Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԲԱԺԱԿ ՋՈՒՐ՝ ՓՈԹՈՐԻԿԻ ՀԱՄԱՐ

Հուլիս 29,1998 00:00
jur

Ջրի թեման այնքան ծեծված է ու հին, որքան ցանկացած կենցաղային թեմա աշխարհի այս հատվածում։ Հանրապետությունում բազմաթիվ թիվ մեկ խնդիրներ կան, իսկ ջուրն՝ առաջին հերթին։ Խմելու ջրի համակարգը վաղուց արդեն փտել ու քայքայվել է եւ լուրջ ներդրումներ են հարկավոր այս ոլորտում։ Եթե այսպես շարունակվի, շուտով մի բաժակ ջուրը շատ ավելի կարժենա, քան շատ «ընդմիշտ կոկա-կոլաները»։ Այս երկար-բարակ նախաբանը միայն մի նպատակ ունի, այն է՝ որոշ պաշտոնյաների, ովքեր, վստահ ենք, այս հրապարակումից հետո կընդվզեն, կբողոքեն ու կդժգոհեն, ասել, թե՝ մենք էլ գիտենք, թե ինչի մասին ենք խոսում։ Իսկ այժմ՝ բուն ակունքի մասին։

Լազոյի փողոց

Երեւանի Շենգավիթի տարածքի Լազո փողոցի թիվ 17 տան բնակչուհի Հասմիկ Սարգսյանը մի բողոք-նամակ էր բերել խմբագրություն։ Նամակի պատճենը նա ուղարկել էր Շենգավիթի «Ջրմուղ-կոյուղու» պետ Հովհաննիսյանին, Երեւանի քաղաքապետ Ս. Աբրահամյանին։ Խնդիրը, ինչպես կռահեցիք, առնչվում է ջրին։ Արդեն երկու տարի է, ինչ Լազո փողոցի թիվ 17 տունը եւ նրան կից մի քանի տներ (թիվ 19,15, 32, 34 եւ այլն), զրկված են ջրից։ Այս մասին, բնակիչների վկայությամբ, տեղյակ է Շենգավիթի «Ջրմուղ-կոյուղու» պետ պարոն Հովհաննիսյանը, որը բնակիչներին վստահեցնում է, թե աշխատանքներ են կատարվում վիճակը բարելավելու համար։ Աշխատանքի արդյունքներն այդպես էլ չեն երեւում։ Բնակիչների վերջին բողոքից հետո ե՛ւ պարոն Հովհաննիսյանը, ե՛ւ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ պարոն Եղիազարյանը խոստացել են, թե հարցը մի 10-15 օրից կլուծվի։ Սակայն, ինչպես պատահում է հաճախ, խոստումն այս մնացել է լոկ խոստում։

«Առավոտը»՝ ջրի հետեւից

Բնակիչների բողոքը հասավ նաեւ խմբագրություն։ Քանի որ սեփական մաշկի վրա մեզնից յուրաքանչյուրն զգում է, թե ի՞նչ է նշանակում ամառվա այս շոգ-կրակին ջուր չունենալը, որոշեցինք մի բան անել։ Իսկ այդ մի բանն անելը փորձեցինք սկսել պարոն Հովհաննիսյանի հետ զրույցից։ Վերջինիս հեռախոսահամարն այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին։ Հաջորդ քայլը եղավ՝ կապվել քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ պարոն Եղիազարյանի հետ։ Վերջինս չափազանց սիրալիր էր, ասաց, թե իրենք ծանոթ են խնդրին, քայլեր են ձեռնարկվում։ Որոշ ժամանակ անց փորձեցինք պարզել, թե ի՞նչ արվեց ի վերջո (քանի որ բնակիչները դեռեւս ջուր չունեն)։ Այս անգամ, պարոն Եղիազարյանը հետաքրքիր բաներ ասաց։ Օրինակ, ասաց, թե ճիշտ է, «ամենօրյա հսկողության տակ ենք վերցրել այդ հարցը, բայց մեծ սկանդալների մեջ ենք կատարողների հետ»։ Հետո էլ, ինձ խորհուրդ տվեց. «Եթե իսկապես ամեն ինչ ուզում եք անել, ուրեմն զանգեք «Ջրմուղ-կոյուղու» պետին՝ Գրիգորյանին եւ ոնց որ ինձնից եք պահանջում՝ նրանից պահանջեք»։

