Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԺԱՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Մայիս 21,1999 00:00

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԺԱՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ «Հազարամյակներ առաջ Սահարան կանաչ է եղել եւ, հնարավոր է, որ դարձյալ այդպիսին դառնա»,- ասում են Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի աշխատակիցները՝ ներկայացնելով երկրաբանական արխիվներից վերհանված մի բուսաբանական քարտեզ։ Կլիմայի փոփոխությունը եւ աշխարհը Այնտեղ պատկերված է երկիրը 8500 տարի առաջ, երբ միջին ջերմաստիճանը 2-ով բարձր էր այժմվանից։ Քարտեզը մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհում, քանի որ այն ցույց է տալիս ոչ միայն անցյալը, այլեւ… ապագան։ Երկրի տաքացումն այժմ կարող է կրկնվել. վերջին երկու հարյուրամյակի ընթացքում մթնոլորտում ածխաթթու գազի եւ ջերմոցային հատկություն ունեցող այլ գազերի քանակն ավելացել է 26%-ով, միաժամանակ պակասել են դրանք կլանող կանաչ տարածքներն ու ջրային մակերեսները, մթնոլորտում այդ գազերի առկայությունը կհանգեցնի մոլորակի ջերմաստիճանի մոտ 2 աստիճանով բարձրացմանը։ Կլիմայի փոփոխությունը եւ Հայաստանը Հայաստանում կլիմայի փոփոխության հնարավոր հետեւանքների ուսումնասիրության համար 1996 թվից իրականացվում է մի ծրագիր, որը պետք է կատարի 1992 թ. Ռիո-դե-Ժանեյրոյում ստորագրված կլիմայի փոփոխության շրջանակային համաձայնագրի հիմնական դրույթները։ Ըստ դրանց, Հայաստանը, որպես զարգացող երկիր, պարտավոր չէ կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, բայց պարտավոր է անցկացնել դրանց ծավալների ու աղբյուրների ուսումնասիրություն-հաշվառում եւ սոցիալական ու էկոլոգիական տեսանկյուններից գնահատել կլիմայի փոփոխության հնարավոր հետեւանքները։ «Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում» ծրագրի շրջանակներում արդեն հաշվվել է, որ ջերմաստիճանի ընդամենը 2 աստիճան բարձրացումը կբերի տեղումների 10% նվազման, վերջինիս եւ գոլորշիացման ավելացման հետեւանքով 13-15%-ով կնվազեն ջրային ռեսուրսները։ Կանխատեսումներ կան, որ արդեն այս տարի Սեւանա լիճ մտնող ջրերը միջինից պակաս կլինեն 150-200 մլն խմ-ով, որը կազմում է 13-17 սմ ջրային շերտ։ Հայաստանի անապատային եւ կիսաանապատային գոտին կավելանա 33%-ով, կպակասեն անտառները, ալպիական մարգագետինները կկրճատվեն 22%-ով, կտուժի գյուղատնտեսությունը։ Բնական պայմանների նման փոփոխության պատճառով կվերանան որոշ բույսեր ու կենդանիներ։ Փոփոխությունը կազդի նաեւ մարդկանց (մանավանդ՝ սրտանոթային հիվանդություն ունեցող) առողջության վրա, կաճի վարակիչ հիվանդությունների թիվը։ Կլիմայի փոփոխությունից Հայաստանը, ինչպես ողջ աշխարհը, խուսափել չի կարող, բայց նրա վատ հետեւանքները մեղմացնել հնարավոր է։ Զարգացած երկրներն արդեն պարտավորված են կրճատել ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ, իսկ զարգացող երկիր Հայաստանի համար առայժմ կարեւորվում են անտառների պահպանումն ու ընդարձակումը, Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը, ապագայի համար՝ գյուղատնտեսության, էներգետիկայի եւ այլ բնագավառների նոր ռազմավարության մշակումը։ ՇՈՒՇԱՆ ԱՂԱԲԵԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31