Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԺՈՂԸ ՃԱՆԱՉԵՑ ԳՈՂԻՆ, ԻՍԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՐՁԱԿՎՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ

Դեկտեմբեր 17,1998 00:00
dat

«Թեժ լեռի՞ց» իջան մի խումբ… գողավոր

1992 թվականի մարտի 21-ն էր։ Ժամը 20-20.30-ի սահմանները։ Ավան-Առինջ թաղամասի 5-րդ շենքի թիվ 6 բնակարան զինված հարձակում կատարեցին մի քանի մարդիկ, հրազենի սպառնալիքով ստիպելով տանտերերին՝ Դավիթ Դանիելյանին եւ Զոյա Տոռոզյանին «ինչ կա-չկան» հանձնել իրենց…

«Հանձնվեց» երկու տեսաձայնագրիչ (Sharp, Shivaki), ձայնագրիչ (Soni), աղվեսի մորթուց 1500 դոլար արժողությամբ մուշտակը, բնական կաշվից բաճկոնը, քսերոքս (Canon RS-2), ադամանդյա ականջօղ, մատանի, ոսկե երեք խաչեր, շղթա, արծաթե զարդեր, մի խոսքով, 1 միլիոն 529 հազար խորհրդային ռուբլի ընդհանուր արժողությամբ գույք։ Թիվ 17110492 քրեական գործն էլ հարուցվեց Մանվել Ենոքյանի նկատմամբ։

Նախաքննական մարմինն իր հերթին արձանագրեց, որ նույն Մանվելը «հանցավոր համաձայնության գալով իր ծանոթ Արտակ Սուրենի Գյոզալյանի եւ քննությամբ չպարզված ոմն Արսենի հետ, 1992 թ. օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում իրենց մոտ եղած 5,6 մմ տրամաչափի հրազենով երկու անգամ կրակել են Երեւանի Ավան-Առինջ թաղամասի 3/3 շենքի թիվ 6 բնակարանի պատշգամբի պատուհաններին, համոզվելով, որ բնակարանում ոչ ոք չկա, պատշգամբի պատուհանով մուտք են գործել բնակարան եւ այնտեղից գողացել 94690 դրամ արժողությամբ գորգը, ձայնագրիչի ութ ժապավեն, պատճառելով տուժող Սուրեն Միքայելյանին 96290 դրամ ընդհանուր արժողությամբ նյութական վնաս»։

Հետագայում, հետախուզման մեջ գտնվող Արտակ Գյոզալյանի, ոմն Արսենի, ավազակային հարձակում կատարած երկրորդ անձի, Դավիթ Դանիելյանին պատկանող մուշտակի գողության վերաբերյալ մասն անջատվեց եւ Քր. դատ. օր. 187 հոդվածի առաջին եւ երրորդ կետերի հիմքով էլ նախաքննությունը կասեցվեց։ Եվ քանի որ «դատական քննությամբ հնարավոր չեղավ հաստատված համարել կամ հերքել ավազակային հարձակում կատարելու մասին ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը, քր.գործն ուղարկվեց նախաքննության», արձանագրում է Խորհրդային տարածքային դատարանի դատավոր Ա. Մուսախանյանը՝ այս նոյեմբերի 16-ի որոշման մեջ։ Չմոռանանք, վեց տարի անց կատարվող դատաքննության որակական ձեռքբերումն է սա…

Նախաքննության ուղարկելու պատճառաբանություններից մեկն էլ այն էր, թե «ամբաստանյալը հայտնել է, որ իրեն վերագրվող ավազակային հարձակում կատարելու օրը ինքն իր հարազատների հետ գտնվել է Վանաձորի «Թեժ լեռ» հանգստյան տանը, եղել է վատառողջ, տառապել է դեղնախտով…»։

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական, Խորհրդային տարածքային դատախազ Մ. Մանուկյանն իր մասնավոր բողոքում ժողդատարանի նման պատճառաբանությունը համարելով անհիմն, փաստում է, որ նախաքննական մարմնի կողմից այդ առթիվ կատարված քննությամբ էլ է հիմնավորված, որ «ոչ միայն դեպքի օրը (1992 թ. մարտի 21-ին), այլ նույն տարվա ամբողջ մարտ եւ հետագա ամիսների ընթացքում Վանաձորի «Թեժ լեռ» հանգստյան տան եղած փաստաթղթերում Մանվել Ենոքյանի այլուրեկությունը հիմնավորող որեւէ գրառում կամ նշում չի կատարվել»։ Դատախազին տարօրինակ է թվում եւ դատարանի հետեւությունն այն մասին, թե «տուժողները կարող էին սխալվել», սխալվել, որ իրենց նկատմամբ ավազակային հարձակում կատարողներից մեկը եղել է Մանվել Ենոքյանը։ Մի հարց, որը թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում չի ծագել, նույնիսկ «համապատասխան փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն չի էլ զգացվել»։

