Լրահոս
Օրվա լրահոսը

Չկայացած գործադուլի խրոնիկան

Հուլիս 22,1998 02:04
metro

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Քրիստոսի ծննդից հետո, 1998 թվականի հուլիսի 17-ին, ժամը 17.15, երբ Երեւանում օդի ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի 41 աստիճան էր, Երեւանի մետրոպոլիտենը կանգ առավ։ Ճիշտն ասած, առաջին հայացքից դա գլխի ընկնելն այնքան էլ հեշտ չէր։ Ոչ ոք ոչինչ չգիտեր եւ ոչինչ չէր հայտարարում։

Տողերիս հեղինակը, որը մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում կես ժամ ապարդյուն սպասում էր հերթական գնացքին, ի վերջո չդիմացավ եւ մոտեցավ հայտնի չէ՝ ոստիկանակա՞ն, թե՞ երկաթուղային համազգեստով մեկին եւ հարցրեց, թե ի՞նչն է պատճառը։ «Ուրեմն պատճառ կա, ապե», եղավ պատասխանը՝ ավելացնելով, թե «կարծեմ մեքենավարները գործադուլ են անում»։ Լուրը շատ արագ տարածվեց։ Եվ քանի որ վերեւում շոգ էր, ու մարդիկ առանձնապես չէին շտապում դուրս գալ մետրոյից, տեղում կազմակերպվեց հանպատրաստից քննարկում։ Հանրահավաքի (եթե հաշվի առնենք «կոնյակի գործով» վերջին հանրահավաքի մասնակիցների թիվը, ապա մետրոյինը կարելի է նույնիսկ մեծ հանրահավաք անվանել) մասնակիցները որոշեցին, որ մեքենավարների պահանջները միանգամայն արդարացի են (թեեւ հայտնի չէր, թե նրանք ինչ են պահանջում), բայց լավ կլիներ, որ նախօրոք իրենց հայտնեին։ 40-ական դրամները հետ պահանջելու առաջարկը մերժվեց, քանի որ դա լուրջ վնաս կհասցներ պետբյուջեին։ Հանրահավաքն անդրադարձավ նաեւ հանրապետությունում տիրող սոցիալ-տնտեսական խնդիրներին, ղարաբաղյան հարցի կարգավորման ընթացքին, կառավարության արհեստավարժությանը եւ այլն։ Արդյունքներն ամփոփեց կիրթ շարժուձեւով, քառասունն անց մի տղամարդ՝ հայտարարելով, թե հենց հիմա գնալու է տուն, սափրվի եւ քոչի Ռուսաստան։

Ի վերջո, մարդիկ դուրս եկան մետրոյից, մի քանի քաղցր խոսք ասացին հսկիչին եւ լցվեցին առաջին իսկ պատահած տրոլեյբուսը, որի վարորդը, նման անակնկալ երջանկությունից շլացած, մի քանի անգամ նստած տեղը ցատկոտեց եւ հայտարարեց, թե տրոլեյբուսի մեջտեղի եւ հետեւի դռները չեն աշխատում։ Իսկ հանրահավաքը տրոլեյբուսում տարերայնորեն էլի մի քիչ շարունակվեց եւ ի վերջո մարեց։

ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հ. Գ. Հետագայում մետրոպոլիտենի վարչությունից տեղեկացանք, որ իրականում ոչ մի գործադուլ էլ չի եղել։ Պարզապես փոքրիկ մի հրդեհ է բռնկվել, որն էլ ուղիղ 14 րոպեի ընթացքում մարվել է։ Այսպիսով, հանրահավաքը «փուստ է անցել»։ Եվ, այնուամենայնիվ, միջադեպը բավականին ուսանելի է։ Կարելի է, օրինակ, հետագա բոլոր հանրահավաքները կազմակերպել մետրոյում։ Նախ՝ հով է, երկրորդ՝ պետբյուջեն կհամալրվի, երրորդ՝ մետրոպոլիտենի սեփականաշնորհումը կբացառվի (դա կընկալվի որպես ժողովրդավարական ազատությունների սահմանափակում)։ Եվ, վերջապես, ամենակարեւորը՝ հանրահավաք կարող են անել միաժամանակ տասը կուսակցություններ։ Օրինակ՝ Ռուսաստան-Բելառուս դաշինքի կողմնակիցները՝ «Բարեկամությունում», կոմունիստները՝ «Գործարանայինում», ցեղապաշտները՝ «Գարեգին Նժդեհում», երկրապահները՝ «Զորավար Անդրանիկում» եւ այլն։ Այ թե որը կլինի ընդհատակյա ակտիվ գործունեությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031