Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ՝ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՐ

Հուլիս 21,1998 02:13
Gagik Stambolcyan

Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկում է

Նախարարները ոչ միայն նշանակվում են, այլեւ՝ հանվում: Վաղ թե ուշ դա անխուսափելի է. նախարարները դրա համար էլ ստեղծված են: Դեմոկրատական աշխարհում հենց հրաժարականն է պսակում ցանկացած պետական պաշտոնյայի կարիերան: Հաշվի առնելով այդ տխուր հանգամանքը, մեր նախարարները, պետական խնդիրների լուծմանը զուգահեռ, ստիպված են մտածել նաեւ իրենց ապագայի մասին՝ փնտրելով առավել հարմար «պահեստային օդանավակայան», որտեղ հնարավոր կլինի վայրէջք կատարել պաշտոնից զրկվելուց հետո:

Առողջապահության նախարար Գագիկ Ստամբոլցյանը, որին այսօր, ըստ պաշտոնական աղբյուրներին մոտ կանգնած շրջանակների, սպառնում է պաշտոնազրկությունը, նույնպես ձեռքերը ծալած չի նստում: Ավելին՝ ներկա եւ նախորդ տարբեր նախարարներից նա առավել շրջահայաց է եւ հաշվենկատ, ապահովելով «սեւ օրվա հոգապահուստ» պաշտոնը, նախարար նշանակվելուց ընդամենը կես տարի հետո: Հենց այդ ժամանակ՝ անցած տարվա դեկտեմբերի 22-ին, իր տեղակալի հրամանով, Ստամբոլցյանն ինքն իրեն նշանակեց Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն: Այդ պահին նույն ինստիտուտի տնօրեն Նազարովը ծանր հիվանդություն էր տանում, բայց դեռ ողջ էր՝ նա մահացավ հունվարի 8-ին:

Միաժամանակ պրն Ստամբոլցյանը Պրոկտոլոգիայի ինստիտուտ տեղափոխեց Պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության կենտրոնը, որը ղեկավարում էր անձամբ: Սակայն գործը չստացվեց. մամուլում (նաեւ մեր թերթում) հայտնվեցին մի շարք հրապարակումներ, որոնցում պարոն Ստամբոլցյանը մեղադրվում էր Սահմանադրությունը խախտելու մեջ: Հիշեցնենք, որ, ըստ Սահմանադրության, արգելված է համատեղել նախարարի եւ որեւէ այլ ղեկավար պաշտոնները: Այսպիսով, նախարարը ստիպված եղավ ինքն իրեն ազատել Պրոկտոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնից եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դնել նույն ինստիտուտի վիրաբուժական բաժնի ղեկավարի վրա:

Սակայն դրանով պատմությունը չի ավարտվել: Մեր ունեցած տեղեկություններով, հրաժարվելով տնօրենի պաշտոնից «դե յուրե», նախարարը մնաց այդ հիմնարկի ղեկավար «դե ֆակտո»: Այդ ղեկավարությունն իրականացվում է արտաքին կապերի գծով տնօրենի տեղակալ Արմինե Խառատյանի միջոցով (ի դեպ, այդ նոր հաստիքը բացվել է նախարարի կարգադրությամբ): Տիկին Խառատյանը, ինչպես եւ պրն Ստամբոլցյանը, անմիջական կապ ունեն Լուիզ Սիմոն Մանուկյանի Հայ ընդհանուր բարեգործական միության միջոցների հետ: Ավելորդ չէ հիշեցնել, որ պրն Ստամբոլցյանը նախարար դարձավ հենց Լուիզ Սիմոնի հովանավորությամբ:

Ինստիտուտի աշխատակիցների վկայությամբ, նախարարի շահերը ներկայացնող Արմինե Խառատյանը բուռն գործունեություն է ծավալել, խառնվելով բոլոր հնարավոր եւ անհնարին ոլորտների մեջ եւ ամեն քայլափոխի վկայակոչելով նախարարի կարծիքը: Ավելին՝ արտաքին կապերի գծով փոխտնօրենը փորձում է լուծել նաեւ կադրային խնդիրներ: Նրա եւ հետեւաբար նախարարի կողմից չհավանած աշխատակիցներին փորձում են ազատել աշխատանքից՝ կազմակերպելով արտահերթ ստուգումներ: Հայտնաբերված չնչին խախտումները հիմք են տալիս նախարարին, առանց նախարարության կոլեգիայում քննարկելու, միջնորդների օգնությամբ, առաջարկել մարդկանց աշխատանքից ազատվելու դիմում գրել:

Ինչո՞վ է պայմանավորված հենց այդ ինստիտուտի նկատմամբ նախարարի հիվանդագին հետաքրքրությունը, եթե հաշվի առնենք, որ տապալվեց նրա փորձը՝ դառնալ ինստիտուտի տնօրեն (ի դեպ, չունենալով համապատասխան գիտական աստիճան): Այդ առիթով կարելի է միայն ենթադրություններ անել: Ամենահասարակ բացատրությունն է, թե պարոն Ստամբոլցյանը պարզապես ռեւանշի է ձգտում: Սակայն բժշկական միջավայրում շրջանառության մեջ կա մի այլ վարկած. խնդիրն այն է, որ 1996 թվականից Պրոկտոլոգիայի ինստիտուտը սեփականաշնորհման ենթակա հաստատությունների ցուցակի մեջ է: Ուստի, կարելի է ենթադրել, որ պրն Ստամբոլցյանն աշխատում է անձամբ սեփականաշնորհել այդ ինստիտուտը, առավել եւս, որ շենքի երկու հարկը արդեն իսկ պատկանում է իր գլխավորած կենտրոնին: Վերջերս նախարարը պահանջեց ինստիտուտի սեփականաշնորհման փաստաթղթերի փաթեթը, ինչը կարող է հաստատել վերոհիշյալ ենթադրությունները:

Ճիշտ է, միանշանակորեն պնդել, թե Պրոկտոլոգիայի ինստիտուտի սեփականաշնորհումը նախարարի վերջնական նպատակն է, մենք չենք կարող: Փոխարենը հաստատապես կարող ենք ասել, որ պրն Ստամբոլցյանը նորից խախտում է օրենքները: Սեփականաշնորհման ենթակա հաստատություններում կադրային եւ կառուցվածքային փոփոխություններն արգելված են: Հետեւաբար, չէր կարելի տեղափոխել Պրոկտոլոգիայի ինստիտուտի կառուցվածքի մեջ Պլաստիկ վիրաբուժության սեփական կենտրոնը, ինչպես նաեւ կադրային տեղաշարժեր անել: Դա, մեղմ ասած, դուրս է գալիս օրենքի սահմաններից:

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031