Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋ ԴԵՊԻ… ՖԵՄԻՆԻԶՄ

Դեկտեմբեր 12,1998 00:00
kin

Ինչո՞վ է տարբերվում սիրահարված կինը պարզապես կնոջից։ Ոչ միայն դեմքից երբեք չհեռացող անիմաստ ու հիմար ժպիտով, կամ ընդհակառակը՝ անքուն գիշերների ընթացքում թրջած բարձերի քանակով։ Դրանք դեռ չարյաց փոքրագույնն են։ Ամենակարեւոր տարբերությունը «քամելեոնի սինդրոմն» է, որով տառապում են գրեթե բոլոր սիրահարված կանայք, ընդ որում՝ միայն կանայք («քամելեոն» տղամարդիկ բնության մեջ գրեթե չեն նկատվել)։

Երազների կինը

Սիրած տղամարդու «երազների կինը» դառնալու ցանկությունը ստիպում է կնոջը դիմել տարաբնույթ փոխակերպումների։ Այս միտումը ոչ միայն գովելի չէ, այլեւ տագնապ է հարուցում։ Հաճախ փոխակերպումը կատարվում է ակամայից։ Շատ խոսքեր, որ պիտի ասվեին եւ գործողություններ, որ պիտի արվեին, մնում են կես ճանապարհին՝ «հանկարծ նա չհիասթափվի» ենթագիտակցական արգելակման պատճառով։ Ճիշտ նույն պատճառաբանությունը ստիպում է անել քայլեր, որոնք նորմալ առողջական վիճակում (չսիրահարված ժամանակ) անգամ մահվան սպառնալիքի տակ չէին արվի։

Երբեմն էլ փոխակերպումը լրիվ գիտակցված է տեղի ունենում, սեփական կամքով։ Ֆուտբոլի խաղերը, որ հեռուստացույցի առջեւ, կամ, որ ավելի անտանելի է՝ մարզադաշտում, խցանված ականջներով նստած դիտում եք, կամ մենեջմենթի ու բիզնեսի դասընթացները, որոնց հաճախելու համար պատրաստ եք թեթեւացնել սիրելի հայրիկի (կամ, որ ավելի ահավոր է՝ ձեր սեփական) գրպանները, ինչ է թե՝ նրա երազների կինը բիզնեսի աշխարհում իրեն պիտի զգա առնվազն այնպես, ինչպես Արշակ Սադոյանը՝ ԱԺ-ում (դե՜ լավ, թող լինի՝ ձուկը ջրում), ըստ ձեզ պիտի ամրապնդեն ձեր միությունն ու փոխհարաբերություններում ներդաշնակություն մտցնեն։ Սկզբում հենց այդպես էլ լինում է՝ անընդհատ միասին եք, տարված եք նրա բոլոր հետաքրքրություններով։ Պատրաստ եք լինել բնորդուհի (եթե նա նկարիչ է), նվագակցող դաշնակահարուհի (եթե նա ջութակահար է), մեքենագրուհի (եթե նա գրող է), ավտոմեքենա լվացող (եթե նա վարորդ է), եւ այս ամենի հետ մեկտեղ պատրաստ եք միաժամանակ լինել ե՛ւ խոհարարուհի, ե՛ւ լվացարարուհի, ե՛ւ մատուցողուհի, ե՛ւ հավաքարարուհի (բոլոր դեպքերում, անկախ այն բանից՝ ո՞վ եւ ինչացո՞ւ է նա, եւ անկախ այն բանից՝ արժանի՞ է նա ձեր զոհողությունների թեկուզ 10 տոկոսին)։ Անցնում է ինքնանվիրումի եւ երկրպագման՝ «Սիրո աչքերը կույր են» նշանաբանով ժամանակաշրջանը, եւ ապրում եք դառն ու խոր հիասթափություն՝ այս ողջ ընթացքում դուք կարող էիք ապրել ձեր սեփական, լիարժեք կյանքով եւ ոչ թե՝ նրա։

