Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին հինգ տարիների ընթացքում Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում հաշվառվածների թիվն աճել է 6,3 %-ով։ Ցավոք, դրանց մեջ աճում է կանանց թիվը՝ մոտ 8 %». թմրաբան Գայանե Վարդազարյան

Հունիս 26,2026 20:45 Share

Թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվա առիթով «Արմենպրես» լրատվական գործակալության հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենի բուժական գծով տեղակալ Գայանե Վարդազարյանը նշեց, որ թմրամիջոցների գործածման և չարաշահման դեմ պայքարն իրենց ամենօրյա աշխատանքն է և կարծում է, որ այդ աշխատանքը կատարում են պատվով։

«Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը հանրապետության բոլոր թմրաբանական ծառայություններ մատուցող բժշկական կենտրոններին և կաբինետներին՝ նարկոլոգներին, ցուցաբերում է կազմակերպչական, մեթոդական օգնություն։ Յուրաքանչյուր տարեվերջին մեզ մոտ հանրապետությունից հավաքվում է պաշտոնական հաշվետվությունը, որը ներկայացվում է առողջապահության նախարարությանը։

Ուզում եմ ներկայացնել վերջին հինգ տարիների թվերը։ Միտումը, իհարկե, աճն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում հաշվառվածների թիվն աճել է 6,3 %-ով։ Եվ, ցավոք սրտի, դրանց մեջ աճում է կանանց թիվը՝ մոտ 8 %-ով։ Եվ հաշվառված ունենք անչափահասներ։ Թիվը չի աճում, բայց ամեն տարվա կտրվածքով ունենում ենք 6, 9, 7, 8 հաշվառված անչափահասներ, ինչը, կարծում եմ, մեր հասարակության համար շատ լուրջ մարտահրավեր է։

Այս տարիների ընթացքում մեզ մոտ հիվանդանոցային և արտահիվանդանոցային կարգով բուժում են ստացել 1000-ից ավելի քաղաքացիներ։ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի բոլոր քաղաքացիները, որոնք ունեն թմրամիջոցների գործածման կամ թմրամիջոցներից արդեն կախվածության հետ կապված խնդիր, հանգիստ կարողանան դիմել մեզ, ստանալ խորհրդատվություն։

Երբեմն մարդիկ խուսափում են դիմել՝ մտածելով, որ անպայման պիտի հաշվառվեն, իրենց տվյալները պիտի գրանցվեն։ Առաջին խորհրդատվությունը կարող է լինել նաև առանց տվյալների հաղորդման։

Վիճակագրական տվյալները Հայաստանում, կարող եմ ասել, միանշանակ արտացոլում են միջազգային տվյալները։ Այսինքն՝ ՄԱԿ-ի 2025 թվականի թմրամիջոցների համաշխարհային զեկույցը մի քանի եզրակացություններ ունի, որոնք արտացոլվում են մեր վիճակագրության մեջ։ Դա միանշանակ ամբողջ շուկայում, ապօրինի շրջանառության մեջ և գործածող անձանց մոտ սինթետիկ թմրամիջոցների աճն է, ինչը արձանագրվում է նաև մեր երկրում։ Այսինքն՝ մեզ դիմող հիվանդների 60-70 տոկոսն ունենում է խնդիրներ՝ կապված սինթետիկ թմրամիջոցների, հատկապես մեթամֆետամին, ամֆետամին պարունակողների հետ»,- ասաց թմրաբանը։

Տիկին Վարդազարյանը արձանագրեց նաև, որ, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես կա այլ սինթետիկների տարածման միտում։ Ու հատկապես ընդգծեց, որ բուժումը Հայաստանի բոլոր քաղաքացիների համար իրականացվում է անվճար։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել