«Ցավոք սրտի, ամեն ինչ «ռուսների գրպանը գցելու» հանգամանքը ներքաղաքական դաշտում՝ իշխանությունը պահելու կոնտեքստում, դեռևս աշխատում է, թեև դրա մեջ որոշակի օբյեկտիվ տարրեր էլ կան»․ «Առավոտի» զրուցակիցն է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը։
–«Մենք վաղուց ի վեր մեր մասնակցությունն այդ կառույցի աշխատանքներին դադարեցրել ենք, մեր անդամակցությունը սառեցրել ենք, և, եթե այդ կառույցի մյուս անդամները կամ գլխավոր քարտուղարությունը մեկնաբանություններ են անում, իզուր, մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում»,- հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությանը, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից։ Սա հայկական դիվանագիտության նուրբ արվե՞ստն է, թե՞ ամեն ինչ «ռուսների գրպանը գցելու» շարքի շարունակությունը։ Ի՞նչ մեկնաբանություններ ունեք։
-Արարատ Միրզոյանի վերջին հայտարարությունը՝ ուղղված ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, հերթական անգամ ընդգծեց Երևանի և Մոսկվայի, ինչպես նաև ՀԱՊԿ-ի միջև խորացող ճգնաժամը: Դժվար է վերջին տարիների հայկական դիվանագիտությունն անվանել «նուրբ», քանի որ դառը փորձը հուշում է, որ մեր ժողովուրդը այդ «նրբության» կամ դրա բացակայության արդյունքում շատ դեպքերում բավականին ծանր գին է վճարում: Արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերն ու կոշտ հռետորաբանությունը, առանց անվտանգային հստակ այլընտրանքների ձևավորման, կարող է երկիրը կանգնեցնել լուրջ մարտահրավերների առջև:
Ցավոք սրտի, ամեն ինչ «ռուսների գրպանը գցելու» հանգամանքը ներքաղաքական դաշտում՝ իշխանությունը պահելու կոնտեքստում, դեռևս աշխատում է, թեև դրա մեջ որոշակի օբյեկտիվ տարրեր էլ կան:
Կարդացեք նաև
Մենք գիտենք, թե որքան արագ կարող են փոխվել ՀՀ իշխանության շեշտադրումները՝ ելնելով իշխանությունը պահելու անհրաժեշտությունից: Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահելու լուրջ խնդիր ուներ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում էր, որ Փաշինյանը դավաճան չէ: Հիշարժան է, թե ինչպես էին Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ ներկայացուցիչներ Պուտինի այդ հայտարարությունը իրենց ֆեյսբուքյան էջերով հպարտորեն տարածում՝ դա ներկայացնելով որպես լեգիտիմության և վստահության կարևոր ապացույց:
Ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններում, ամեն դեպքում, դժվար է պնդել, որ ՀԱՊԿ-ից վերջնականապես դուրս գալը այս պահին լավագույն և անհրաժեշտ տարբերակն է Հայաստանի համար: Թեև կառույցի արդյունավետությունն ու հավատարմությունը դաշնակցային պարտավորություններին խիստ հարցականի տակ են, դե յուրե դուրս գալը՝ առանց անվտանգության երաշխիքների իրական և գործուն համակարգի, կարող է առաջացնել անվտանգային վակուում:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարիք ունի ոչ թե էմոցիոնալ, այլ հաշվարկված, իրատեսական և հավասարակշռված դիվանագիտության: ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների «սառեցումը» կամ հնարավոր դուրս գալը պետք է լինի ոչ թե քաղաքական դեմարշ կամ պատասխանատվությունը տեղափոխելու միջոց, այլ պետական շահերի, ռազմավարական անվտանգության և հնարավոր հետևանքների խորը վերլուծության արդյունք։ Այդպիսի վերլուծություններ մինչ այս պահը դեռ չկան։