Չկորցնելով սեփական եսը

Հրաժարվելով ձեր նախկին սովորույթներից, հակումներից, շրջապատից, ընկերներից ու փոխառնելով նրա սովորույթները, հակումները, խցկվելով նրա շրջապատը, դուք կորցնում եք ձեր «ես»-ի մի մասը։ Այդ ամենի հետ, դառնում եք ավելի պահանջկոտ նրա նկատմամբ՝ ես այսքան բան զոհեցի հանուն քեզ, հիմա էլ դո՛ւ պիտի քո ժամանակի, հետաքրքրությունների մեծ մասն ինձ տրամադրես։ Եվ եթե սիրահարված կինը «հանուն»-ի դրոշի ներքո պատրաստ է անգամ դավանափոխության, ապա ոչ մի տղամարդ պատրաստ չէ սիրել որեւէ կնոջ՝ սեփական «ես»-ից ամենափոքր մասնիկն իսկ կորցնելու գնով։

Սիրած տղամարդու ցանկություններին համապատասխան փոխվելն ու նրանից էլ նույնը պահանջելը թվում է արդարացի է։ Սակայն զգո՜ւյշ, քո սպասելիքները երբեք չեն իրականանա, քանզի տղամարդն ընդունակ է փոխել իր վերաբերմունքը քո նկատմամբ, ձեր հարաբերությունների որակը, սակայն ոչ մի դեպքում՝ ինքն իրեն։ Այդ դեպքում ինչի՞ համար դավաճանել ինքդ քեզ, քո «ես»-ին՝ հանուն որեւէ տղամարդու։ Առավել եւս, որ ի սկզբանե նրան դո՛ւ ես դուր եկել, եւ ոչ թե այն կինը, որ փորձում ես դառնալ։ Ամեն գնով նրա երազածը դառնալու, նրան չհիասթափեցնելու ցանկությունը մեծ սիրուց չէ, ինչպես փորձում են իրենք իրենց խաբել «քամելեոն»-կանայք, այլ ընդամենը՝ ինքնավստահության պակասով է թելադրված։

Ամուր թիկունք

Ցանկացած կին երազում է կողքին ունենալ մի «ամուր թիկունք», որի գոյությունը ապահովություն է ենթադրում։ Սակայն տղամարդու մեջ փնտրել սեփական հանգստության, անվտանգության հիմքը՝ սխալ է, քանզի մարդկային հարաբերությունները փոփոխվող, զարգացող, շարժուն երեւույթ է, իսկ անվտանգությունը, ապահովությունը նախեւառաջ կայունություն է պահանջում։ Այդ իսկ պատճառով սեփական ապահովությունն ու հանգստությունը պետք է կերտել ինքնուրույն։ Երեկվա սիրող, նվիրված տղամարդը, որ քեզ ոչ մի քայլ թույլ չէր տա անել առանց իրեն, ուղեկցում էր ամենուր, այսօր գուցե չնկատի էլ քո բացակայությունը (եւ որ ավելի սարսափելի է՝ ներկայությունդ)։ Հասեք հոգեկան հանդարտության, վստահեք ձեզ եւ ձեր ուժերին, իսկ դրա համար պետք է աշխատել, ինքնադաստիարակվել։

Նախեւառաջ, հիշեք ամենակարեւորը՝ դուք միակն եք ու անկրկնելին։ Եղեք միշտ բարեհամբույր ու ինքնավստահ։ Երկչոտ, խուճապահար մարդիկ, ովքեր չգիտեն որտեղ թաքցնեն ձեռքերը, որտեղ՝ աչքերը, վստահություն չեն ներշնչում, եւ հակառակը՝ իր հարգն իմացող, մշտաժպիտ ու ինքնավստահ մարդու նկատմամբ միշտ համակրանք է ծնվում։ Ձեր կյանքը ձեր ձեռքերում է, եւ դուք պիտի տնօրինեք։ Աշխատեք ապրել այնպես, ինչպես դուք եք ճիշտ գտնում, ձեր ցանկությամբ։ Դուք չպետք է կախված լինեք ձեր ընտրյալի վերաբերմունքից կամ գործերից, չէ՞ որ նա հաստատ ձեզնից կախման մեջ չէ։

