Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱՄԵԾ ՄԵՂԱՎՈՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է

Փետրվար 17,1999 00:00
eleonora manandyan

Ով հաճախակի զբոսնում է Օղակաձեւ այգում, հնարավոր չէ, որ տեսած չլինի մուրացկան, թափառաշրջիկ երեխաների խումբ, որոնց բարեհամբույր ժպիտով մի աղջիկ ինչ-որ բան է բացատրում։ Աղջիկը «Նոր Հայաստան» հումանիտար աջակցության կենտրոնի տնօրեն Էլեոնորա Մանանդյանն է։

Կենտրոնը ոչ կառավարական հասարակական կազմակերպություն է եւ ստեղծվել է 1995 թ.։ 1996 թ. զբաղվում է խնամազուրկ եւ թափառաշրջիկ երեխաների դաստիարակությամբ։ Աշխատանքների սկզբնական փուլի մասին պատմում է կենտրոնի տնօրենը։

– Երկար ժամանակ մտածում էինք, թե Հայաստանի ներկա պայմաններում ինչպես կարելի է ճիշտ աշխատանք կազմակերպել այդ երեխաների հետ կամ դաստիարակության ինչպիսի մեթոդներ կարելի է կիրառել։ 1997 թ. մշակելով հատուկ ծրագիր, դիմեցինք Հայաստանի իշխանություններին։ Արձագանքեց այդ ժամանակվա քաղաքապետ Վ. Սիրադեղյանը եւ հրաման տվեց կենտրոնի հետ միասին ստեղծել գիշերօթիկ դպրոց։ Հատկացվեց «Ղռեր» կոչվող թաղամասի թիվ 6 մասնագիտական տեխուսումնարանի շենքը, որը, սակայն, լուրջ վերանորոգման կարիք ուներ (նկատի չունեմ՝ կոսմետիկ վերանորոգում)։ Նախատեսվեց հունվարին լուծել այդ հարցը եւս։ Իշխանությունների փոփոխություններից հետո էլ համոզված էինք, որ այս հարցը աչքաթող չի արվի, որովհետեւ թափառաշրջիկ երեխաների առկայությունը մեր ազգային ավանդույթներին դեմ է եւ ազդում է ազգային գաղափարախոսության կայացման վրա։ Դիմեցինք քաղաքապետի պաշտոնակատար Կ. Արեյանին, ապա՝ քաղաքապետ Ս. Աբրահամյանին, նախագահ Ռ. Քոչարյանին, նախագահի խորհրդական Վ. Հովհաննիսյանին։ Բոլորից ստանում էինք խոստումներ, որ մոտ ժամանակներում մեզ կօգնեն, նույնիսկ պրն քաղաքապետը երկու անգամ տղամարդու խոսք տվեց։ 1998 թ. այս ծրագիրը կրկին քննարկվեց եւ կրկին ոչինչ չձեռնարկվեց։

– Հայաստանում այդպիսի գիշերօթիկ դպրոցներ կան՝ Վարդաշենի դպրոցը եւ այլն։ Ձեր դպրոցն ինչո՞վ է տարբերվելու մյուսներից եւ արդյո՞ք կա դրա անհրաժեշտությունը։

– Ինչպես վերը նշեցի, մենք դիմել էինք ոչ թե գիշերօթիկ դպրոց ստեղծելու խնդրանքով, այլ՝ կենտրոն։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով ես մեկնեցի Ռումինիա՝ փորձի փոխանակման։ Ծանոթանալով նրանց աշխատանքներին՝ հասկացա, որ սոցիալական վերականգնման կենտրոնները շատ ավելի արդյունավետ են եւ, իհարկե, անհրաժեշտ։ Գիշերօթիկ դպրոցներում երեխան սահմանափակվում է, իսկ կենտրոնում հնարավորությունները մեծ են՝ թե՛ երեխաների հետ շփվելու, թե՛ գիշերները տուն գնալու առումով, եթե, իհարկե, տուն ունեն։ Միանշանակ է, որ կենտրոնը կարող է կարճ ժամանակահատվածում դաստիարակել երեխային եւ ուղարկել նորմալ դպրոց, այսինքն՝ պետությունը կարիք չի ունենա մեծ գումարներ ծախսելու, իսկ երեխան ապագայում կդառնա պիտանի մարդ։

