողջությամբ։ «Այսպիսով կառավարությունն ավելի նպատակային կաշխատի, եւ սեպտեմբերին կզգանք արդյունքը՝ կամ դրական, կամ բացասական։ Հուսով եմ, որ դրական»,- հանդիսավոր ու երկիմաստ ազդարարեց ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը (լուսանկարում): Ի դեպ, նա վերջերս բազմաթիվ նման բաներ է ասում, երեկ նաեւ նույն տոնով ավետեց. «Սիրելի ռադիոլսող հայրենակիցներ, ելույթ էր ունենում ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը»։ Նիստը վարելու կատակախառն նման ոճը սկզբնապես բնորոշ էր նաեւ  ԱԺ նախկին  փոխնախագահ Արա Սահակյանին (Պրահայում ականջը կանչի)։
Ինչեւէ, սկսեցին կենսագործել նախագահի հրամանագրի առաջին կետը եւ քննարկել Համայնքային զարգացման ծրագիրը։ Վարկային այս համաձայնագրի նպատակը մասնավորապես Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավումն է եւ պետական բնակարանային շինարարության քաղաքականության մշակումը։ Ահա այդ «մշակման» համար էլ Հայաստանը պարտքով վերցնում է 30 մլն դոլար (սա արդեն ճակատագրական թիվ է դառնում), եւ 5,5 մլն դոլար էլ կառավարությունն իր կողմից է ավելացնում։
Այդ վարկն առիթ դարձավ, որ «ջրի չափ երկար» խոսեն ֆիզիկապես մաշված ջրամատակարարման ցանցի մասին, որի պատճառով «55-70 տոկոս ջրի կորուստ է արձանագրվում» (ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Մերուժան Միքայելյան)։ Նա նաեւ խոստացավ, թե այս վարկի շնորհիվ ջրի որակը կբարելավվի, այլապես «վարակազերծման նպատակով ստիպված են լինում ջուրն ավելի քլորացնել, քան կարելի է»։ Պարզվեց նաեւ, որ այս վարկից առավել պիտի նախ ֆիզիկայի ինստիտուտին հարող տարածքի եւ Դավիթաշենի բնակիչներն ուրախանան, քանզի միայն 3 մլն դոլար տրամադրվելու է, որ այստեղ շուրջօրյա ջրամատակարարում ապահովվի։ Իբրեւ հարակից զեկուցող հանդես եկող Վահագն Խաչատրյանն արձանագրեց, որ շուրջօրյա ջրամատակարարման անցնելու դեպքում ջրի ծախսը 40 տոկոսով կնվազի։
Այս հարցի վերաբերյալ ամենաշահագրգիռ ելույթները նախկին քաղաքապետերինն էին։ «Հանրապետության» անունից Վանո Սիրադեղյանը խոսեց, թե խմելու ջուրն այն հարցն է, որ դեռ քանի տարի Երեւանի ղեկավարությանը հայհոյելու առիթ է մնալու։ «Սա ազգային անվտանգության հարց է։ Եվ զուտ պատահականությունն է մեզ համաճարակներից փրկում,- ասաց պրն Սիրադեղյանը,- Եվ եթե այս վարկի գոնե 1/3ևն է նպատակային օգտագործվելու՝ էլի անհրաժեշտ է կողմ քվեարկել, քանի որ սա օդ ու ջրի պես անհրաժեշտ փող է»։
Գրեթե բոլորն էլ այդ կարծիքին էին։ Միայն վարկի վերահսկելիության հրապարակայնության հարցերն էին կարեւորում։ Դա էլ խոստացան ապահովել՝ կես տարին մեկ տեղեկություններ տրամադրել վարկի վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ, այսօր վարկային այս համաձայնագիրը կհաստատվի, երեկ քվեարկության համար ուղղակի բավարար քանակի պատգամավորներ չկային։
Ի դեպ, Ալբերտ Բազեյանն այս «ջրառատ» քննարկումներում «ձեռքի հետ» էլ ԱԺ-ի «անկայուն» ջրամատակարարման խնդիրն արծարծեց։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031