Լրահոս
Օրվա լրահոսը

Զգուշացեք խաբեբաներից

Հունվար 23,1999 00:00
xabeba

Արդեն մի քանի տարի է, ինչ մետրոյի «Շենգավիթ» կայարանի մոտ հանդիպում ենք համեստ արտաքինով, միշտ կեպիով միջահասակ մի տղամարդու, որ ձեռքի փոքրիկ ճամպրուկը բացած ծխախոտ է վաճառում, հետն էլ հաճախակի ծխում։ Չգիտեմ՝ ինչպես կայացավ մեր ծանոթությունը, բայց ես, որ ծխող չեմ, կցանկանայի ամեն օր գնել նրա բոլոր ծխախոտները, միայն թե ժամերով փողոցում չկանգնի։

– Ուրիշներն իրենց ունիվերսամ-շուկաներով, ես՝ իմ ձեռքի ճամպրուկով,- համեստորեն ասում է զրուցակիցս։

Իսկ զրուցակիցս նախկին ուսուցիչ-գիտնական է։ (Երեխա ժամանակ կարծում էինք, թե ուսուցիչը չի ծխում, նույնիսկ հաց չի ուտում): Ռազմիկ Բարսեղյանը ծնունդով Նախիջեւանի Զնաբերդ գյուղից է։ Ավարտել է Երեւանի պետհամալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը։ Մի քանի տարի հետո ավարտել է նաեւ պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաների արտադրության ավտոմատացում բաժինը։ Աշխատել է հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (հայտնի Մերգելյանում), միաժամանակ՝ Մասիսի շրջանի Դարակերտի միջնակարգ դպրոցներում (երեկոյան եւ ցերեկային) որպես ինֆորմատիկայի եւ հաշվողական տեխնիկայի հիմունքների ուսուցիչ։ Ինստիտուտը լուծարվեց, դպրոցից ստացածն էլ մի քանի օր էր հերիքում, իսկ ապրել պետք էր։ Այսպես գիտնականը դարձավ ծխախոտավաճառ։ Մանկավարժ- ինժեներ ծխախոտավաճառն իր մշտական փոքրաթիվ գնորդներն ունի, որոնք անպայման նրանից են ծխախոտ գնում, չնայած պատահական գնորդներ էլ են լինում։

Օրերս տեղի ունեցած մի անախորժ դեպքն էր, որ ինձ ստիպեց գրել նրա մասին։ Հունվարի 16-ի երեկոյան նրան երկու անծանոթ են մոտենում եւ ծխախոտ խնդրում։ Մեծ քանակությամբ են առնում՝ շուրջ 6000 դրամի։ Հետո բարձրահասակ, նիհար հաճախորդը պատճառաբանում է, որ 50 դոլարանոց է մոտինը, գնում է մոտակա փոխանակման կետում մանրելու։ Մյուս ընկերը՝ ցածրահասակ, թավ բեղերով, հայերեն տարօրինակ առոգանությամբ էր խոսում, թեպետ խոսքի մեջ Աշոտ էր ներկայացել, թողնում է գնումների տոպրակը եւ գնում մյուսի հետեւից։ Գնում ու էլ չեն վերադառնում։ Արդյունքում՝ հասցրել էին գրպանել մի քանի տուփ ծխախոտ։ Սովորակա՞ն պատմություն է։ Իհարկե, բոլորիս կամ յուրաքանչյուրիս հարեւանի պատմությունից ոչ ավելի անսովոր։ Ցավո՛ք։

ՎԱԼՏԵՐ ԱՅԴԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031