-Փաստորեն, Հայաստանը ՀԱՊԿ-ում արդեն ֆորմալ առումով էլ կարելի է ասել՝ չկա։ ՆԱՏՕ-ի հետ մեր առնչություններն էլ բավական ընթացակարգային եւ իրավիճակային են․ ստացվում է, Հայաստանը որեւէ անվտանգային համակարգում չկա, այն պարագայում, երբ տարածաշրջանը, աշխարհը փաստացի պատերազմի մեջ են։ Ավելին, վերջին տասնամյակի զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանն անգամ որեւէ դաշնակից չունի, հարեւան Ադրբեջանի հետ խաղաղությունն էլ այդ երկրի ղեկավարի ազնիվ խոսքի վրա է միայն, ինչը՝ դատելով նրա ամենօրյա պահանջատիրական հայտարարություններից, ամուր չէ։
-Փաստացի, Հայաստանն այսօր հայտնվել է մի իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ում ֆորմալ առումով դադարել է գործուն մասնակցություն ունենալ, իսկ անվտանգային որևէ այլընտրանքային համակարգ դեռևս ձևավորված չէ: Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններում բազմիցս պնդել է, որ Հայաստանը չպետք է հանդիսանա որևէ ռազմական կառույցի անդամ, դաշինքների մաս կազմի: Այսօր ականատեսն ենք դառնում, թե ինչպես է այդ պահանջը կամաց-կամաց իրականություն դառնում, մինչդեռ ՀՀ իշխանությունը տարբեր քաղաքական «փաթեթավորումներով» այն փորձում է ներկայացնել որպես սեփական ինքնիշխան նախաձեռնություն և դիվանագիտական քայլ՝ առանց երկրի համար կոնկրետ, գործուն և իրական անվտանգային այլընտրանքներ ստեղծելու:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին, ապա Հայաստանը տարբեր տարիներին էլ ունեցել է որոշակի համագործակցություն, մասնակցել խաղաղապահ առաքելությունների և անհատական գործընկերության ծրագրերի: Սակայն ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրողություններում և տարածաշրջանային պատերազմների ֆոնին, այդօրինակ իրավիճակային առնչությունները բավարար չեն: Դրանք չեն կարող դիտարկվել որպես փոխօգնության հստակ պարտավորություններ պարունակող գործող անվտանգային մեխանիզմների իրական այլընտրանք կամ երաշխիք:
Տասը տարի առաջ նույնիսկ ներկայիս իշխանությունները չէին էլ կարող պատկերացնել, որ մեր պետության հետ կարող էին տեղի ունենալ այս կարգի ողբերգական և աղետալի դեպքեր՝ Արցախի ամբողջական ու վերջնական հայաթափումից մինչև ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիա: Ավելին, անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ամենավարդագույն երազներում չէր կարող տեսնել ու պատկերացնել, որ կգա մի օր, երբ նա այսօրինակ հսկայական հաջողություններ կգրանցի, կկոտրի տարածաշրջանային հավասարակշռությունը և կհասնի Արցախի լիակատար հայաթափմանը:
Այո, այսօր հայտարարվող «խաղաղության օրակարգը» և դրա շուրջ սպասումները մեծապես հիմնված են հարևան երկրի ղեկավարի խոստումների վրա, ինչը, հաշվի առնելով նրա ամենօրյա պահանջատիրական հայտարարությունները, որևէ կերպ ամուր հիմքեր չունի: Դաշնակցային պարտավորությունների բացակայության, ՀԱՊԿ-ից դե ֆակտո դուրս գալու և Արևմուտքից անվտանգային հստակ երաշխիքներ չստանալու պայմաններում, Հայաստանի խոցելիության մակարդակը էլ ավելի կմեծանա։
Առնվազն այս տարիների դառը փորձն ու կորուստները պետք է բավարար լինեն, որպեսզի վերջապես դուրս գանք իլյուզիաների դաշտից, իրատեսորեն գնահատենք սպառնալիքները և պատրաստ լինենք ապագա հնարավոր մարտահրավերներին:
-Ադրբեջանում հիջաբի շուրջ առաջացած լարվածությունը որքանո՞վ եք գնահատում որպես զուտ կրոնական կամ սոցիալական խնդիր, որքանո՞վ՝ իշխանության ու հասարակության հարաբերություններում կուտակված ներքին դժգոհության արտահայտություն։ Իսկ արտաքին ազդեցության գործոնը որքա՞ն եք գնահատում։ Կարո՞ղ է այդ ներքաղաքական լարվածությունը ինչ-որ պահի ազդել Հայաստանի հետ հարաբերությունների կամ Ադրբեջանի ռազմական օրակարգի վրա։
