Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՌԻՐ ՎԵՐԵՎ, ԻՋԻՐ ՑԱԾ, ԲՅՈՒՋԵԴ ՄՆԱ ԶԱՐՄԱՑԱԾ

Հոկտեմբեր 09,1998 00:00
aviauxi

«Հայկական ավիաուղիների» սեփականաշնորհման հարցը (ի թիվս սեփականաշնորհման ենթակա այլ «օբյեկտների») ԱԺ նոր ընտրություններից առաջ պատգամավորներին մղեց հայրենասիրական պոռթկումների ու բոցաշունչ ելույթների։ Չենք կարծում, որ ԱԺ ամբիոնից հնչած ելույթներն ազդվեցին, որ կառավարությունը համաձայնեց առժամանակ սեփականաշնորհվող օբյեկտների ցուցակից հանել «Հայկական ավիաուղիները» (ՀԱՈՒ)։

Պարզապես, ՀԱՈՒ-ն աշխատում է վնասով (մինուս 5 միլիոն), գործարքների օրինականությունն ու շահավետությունը կասկածներ են հարուցում եւ, ամենակարեւորը, դեռեւս խելքը գլխին ոչ մեկը չի համաձայնել այս վիճակով դառնալ Ավիաուղիների սեփականատերը։ Պետությունը պատրաստ է իր վրա վերցնել ՀԱՈՒ-ի առողջացման ծրագիրը, որն, ըստ մասնագետների հաշվարկների, կարժենա ավելի քան 50 մլն դոլար։ Իսկ թե որքանով է տրամաբանական եւ ձեռնտու այդքան գումար ծախսել, առողջացնել ու որպես սեփականություն հանձնել օտար սեփականատիրոջը, ոչ մի կերպ չեն կարողանում պատկերացնել ԱԺ-ում։

Կարճ եւ անորոշ

«Հայկական ավիաուղիների» նորընծա տնօրեն Վյաչեսլավ Յարալովի հետ մի քանի հարցեր ճշտելու փորձս երեկ հաջողությամբ չպսակվեց. նրա քարտուղարուհին բավական չոր որոշեց, որ ինձ հետ զրուցել Յարալովը գուցե համաձայնի, բայց թերեւս այսօր, որ նա էլ մարդ է եւ նրա օրը շատ խիտ է։ Այնպես որ, ներկայացնում եմ ձեռքիս տակ եղած նյութերը (իմ օրն էլ նոսր չէ)։ 1997 թ. հունիսին «Արաքս» ավիաընկերության ամենաեկամտաբեր 5 չվերթները հանձնվեցին ՀԱՈՒ-ին։ Անգամ այս դեպքում տարեվերջի արդյունքներով Ավիաուղիների շահույթը նվազեց եւ կազմեց 6 մլն դոլար։ «Արաքս» ընկերությունը, բնականաբար, կազմալուծվեց՝ իր 10 մլն դոլարի ներդրումներով։ Կարպիս Թիթիզյանի տնօրինած «Լեւոն Թրեւըլի» եւ «Հայկական ավիաուղիների» միջեւ ապրիլին կնքված պայմանագրով Թիթիզյանին տրված են 400 դոլարով Ամստերդամի, Փարիզի, Ֆրանկֆուրտի, Լոնդոնի երկկողմանի տոմսեր։ Իսկ տոմսի ինքնարժեքը 500 դոլար է։ Թիթիզյանն այդ տոմսերն Ամերիկայում վաճառում է կրկնակի գնով եւ, ինչպես տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Շահեն Պետրոսյանը, «ամեն տոմսից 300 դոլար դնում է իր գրպանը»։

