Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԻՊԱԿՆԵՐԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԺՈՂՈՎԱԾՈՒ

Մարտ 20,1999 00:00
Azgayin joxov

Մարտի 19-ին Ազգային ժողովն իր պատմության մեջ այս էլ որերորդ անգամ անդրադարձավ ընտրական օրենսգրքին։ Ըստ երեւույթին, սա վերջին դեպքն է, եւ գուցե թե ընտրական օրենսգիրքն այլեւս խորհրդարանական խնդիրներ չհարուցի։

Սակայն մինչեւ քվորումը կարձանագրվեր, իսկ այս անգամ դրա համար առանձնակի ջանքեր չպահանջվեցին, որովհետեւ պատգամավորների ներկայությունը տեղը-տեղին ապահովվել էր, նիստը սկսվեց ԱԺ խոսնակ Խոսրով Հարությունյանի հաղորդած տեղեկատվությամբ։ Նա, մասնավորապես, անդրադարձավ վերջին օրերին խորհրդարանն ալեկոծած այն հայտարարություններին, որոնք արտաբերել էր էներգետիկայի նախարարը։ ԱԺ խոսնակն ասաց, թե նախորդ օրը Ռոբերտ Քոչարյանը, վարելով կառավարության նիստը, իր խոսքի մի հատվածը նվիրել է այդ արտահայտություններին, եւ կարեւորել, որ քաղաքական գործընթացների այս փուլում Ազգային ժողովը եւ յուրաքանչյուր նախարար ձեռնպահ մնան քաղաքական կրքերի շիկացումից՝ փորձելով մեղմել մրցարշավի դրսեւորումները։ Ամեն ինչ պետք է պահվի քաղաքակիրթ ձեւերի մեջ։ Մոտ օրերս Ռոբերտ Քոչարյանն արված հայտարարությունների վերաբերյալ կներկայացնի իր մտահոգություններն ու գնահատականները։

Թեման, ըստ էության, շարունակություն գտավ երկրապահ պատգամավոր Արամազդ Զաքարյանի խոսքում, որը պահանջեց՝ նախարարը պետք է ներողություն խնդրի պատգամավորներից ու չմոռանա, որ պատգամավորները ժողովրդի ընտրյալներն են, իսկ կառավարության անդամները՝ նշանակված մարդիկ։

Այս հարցի վերջաբանն առարկայացավ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթով, որը հարկ համարեց տեղեկացնել, որ իրենց հանձնաժողովը նույնպես դատապարտել է էներգետիկայի նախարարի խոսքը։

Այնուհետեւ խորհրդարանական գործընթացը մտավ ընտրական օրենսգրքի տիրույթ։ Հիմնական զեկուցող Գագիկ Մինասյանի խոսքից պարզ դարձավ, ի դեպ, նշենք, որ նա ակտիվորեն ձեռնամուխ է եղել այդ փաստաթուղթը վրիպակազերծելու գործին, որ ընդունելի են մի շարք թեթեւ առաջարկություններ, հիմնականում՝ խմբագրական բնույթի, իսկ, ա՜յ, դաշնակցական պատգամավոր Ռուբեն Հակոբյանի առաջարկը քաղաքապետերի եւ թաղապետերի ընտրվելու հնարավորությունը սահմանափակելու առումով, միանգամայն մերժելի է։ Որովհետեւ՝ այդպիսով մեծ քաոս կառաջանա նախընտրական շրջանում։ Իհարկե, Ռուբեն Հակոբյանը հիմնական զեկուցողի տեսակետին համաձայն չէր։ Նա նույնիսկ «Հանրապետություն» խմբակցությանը դիմեց, թե օգնեք, որ այս ուղղումը կատարվի, սակայն նրա խոսքն անարձագանք մնաց։

Միակ առարկայական փոփոխությունը, որ կատարվել էր ընտրական օրենսգրքում եւ վերջնականորեն ամրագրվեց, այն է, որ 2000 ստորագրություն հավաքելու կարիք չի լինի, բավարար է եւ 500-ը։ Դրա համար կհատկացվի երկու պաշտոնաթերթիկ՝ 1000-ական ստորագրություն հավաքելու համար։

Մինչեւ գործը կհասներ քվեարկություններին, քրեական, քրեադատավարական օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու՝ ընտրություններին վերաբերող մասով, առաջարկներն ամփոփեց Վիկտոր Դալլաքյանը։ Նրա ներկայացրածից պարզ դարձավ, որ այս հարցում շատ ակտիվ են եղել հատկապես երկրապահ պատգամավորները՝ Ֆիրդուս եւ Արամազդ Զաքարյանները, Հովհաննես Ահարոնյանը, Ռազմիկ Մարտիրոսյանը, Ժիրայր Գեւորգյանը, Համլետ Հայրապետյանը, Լեւոն Թովմասյանը եւ այլք։ Ըստ նրանց առաջարկների, ընտրախախտումների համար պետք է տուգանք սահմանվի մինչեւ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով, իսկ որոշ դեպքերում էլ ազատազրկում՝ մինչեւ 5 տարի ժամանակով։

Սակայն մինչ այս հարցերը կհասնեին իրենց վերջաբանին եւ քվեարկությամբ բոլոր փոփոխություններն ու լրացումները օրենքի ուժ կստանային, բավականին անսպասելի մի վեճ ծագեց հիմնական զեկուցող Վիկտոր Դալլաքյանի եւ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի միջեւ։

Ընդամենը հաշված րոպեներ էին անցել, երբ Վիկտոր Դալլաքյանը սկսել էր իր խոսքը, թե իրենց առաջարկություններ են ներկայացրել Երեւանի պետական համալսարանի Քրեական իրավունքի ամբիոնը, Վճռաբեկ դատարանը, նախագահի աշխատակազմի իրավաբանական ծառայությունը եւ այլ իրավագիտական կազմակերպություններ, նիստը նախագահող Խոսրով Հարությունյանը ընդհատեց նրան ու բացատրեց, որ այդ կազմակերպությունները որեւէ առաջարկ անելու իրավունք չունեին, քանի որ միայն պատգամավորներին է վերապահված առաջարկությունների եւ նախաձեռնությունների իրավունքը։ Ավելին՝ Խոսրով Հարությունյանը նման որեւէ առաջարկ այդ կազմակերպություններից չէր ստացել։

ԱԺ նիստի ավարտից հետո պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այդ միջադեպի առնչությամբ «Առավոտ»-ին ասաց հետեւյալը. «Նախ ասեմ, որ շատ վատ եմ վերաբերվում Ազգային ժողովի նախագահի արարքին։ Նա իրավունք չունի ընդհատել հիմնական զեկուցողին։ Բացի այդ, ասեմ, որ ելնելով օրինագծի կարեւորությունից եւ իմ դաստիարակությունից, ես ինձ թույլ չտվեցի պատասխանել ԱԺ նախագահին»։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031