-Ադրբեջանում հիջաբի շուրջ վերջին շրջանում ծավալված լարվածությունը առաջին հայացքից կրոնական կամ սոցիալական բնույթ են կրում։ Միանշանակ է, որ Ադրբեջանում առկա է ներքին սոցիալական դժգոհության աճ, ինչն էլ ստեղծում է պարարտ հող տարբեր ուժերի համար։
Սակայն դժգոհության աճի համատեքստում ակտիվորեն նկատվում է արտաքին ուժերի, մասնավորապես՝ Թուրքիայի ներգրավվածությունը, որը փորձում է օգտագործել ստեղծված իրավիճակն ու բողոքի ալիք գեներացնել։ Անկարայի նպատակն է Իլհամ Ալիևին ցույց տալ, որ նա առնվազն որոշակիորեն պարտական է Էրդողանին Արցախյան հարցում արձանագրած հաջողությունների և ռազմաքաղաքական աջակցության համար, ինչը Բաքուն փորձում է ներկայացնել որպես բացառապես սեփական ձեռքբերում։
Չնայած Բաքու-Անկարա առանցքում առկա այս տարաձայնություններին, կարծել, թե լարվածությունը կարող է հասնել այնպիսի մակարդակի, որ կողմերը որոշեն չեղարկել «Շուշիի հռչակագիրը» կամ խզել ռազմավարական դաշինքը, այս պահին իրատեսական չէ։
Այս ամբողջ համատեքստում չափազանց ուշագրավ է նաև Ադրբեջանի հոգևոր առաջնորդի (Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշյոքյուր Փաշազադեի) պահվածքը։ Նա, ով բաց չէր թողնում որևէ առիթ և պարբերաբար անհիմն ու անհասկանալի մեղադրանքներ էր հնչեցնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին, սեփական հասարակությանը հուզող կրոնական-սոցիալական այս զգայուն հարցում դրսևորում է մաքսիմալ պասիվություն ու լռություն։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի հոգևոր դասն ամբողջությամբ ուղղորդվում է պաշտոնական Բաքվի կողմից, և կրոնական խոսույթն օգտագործվում է բացառապես պետական-քաղաքական պատվերների ու արտաքին քարոզչության շրջանակներում։
– Եթե Ադրբեջանի իշխանությունը ներքաղաքական ճնշման կամ դժգոհության աճի առաջ կանգնի, արդյո՞ք Հայաստանի ուղղությունը կարող է կրկին օգտագործվել որպես հասարակությանը համախմբելու կամ ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու գործիք։
-Ադրբեջանի իշխանությունների համար «արտաքին թշնամու» կերպարն ու Հայաստանի հետ հարաբերություններում լարվածության պահպանումը ավանդաբար ծառայել են որպես ներքին լեգիտիմության ապահովման և հասարակական դժգոհությունները շեղելու հիմնական գործիք։ Եթե Ադրբեջանում ներքաղաքական ճնշումը կամ սոցիալական ընդվզումը հասնեն այնպիսի կրիտիկական աստիճանի, որն ուղղակի սպառնալիք կներկայացնի Իլհամ Ալիևի իշխանության պահպանմանը, ապա միանշանակ է, որ նա կգնա այդ քային։ Նման իրավիճակում Բաքուն առանց վարանելու կստեղծի այս կամ այն սահմանային պատրվակը՝ հասարակությանը կրկին «ազգային սպառնալիքի» շուրջ համախմբելու և ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։
Այդուհանդերձ, ներկայումս իրավիճակի նման կտրուկ զարգացման համար անհրաժեշտ նախադրյալները բացակայում են, և վտանգն այս պահին այդքան մեծ չէ։ Չնայած Ադրբեջանում սոցիալական ու կրոնական դժգոհության ակնհայտ աճին, ալիևյան ռեժիմը դեռևս լիովին վերահսկում է ուժային համակարգը և տեղեկատվական դաշտը։ Ներքին ընդդիմադիր կամ բողոքական ալիքը դեռևս չի հասել այնպիսի ծավալների, որը ստիպի Բաքվին գնալ ռազմական էսկալացիայի, ուստի կարճաժամկետ հատվածում էսկալացիայի հավանականությունը մնում է համեմատաբար ցածր։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
30.10.2026



















































