Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՂՋՈՒՆԵԼԻ ՀԵՏԸՆԹԱՑԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 31,1998 00:00
hosanq

Վերջին շրջանում նորից շշուկներ կան, թե ավելացվելու է էլեկտրաէներգիայի սակագինը։ Ու քանի որ խնդրո առարկայով մտահոգ է նաեւ կուսակցություններից մեկը, հենց նրանց գրասենյակ էլ դիմեցինք։ Խոսքը ԳիԱրՔՄի-ի մասին է, որի խորհրդի նախագահն իրենց կուսակցությունը բնորոշեց իբրեւ տնտեսական ուղղվածության կազմակերպություն։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ կուսակցությունը նախագահական ընտրություններում սատարել է Ռոբերտ Քոչարյանին, ԳիԱրՔՄի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանի խոսքերով՝ իրենք պարզապես պարտավոր էին խորանալ կարգեւորագույն տնտեսական հիմնահարցերի մեջ։ Այս հիմքով է, որ կազմակերպությունը էներգետիկայի հանձնաժողովից ստացել է փաստաթղթեր, ուր ներկայացված են աղյուսակները, որոնցում ամփոփված տվյալների հիման վրա էլ գոյանում է էլեկտրաէներգիայի սակագինը։ Նույն փաստաթղթերում ներկայացված են նաեւ սակագների հաշվառման մեխանիզմները։

ԳիԱրՔՄի-ն այս տվյալները փորձաքննության է հանձնել փորձագիտական երեք տարբեր խմբերի։ Դրանք գործել են մեկը մյուսից անկախ եւ, Ալեքսանդր Աղամալյանի հավաստմամբ՝ համալրված են եղել բարձրակարգ մասնագետներով։ Վերջիններս, սակայն, ընտրվել են այն հիմքով, որ պետք է աշխատելիս չլինեն էներգետիկայի նախարարության որեւէ ստորաբաժանումում, որպեսզի որեւէ կախվածություն չունենան ու կարողանան անկախ գործունեություն ծավալել։ Փորձագիտական խմբերի առջեւ խնդիր է դրվել ստուգել էներգետիկայի հանձնաժողովից փոխանցված տվյալները, կարծիք հայտնել դրանց մասին կամ էլ ներկայացնել այլընտրանքային հաշվարկ։ Հատկանշական է, եւ դա Ա. Աղամալյանն առանձնակիորեն ընդգծեց, որ փորձագիտական երեք խումբն էլ առանձնացրել են նույն թերությունները։ Առաջին հերթին մատնանշվել է, որ հաշվարկները պետք է այլ հիմքով կատարվեին։ Ընդհանուր տեսակետ կա, թե չարդարացված բարձր են սահմանվել հաշվարկն ամբողջացնող թվի բաղադրիչները։ Առկա են մի շարք ուղղություններ, որոնցում փորձագիտական խմբերի տվյալները պարզապես համընկնում են։ Ըստ այդմ, բարձր են սահմանված էլեկտրաէներգիայի կորուստների նորմատիվները, իսկ դա տեսականորեն լուրջ հիմնավորում չունի։ Բարձր է սահմանված նաեւ էլեկտրակայանների շահույթի տոկոսը։ Սակագնի հաշվարկի մեջ մտցված են նաեւ այն կարճաժամկետ վարկային գումարները, որոնք հատկացվել են էներգահամակարգին։ Մինչդեռ դրանք սակագնի մեջ չպիտի ներառվեին, իսկ վարկերի սպասարկումը պետք է կատարվեր էներգետիկայի ոլորտում գոյացած ընդհանուր շահույթից։

Զրուցակիցս նշեց նաեւ, որ բարձր են սահմանված սեփական էլեկտրածախսերի համար հիդրոէլեկտրակայաններին հատկացվող էլեկտրաէներգիայի նորմատիվները եւս։ Թանկ են գնահատվել նաեւ վերանորոգման եւ ամորտիզացիայի ծախսերը։ Ալեքսանդր Աղամալյանն առանձնահատուկ շեշտադրեց, որ փորձագիտական խմբերից մեկն անգամ հետադարձ հաշվարկ է կատարել։ Հաշվարկն, իհարկե, բավականին պայմանական է, որովհետեւ իրականացվել է այն հիմքերի վրա, այն նորմատիվներով, որոնք այսօր գործում են։ Կան խնդիրներ նաեւ կազմակերպական հարցերում։ Ուռճացված են հաստիքացուցակները։ Անձնակազմերը չհիմնավորված մեծացված են, էլեկտրացանցը բաժանված է չորս մասի։ Դա արդարացված չէ եւ լրացուցիչ խնդիրներ է ստեղծում։ Եթե կազմակերպական հարցերը ճիշտ լուծվեն, ապա ըստ փորձագետների գնահատականների՝ էլեկտրաէներգիայի 1 կվտ-ը կարող է իջնել մինչեւ 17-18 դրամ։ Դա կարելի է անել կարճաժամկետ որոշ միջոցառումներով, իսկ երկարատեւ ծրագրեր իրականացնելուց հետո 1 կվտ էլեկտրաէներգիայի արժեքը կարող է հասնել 13,7-14 դրամի։ Ա. Աղամալյանը հարկ համարեց նշել, որ սա վերջնական տեսակետ չէ, դեռեւս փորձագիտական կարծիք է, եւ այդ հիմքով էլ էլեկտրաէներգիայի սակագների հարցն իրենք դիտարկում են իբրեւ վիճարկելի խնդիր։

Փորձագիտական խմբերի հետ բանավեճի է կանչվել էներգետիկայի հանձնաժողովը, եւ առաջարկվել է, որ դատավորի դերում հանդես գա նախագահի աշխատակազմը։ Առաջին քննարկումը տեղի է ունեցել ՍԻՄ-ում։ Մասնակցել են բազմաթիվ կուսակցությունների, էներգետիկայի ինստիտուտի, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ էներգետիկայի հանձնաժողովի փոխնախագահը։ Բանավեճը տեւել է 5 ժամ։ Ի վերջո իրենք համոզվել են, որ, համենայնդեպս, սխալ չեն փորձագետների հիմնավորումները։ Իհարկե, մնացել են նաեւ վիճահարույց հարցեր, սակայն տվյալները վերջնական ստուգման ենթարկելու պայմանավորվածություն արդեն իսկ ձեռք է բերված։ Մոտ օրերս էներգետիկայի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ կկազմակերպվի զուտ մասնագիտական զրույց, որը կընթանա առանց քաղաքական շահարկումների։ Մասնագետները կփորձեն միմյանց համոզել սեփական տվյալների ճշմարտացիության մեջ։ Եթե տեսականորեն հաստատվեն փորձագիտական տվյալները, եւ դրանից հետո այլ խոչընդոտներ առաջանան սակագների իջեցման ճանապարհին, ապա ԳիԱրՔՄի-ն կգնա հանրության հետ աշխատելու ճանապարհով, դրանով իսկ ապահովելով ոչ միայն սակագնի սառեցումը ներկա մակարդակում, այլեւ՝ դրա իջեցումը։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031