Տուժողներ Դավիթ Դանիելյանն ու Զոյա Տոռոզյանը մինչեւ օրս էլ պնդում են, որ ավազակային հարձակում կատարած հանցագործները «գործում» էին առանց դիմակի եւ իրենց աչքի առաջ տակնուվրա էին անում գրքերի, հագուստների… պահարանները… Սակայն հետաքրքիր տրամաբանություն որդեգրեց ժողդատարանը. եթե գործով այլ ապացույց չի ձեռք բերվել, ուրեմն տուժողների ցուցմունքները… կասկածելի են։ Եվ ճիշտը գողն է, ամբաստանյալը. որպիսի՜ մարդասիրություն։ Ավելի ծիծաղելի է դատարանի այս մեկնաբանությունը. «Տեղեկանալով այն մասին, որ ինքը կասկածվում է ավազակային հարձակում կատարելու մեջ, ամբաստանյալը մինչեւ ձերբակալվելը գնացել է տուժողների բնակարան, պարզելու, թե արդյոք ինքը երբեւէ եղե՞լ է տուժողների տանը, տուժողները ճանաչո՞ւմ են իրեն, թե՞ ոչ»։ Մի՞թե պարզ չէ, որ ամբաստանյալը գնացել է տուժողների տուն՝ «բանակցությունների», երբ մանավանդ համոզվել է, որ երկու տուժողները կենդանի են, որ առերեսման ժամանակ էլ ճանաչել են իրեն, ֆոտոնկարով ձեռքբերված ապացույցն էլ անժխտելի էր։ Իրականում, ասաց Դավիթ Դանիելյանը, Մանվել Ենոքյանը, նրա փեսան՝ Կառլենը, քույրը եւ նրա ընկեր Արտաշեսը եկել են իրենց տուն՝ բանակցությունների։ Եվ երբ իրենք հրաժարվեցին ընդունել բանակցությունների առաջարկված խայծը՝ Ենոքյանի «կողմը» հայտնել է, թե Վանաձորից փաստաթղթեր կբերեն, որն էլ կհաստատի այն, որ Մանվելը դեպքի օրը եղել է այնտեղ…

Չգիտեմ, Դավիթը կմոռանա՞ այն պահը, երբ հանցագործները կապել էին իր ձեռքերը, պառկեցրել հատակին, ոտքով հարվածելով պահանջում էին իրենից փող եւ զարդեր։ Հետո իրեն, կնոջը եւ անչափահաս տղային զուգարան հրեցին՝ ատրճանակի փողն իրենց վրա ուղղած։

Տուժող կողմը պնդում է, որ իրենց վրա հարձակվողներից մեկը Մանվել Ենոքյանն է եղել, փաստորեն, գնալով, ինչու չէ, նաեւ ռիսկի։ Միայն այն բանի համար, որ պատժվի հանցագործը, որ վերադարձվեն իրենցից գողացված իրերը, որոնք վեց տարի է, չեն հանձնվել իրենց։

Նրանք պահանջում են գործը բեկանել եւ վերադարձնել նոր դատաքննության։ Տուժող կողմը նշում է հանցագործությանը մասնակից այլ անուններ էլ. Գոգո, Գեղամ Մարտիրոսյան, Արթուր Նազարյան, Վռամ Խոջամիրյան… սակայն ոչ միայն գնահատական չի տրվում ասվածին, այլեւ մերժվում է նրանց նկատմամբ քր. գործ հարուցելու միջնորդությունը։ Այստեղ են ասում. էլ որտեղից բացահայտվեն հանցագործությունները, երբ չկա շահագրգռվածություն…

«Ժողդատարանը պատճառաբանել է, թե իբրեւ մենք՝ տուժողներս կարող էինք սխալվել։ Եթե ժողդատարանը սխալվում է, դա չի նշանակում, որ մենք էլ ենք սխալվում»,- ասում են տուժողները։ Իրավական աշխարհի «մանիպուլյացիաներից» անտեղյակ մարդու համար էլ պարզ է, թե այս գործի «յուղոտ» մասը որտեղ է փորձվում կտրվել. ճանաչումի հարցում։ Մի հարց, որը փակվել է թե առերեսման ժամանակ, թե հանցագործի վարքի դրսեւորման ընթացքում։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031