– Կազմակերպությունը քանի՞ թափառաշրջիկ երեխաների հետ է աշխատել, եւ այս երեք տարիների հանդիպումները որեւէ արդյունք տվե՞լ են։

– Մեր կազմակերպությունը աշխատել է շուրջ 100 մուրացկան եւ թափառաշրջիկ երեխաների հետ։ Նման երեխաների հետ, իհարկե, շատ դժվար է աշխատել, սակայն մենք փորձում ենք հասկանալ նրանց եւ ապա զգույշ բացատրել, որ այս բանը շատ ավելի կարեւոր է, քան այն, որով ինքը զբաղվում է։ Մուրացկանությամբ եւ փոքր առեւտրով զբաղվող մի քանի անչափահասներ այսօր հաճախում են սովորական դպրոցներ։ Երեխաներից մեկը այժմ պարապում է կրկեսում, եւ նրանից շատ գոհ են։ Կան նաեւ հանցագործներ, որոնց հետ զբաղվում ենք մանկական գաղութից դուրս գալուց հետո։ Սակայն շատ-շատերը ավելի լուրջ դաստիարակության կարիք ունեն, որը հնարավոր է միայն շենքային պայմաններում։ Կորցնելով հավատը կառավարության նկատմամբ՝ դիմել ենք մի շարք միջազգային կազմակերպությունների եւ նրանցից երկուսի հետ պայմանագրեր կնքել։ Վերջիններս կաջակցեն շենք գնելու եւ սկզբնական աշխատանքների հարցում։

– Կենտրոնը համալրվա՞ծ է մասնագետներով եւ արդյո՞ք բոլորը դրսում են շփվում երեխաների հետ։

– Ունենք 25 տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնցից 7-ն են միայն փողոցում աշխատում, որովհետեւ նախ՝ ոչ բոլորը կարող են դրսում աշխատել եւ երկրորդ՝ իմաստ էլ չունի։

– Կարելի՞ է համոզված ասել, որ նման երեխաների թիվը աճում է, որովհետեւ հասարակությունը մատների արանքով է նայում այդ խնդրին։

– Այո, չնայած անընդհատ մեղքը բարդում ենք կառավարության վրա, այնուամենայնիվ, ամենամեծ մեղավորը հասարակությունն է։ Եթե հասարակությունը լուրջ վերաբերվեր այդ խնդրին, այսօր այդ երեխաների 50%-ը երեւի չէր լինի։ Դրամ տալով՝ նրանք փչացնում են երեխաներին, իսկ այդ երեխաները ավելի լավ են հասկանում կամ գիտակցում, քան մեծահասակները։ Եվ մարդիկ տանը նստած կարող են հանգիստ ասել, որ մուրացկանությունը տհաճ երեւույթ է, բայց նրանցից որեւէ մեկը երբեւէ չի մտածել ձեռք մեկնել այդ երեխաների ծնողներին։

– Նման ծրագիր իրականացնելու եւ նպատակին հասնելու համար պետք է երեխաների ծնողների հետ էլ աշխատանքներ տարվեն։ Եղե՞լ եք նրանց ընտանիքներում, զրուցե՞լ եք ծնողների հետ։

– Իհարկե, շատ հաճախ հանդիպում ենք լուրջ խոչընդոտների, սակայն համոզված եմ, որ նրանք շնորհակալ են։ Ամեն դեպքում զրուցում ենք, փորձում հասկանալ նրանց եւ ինչքան կարող ենք օգնել։

– Երեխաների հետ ծանոթությունն ինչպե՞ս է ստեղծվում։

– Հիմնականում փողոցում ենք ծանոթանում, բայց իրենց մոտ, այսպես ասած «круговая порука»-ն աշխատում է շատ լավ։ Եթե մի երեխայի հետ ծանոթանում ենք եւ նրան դուր է գալիս, նա իր հետեւից 10 հոգու բերում է՝ ասելով, որ նրանք էլ են իր նման…

Հարցազրույցը վարեց

ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728