Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՏԺԵԼՈՒ, ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ՄԵԹՈԴՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՉԵՆ»

Դեկտեմբեր 24,1998 00:00
Gevorg Vardanyan

Գեւորգ Վարդանյանը մեկուկես ամիս ՀՀ բնապահպանության նախարար աշխատելուց հետո ցանկություն է հայտնել ծանոթանալու լրագրողների հետ, քանի որ, ըստ նրա, «առանց հասարակության հետ կապերի այս բնագավառում անհնար է որեւէ գործ անել»։ Սա «առաջին ամենակարեւոր խնդիրն էր»։ Իսկ «երկրորդ ամենակարեւոր խնդիրը» նոր նախարարի՝ հնից ստացած ժառանգությունն է։

Պրն Վարդանյանն այն ուզում է ճշտել, որ հետո հնարավոր լինի գնահատել իր արածը։ Իսկ «ժառանգությունն այնքան էլ ուրախալի չէ»։

Նախարարը հայտնեց, որ երեկ որոշվել է դեկտեմբերի 26-ից հունվարի 5-ը թույլատրել ձկնորսությունը։ Հունվարի 6-ին նորից քննարկում կլինի եւ նոր որոշում կընդունվի։ Այդ օրերը համընկնում են սիգի ձվադրման հետ (ձկնորսության յուրաքանչյուր օրը նշանակում է 3 մլն ձկնկիթի ոչնչացում)։ Նախարարը գտնում է, որ կարելի էր բնակչության մեջ բացատրական աշխատանք տանելուց հետո թույլատրման ժամկետը սահմանել գոնե դեկտեմբերի 28-ից, սակայն համոզված է, որ հունվարի 1-ին եւ 2-ին ձկնորսություն «պրակտիկորեն» չի լինում եւ հետո մեկ ամիս առաջ ինքը 3-4 օրվա նախարար էր։ Պրն Վարդանյանը որոշել է պաշտպանության փոխնախարարի փորձն օգտագործել իր նոր պաշտոնում եւ պատրաստվում է նաեւ կառուցվածքային փոփոխություններ անցկացնել։

«Տխուր ժառանգության» մի մասը ընդհանուր տարածքից 27 հազար հեկտար անտառահատումներն են։ Եվս 17 հազար հեկտարը անտառահատումից հիվանդացել է։ Իսկ անտառներն ընդհանրապես բարդ համակարգ է։ Վերջին անգամ դրանք չափագրվել, հաշվագրվել եւ քարտեզավորվել են 1988 թ.-ին։ Քանի որ այդ մասնագետները միայն Վրաստանում են, նրանց հետ բանակցում են այստեղ երեք ամիս համատեղ աշխատանքները վերսկսելու ուղղությամբ։ Պրն Վարդանյանն ասաց, որ գտել է «անտառահատման բանալին» եւ մեխանիզմներ մշակելուց հետո «մյուս տարի հենց այնպես անտառահատումներ չեն լինի»։

«Առավոտին» հետաքրքրում էր, թե ինչ է արվում Վանաձորի շրջակա անտառաշերտի վերականգնման համար։ Պարզվեց, որ արդեն 300 հեկտար անտառ է տնկվել (40-ը՝ այս տարի) եւ եղել է նաեւ բնական վերաճ։ Սակայն բարձր արտադրողականության անտառներ Հայաստանում այսօր շատ քիչ կան։ Մեր այն հարցին՝ Ամանորին բնական տոնածառ կվաճառվի՞, թե՞ ոչ, պրն Վարդանյանն ասաց, որ նախատեսում են։ Ծրագիր ունեն, որի «դեմ մամուլում արդեն հոդված է գրվել»։ Այդ հատումներն, ի տարբերություն անցյալ տարվա, այս տարի կիրականացնի բացառապես բնապահպանության համակարգը։ Մայրաքաղաքում էլ վաճառքի հատուկ տեղեր են սահմանված։ Նախարարն զգուշացրեց, որ հնարավորինս շուտ ձեռք բերենք՝ «թվաքանակը քիչ պիտի լինի»։ Վերջին հանգամանքն, ասվեց, որ գնի վրա չի անդրադառնա։

Ժառանգության մյուս, ոչ պակաս տխուր մասն, իհարկե, Սեւանն է։ Պրն Վարդանյանն ասաց, որ եկող տարվա մարտին էներգետիկայի նախարարությունը Սեւանից էներգետիկ նպատակներով ջուր բաց թողնելու խնդրանքով իրենց այլեւս չի դիմի, ավելին, այդ նպատակներով մարտից այլեւս ջուր բաց չի թողնվի։ Այս տարի նախատեսվածից 5 մլն խորանարդ մետր ավելի է ջուր բաց թողնվել։ Այս հարցերի շուրջ պրն Վարդանյանն այնքան է մտածել, որ «մասնագետ է դարձել՝ էներգետիկայի գծով» եւ հասկացել, որ ձմռանը ջրի հոսքն անհրաժեշտ է ավելի շատ ջրանցքները սառչելուց փրկելու համար։ Ձմռանը գյուղատնտեսական նպատակներով Սեւանից ջուր բաց չի թողնվում եւ այն, որ ինքը հենց ձմռանն է նախարար նշանակվել, պրն Վարդանյանը «բախտը բերել» համարեց։ Իսկ մինչեւ գարուն գյուղնախարարության հետ իրենց հարաբերությունները կպարզեն։

Լրագրողներից մեկը փորձեց ճշտել 180 հազար մանրաձուկ Սեւան լցնելու մասին իր ունեցած տեղեկատվությունը։ Պարզվեց, ճիշտ է, միայն ոչ թե 180, այլ 250 հազար մանրաձուկ։ Նախարարի մի հին ծանոթն է նրան երկու օր առաջ պատմել, որ իր ջրամբարներից մեկի պատը քանդվել է, եւ իր 250 հազար դոլարը (կամ մանրաձուկը) լցվել է Սեւան։ Այս պատահարը հին ծանոթին համագործակցության միտք է տվել. նա պատրաստակամություն է հայտնել պայմանագիր կնքել նախարարության հետ եւ շատացնել Սեւանի իշխաններին։ Վերջիններիս եւ նաեւ ուրիշ հազվագյուտ եւ անհետացող տեսակների բուծման մասին հոգում է նաեւ պետբյուջեն. 7 մլն դրամ է այս գործի համար տրամադրել Սեւանի ավազանի երեք ձկնաբուծական գործարաններին։

«Բավական լուրջ խնդիրներ կան լուծելու» նաեւ տրանսպորտի նախարարության հետ՝ էթիլային բենզինի վաճառքի առնչությամբ։ Իսկ կրթության եւ գիտության նախարարության հետ հնարավոր է ծրագիր կազմեն՝ դպրոցում բնապահպանական թեմաներով ֆիլմեր ցուցադրելու (հավանաբար նրանցից, որ նախարարը տուն է տարել, եւ որոնք դուր են եկել իր երեխաներին)։ «Պատերազմի ժամանակ շարքից դուրս եկած հակակարկտային համակարգը վերականգնելու համար 3-4 մլրդ դրամ է հարկավոր»։ Իսկ ընդհանրապես իրեն պրն Վարդանյանը բնութագրեց իբրեւ խստապահանջ եւ ուրիշներից էլ պահանջելու է աշխատել այնպես, ինչպես ինքն է աշխատում։ Եվ հնարավոր է, որ իրականանան որոշ լրագրողների գուշակությունները, թե բնապահպանականից նախարարությունը շուտով կդառնա բնապաշտպանական։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031