«Էյրբաս» ավիաընկերությունից 98 թ. հուլիսին «Հայկական ավիաուղիները» վարձակալել է «A-310» օդանավը, որն ապահովագրված է տարեկան 420 հազար դոլարով (98 թ. հուլիսի 1-ից մինչեւ 99 թ. հունիսի 31-ը)։ Եվ սա այն դեպքում, երբ 96 թվականին «Հայկական ավիաուղիների» 14 օդանավերն ապահովագրված էին ընդամենը 888 հազար դոլարով։ Երրորդ անձանց նկատմամբ ծածկույթի գին է ընդունվել 650 մլն դոլարը (այսինքն՝ եթե Աստված չանի օդանավն ընկնի ինչ-որ երրորդ երկրի վրա, ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի այսքան գումար, գումարած նաեւ զոհերի հարազատներին տրվելիք փոխհատուցումը)։ «Հայկական ավիաուղիները» Ռուսաստանի հետ պայմանագրերը կնքել է դոլարով, իսկ ըստ ՀԱՈՒ-ի տվյալների՝ ՌԴ ֆինանսական ճգնաժամն ավիաընկերությանը հասցրել է 500 հազար դոլարի վնաս։

Ավիաընկերության ներկայացրած ծախսերի թիվը եւս կասկածելի է. սեպտեմբերին արած ծախսերը հաշվարկվել են 6 մլն 322 հազար դոլար։ Իսկ սպասվելիք հասույթը միայն 6 մլն 100 հազար է։ 96 թվականին ՀԱՈՒ-ն ունեցել է 10 մլն դոլարի շահույթ, 97-ին՝ 6 մլն-ի, իսկ 98-ին ընկերությունն արդեն աշխատում է վնասով (ֆինանսական ճեղքվածքը 5 մլն դոլար է)։ «Էյրբասի» ծախսերն ամսական գնահատված է 624 հազար դոլար, սակայն վարձակալության վճարը, ըստ հաշվարկների, 235 հազար դոլար է, մյուս ծախսերը՝ 325 հազար դոլար (այս թվերը նշված են ավիաընկերության պաշտոնական փաստաթղթերում)։ Գումարելով բերված թվերը՝ ստանում ենք 560 հազար դոլար։ Բնական հարց է ծագում, թե ո՞ւր է գնում մնացած 64 հազար դոլարը։

Ընդ որում, ինքնաթիռի կամ շինությունների ապահովագրությունը մեզ մոտ հիմնականում փողեր աշխատելու կամ լվանալու միջոց է, քանի որ արտասահմանյան ապահովագրական ընկերությունները գաղտնի են պահում ապահովագրական գումարը։ Իսկ մերոնց ազնվությանը կասկածելու բավարար հիմքեր, կարծում ենք, կան։ Ինչ վերաբերում է Երեւան-Դելի չվերթին, ապա ներկայացված է, որ 13 ցիկլով տեղափոխվել է 15 հազար 430 ուղեւոր։ Ըստ Շահեն Պետրոսյանի՝ սա բացահայտ սուտ թիվ է, որը նպատակ ունի արդարացնելու «Դելիի ավանտյուրան»։ Երեւան-Դելի-Երեւան-Լոնդոն չվերթերի իրականացման հետեւանքով ավիաընկերության վնասները 98 թվականի սեպտեմբերի 1-ի տվյալներով կազմել են մոտ 4 մլն դոլար։

Երկար ու անորոշ

97 թվականի դեկտեմբերի 23-ին «Զվարթնոց» օդանավակայանի տնօրինությունն ու STV Inc./strategic Partners (Holdings) Limited-ի մասնաճյուղի միջեւ կնքվել է պայմանագիր։ Վերջինս նպատակ ուներ 25 տարով վարձակալել «Զվարթնոցը» (70 տոկոս եկամուտն՝ իրեն, 30 տոկոսը՝ «Զվարթնոցին», պայմանով)։ Ընկերությունը պարտավորվել էր 25 մլն դոլարի ներդրում անել… 25 տարվա ընթացքում։ Ըստ մասնագետների՝ «Զվարթնոցը» կարելի է աշխատեցնել տարեկան 2 մլն դոլար շահույթով, որից 1 մլն դոլարը, այսպես ասած, «ծախսել» ներդրում անելու վրա։

Առողջացրու, որ առողջանաս

«Հայկական ավիաուղիների» վրա ծախսվելիք գումարներն այս տարվա բյուջեում նախատեսված չէին։ Այնպես որ, այդ ծրագրի իրականացումը թերեւս կսկսվի հաջորդ տարվանից։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031