«Ըտենց բան չկա»

Թեպետ խորհուրդների հետեւից առանձնապես հակված չեմ գնալ, բայց ուրիշ ճար չկար։ Զանգահարեցի Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» տնտեսության ՊՁ տնօրեն պարոն Գրիգորյանին։ Վերջինս զարմանալիորեն շուտ բռնկվեց, ու իմ հարցին՝ տեղյա՞կ է Լազո փողոցի բնակիչների բողոքի մասին եւ ի՞նչ է ձեռնարկում, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Ըտենց բան չկա, եկեք ըսենց անենք, ի՞նչ բան է՝ ջուր չունեն, մի հատ պարզեք՝ ինչքա՞ն են ստանում եւ ինչքա՞ն են վճարում»։ Ապարդյուն փորձում էի հարցիս կոնկրետ պատասխանն ստանալ։ Իսկ պարոն Գրիգորյանը իր հերթին էր ինձ հարց տալիս։ Օրինակ, այսպիսի. «Ինչի՞ չեք հարցնում, թե քաղաքում քանի՞ շենք կա»։ Ստիպված հարցրի. «7200 շենք, փորձեք էդ 7200 շենքից վարձը հավաքել…»։ Հետո էլ «իմացա», որ պարոն Գրիգորյանը բնակիչներին ոչ միայն ջուր է տալիս (եթե տալիս է), այլեւ՝ կոյուղին է մաքրում։ Մի խոսքով, այդպես էլ ոչինչ չհստակեցվեց։ Այդպես էլ չիմացանք, թե ի՞նչ է արվում մարդկանց ջուր տալու համար։

Ջուրը հասավ պապակ Լազո

Հեռախոսային խոսակցությունից հետո «Ջրմուղ-կոյուղու» պետին ասացի, թե մենք գնում ենք «դեպքի վայր»։ Չգիտեմ՝ մեր այս լո՞ւրն էր պատճառը, թե՞ պատահականություն էր, սակայն փողոցի բնակիչներին առավոտյան (27 հուլիսի 1998 թ.) ջուր էին տվել։ Այդ օրը երեւի պետք է գրանցել Կարմիր գրքում։ Բնակիչները զարմանքով իրար ձայն էին տալիս՝ ջուրը տվեցին, ջուրը տվեցին։ Ու լցվում էին բոլոր հնարավոր ու անհնարին ամանները, տակառները, բաժակներն ու ափսեները։ Մարդիկ չգիտեին, թե մեկ էլ երբ «կբարեհաճեն» իրենց ջուր տալ եւ նախապատրաստվում էին անապատացման։

Բարոյական եւ այլ վնասներ

Մեզ մոտ մի տեսակ օրակարգից դուրս են այս թեմաները։ Փողոցի ծայրի մի քանի տներ ժամանակին աչքաբաց են եղել եւ իրենց ջուրը քաշել են հարեւան կաշվի գործարանից։ Փողոցի վերեւի մասում բարձրահարկ շենքեր են։ Սրանք էլ սնուցման այլ խողովակներ ունեն։ Իսկ արանքում մնացել են մի քանի տներ, հիմնականում բնակեցված հիվանդ, թոշակառու, ծեր մարդկանցով, որոնց ձայնը ոչ ոք լսել չի ուզում։ Ջրի վարձը մուծել-չմուծելու մասին խոսելն անգամ ծիծաղելի է։ Ինչի՞ համար վճարեն մարդիկ։ Իսկ Շենգավիթի «Ջրմուղ-կոյուղու» պետ պարոն Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս վերեւի օրուգիշեր հոսող ցայտաղբյուրից ջուր կրել։ Քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ պարոն Եղիազարյանը համոզում է, թե համակարգը հին է, մաշված, խախտված։ Ըմբռնումով մոտենալու մասին Մարդկանց ջուր է պետք։ Եվ այս պարագայում ըմբռնումը հարկավոր է որոշ պաշտոնատար անձանց։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031