Սիրահարված կինը չափից դուրս զգայուն է։ Մի թույլ տվեք նվաստացնել կամ վիրավորել ձեզ։ Եթե սովորեք ամեն ինչ «կուլ տալու» թվացյալ ճիշտ ճանապարհը, համոզված եղեք՝ հեռու չէ այն օրը, երբ ցավով ու տառապանքով կզգաք, որ այլեւս չեք հարգում ինքներդ ձեզ, իսկ քանի դեռ դուք չեք սովորել հարգել ձեզ, ոչ ոք չի հարգի։

Այլընտրանք միշտ կա

Միշտ պահպանեք կարեւորագույն պայման՝ ոչ ոքի թույլ մի տվեք ձեզ փակուղու առջեւ կանգնեցնել։ Այլընտրանք միշտ պետք է ունենաք։ Որոշումներն ընդունեք այնպես, որ երբեք առիթ չունենաք փաստելու. «Ես այլ ելք չունեմ»։ Նույնիսկ ամենախելահեղ սիրո դեպքում մի մոռացեք ձեր հին ընկեր-ընկերուհիներին, ժամանակ գտեք նրանց համար։ Անխուսափելի է այն օրը, երբ ձեր սիրեցյալի հետ ժամանակավոր (կամ ցավոք՝ ընդմիշտ) բաժանման դեպքում մի սրտակից ընկերոջ կարիքը կզգաք, թեկուզ մի փոքր զրուցելու կամ ուղղակի սրճելու համար։ Նույնիսկ ամենալավ, սիրելի, անթերի ձեր «միակը» չի կարող միայնակ լցնել այն ողջ բացը, որ կազատվի ձեր կյանքում եւ սրտում՝ նախկին շրջապատից կտրվելու դեպքում։

Ի դեպ, կարծում եմ, ոչ միայն կանայք, այլեւ շատ ու շատ տղամարդիկ կհամաձայնվեն այն մտքին, որ կինն իրավունք ունի ունենալ ընկերներ (հակառակ սեռի ներկայացուցիչ), որոնց հետ կարող է ուղղակի հանդիպել, զրուցել, զբոսնել, բամբասել… Իհարկե, շատ հարմար կլինի (ոչ թե կնոջ, այլ նրա զուգընկերոջ համար), որ այդ ընկերները կամ շատ տգեղ լինեն, կամ շատ հիմար, կամ նվիրված ամուսիններ ուրիշի, բայց… Ընկերների թեման շարունակելով, պետք է խնդրեմ ձեզ, սիրելի կանայք, չփորձել կանգնել ձեր ընտրյալի եւ նրա ընկերների միջեւ։ Դա շատ անշնորհակալ եւ անհաջողության դատապարտված աշխատանք է։ Առավել հարմար է նրա ընկերներին դարձնել նաեւ ձեր ընկերները։ Նրա ընկերների եւ առավել եւս հարազատների նկատմամբ ձեր անբարյացակամ վերաբերմունքը կուղղվի ձեր դեմ։ Վերջիվերջո, չընդունելով նրա ընկեր-բարեկամներին, դուք ինչ-որ առումով չեք ընդունում նաեւ նրան։ Սակայն, դա չի նշանակում, որ մերվելով նրա շրջապատին, դուք պարտավոր եք մի կողմ թողնել ձերը կամ թույլ տալ, որ նա դժկամություն ցուցաբերի ձեր հարազատների, ընկերների հանդեպ։

Միով բանիվ, սիրելի կանայք, հիշեք կարեւորագույն եւ կյանքի փորձով բազմիցս արժեւորված մի խորհուրդ. «Սիրեք, բայց մի նվիրվեք»։ Կարծում եմ, սրանով ամեն ինչ է ասվում…

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031