Լրահոս
Որ հոգին չկարծրանա…
Արցախի կլանումը
Օրվա լրահոսը

Որ հոգին չկարծրանա…

Նոյեմբեր 14,2026 13:54 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ այս տարվա հոկտեմբերի 24-ին կայացած համերգն անցավ մեծ ոգևորությամբ և դարձավ այն գեղարվեստական իրադարձություններից մեկը, որոնց մասին երկար ենք հիշում։ Համերգը տեղի ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ հանդիսատեսը ևս մեկ անգամ ականատես եղավ նվագախմբի ստեղծագործական վերելքին՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Վեհաշուք մթնոլորտն ու տարբեր դարաշրջանների և ոճերի երաժշտության աշխարհում խորասուզվելու հնարավորությունը մշտապես ուղեկցում են նվագախմբի համերգներին։ Եվ, բնականաբար, այդ մթնոլորտը տիրում էր նաև «Սիմֆոնիկ Եվրոպա» խորհրդանշական խորագրով համերգի ընթացքում։ Այն նվիրված էր Հայաստանի և եվրոպական երկրների բարեկամությանը, ինչպես նաև տարեցտարի ընդլայնվող մշակութային կապերին ու մեր երկրների մշակութային գործիչների միջև շփումներին։

Երևանում նման համերգն արդեն երրորդ անգամ էր կազմակերպվում Եվրոպական միության և Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Հենց դրանով էր պայմանավորված դահլիճում բազմաթիվ պաշտոնատար անձանց, դեսպանությունների ներկայացուցիչների և հասարակության տարբեր շրջանակների ներկայությունը։

«Սիմֆոնիկ Եվրոպա» համերգին նախորդեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնի խոսքը, որում նա ընդգծեց միջոցառման առանձնահատուկ կարևորությունը, և Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ելույթը։ Վերջինս հայտարարեց. «Եվրոպան հաստատակամորեն աջակցում է Հայաստանին, և նրանց հարաբերություններն այսօր ավելի սերտ են, քան երբևէ»։ Նա ընդգծեց նաև արվեստի միավորող ուժը՝ նշելով, որ «Սիմֆոնիկ Եվրոպայի» նման համերգներն ամրապնդում են Եվրոպայի և Հայաստանի ժողովուրդների մշակութային կապերն ու ընդհանուր արժեքները։

Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց համերգի ծավալուն ու հագեցած ծրագիրը։ Առաջին բաժնում հնչեցին Լյուդվիգ վան Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքը և Չորրորդ դաշնամուրային կոնցերտը, երկրորդ բաժնում՝ Ջուզեպպե Վերդիի «Սիցիլիական երեկո» օպերայի նախերգանքը և Կլոդ Դեբյուսիի «Ծովը»՝ երեք սիմֆոնիկ էսքիզները։ Որպես մենակատար հանդես եկավ Գերմանիայից ժամանած փայլուն դաշնակահարուհի Էլիս Սառա Օտտը, որն այդ երեկոյի իսկական բացահայտումը դարձավ։

Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքն այս դահլիճում լսել ենք տարբեր մեկնաբանություններով՝ թե՛ գերազանց, թե՛ պարզապես լավ կատարումներով, թե՛ ավանդական մոտեցմամբ, թե՛ արդեն դասական դարձած այս պարտիտուրի՝ մինչ այդ աննկատ մնացած կողմերը բացահայտելու փորձերով։ Սերգեյ Սմբատյանի մեկնաբանությունը, թեև առանձնահատուկ նոր բացահայտումներ չէր պարունակում, այնուամենայնիվ, իսկապես հուզիչ էր ու լ իդրամատիզմով։

Մեկնաբանությունը բացահայտեց դիրիժորի ամենանշանավոր հատկանիշներից մեկը՝ ձևի հազվագյուտ զգացողությունը, ամբողջական երաժշտական կառույցի ճարտարապետությունը զարմանալի ճշգրտությամբ ընկալելու կարողությունը։ Որքա՜ն դիպուկ էին ընտրված ոչ միայն տեմպը, այլև, որ առավել կարևոր է, երաժշտության բնույթը։ Ֆորտեի և պիանոյի կտրուկ հակադրություններում, անսպասելի շեշտադրումներում ուրվագծվում էր խիստ ու մռայլ կերպար։ Իսկ ջութակներն իրենց անընդհատ շարժումով կարծես այդ խստաշունչ ու մռայլ կերպարին հակադրում էին լուսավոր, քնարական, ազատորեն հոսող մեղեդին։

Սակայն կրկին ի հայտ էին գալիս տագնապալի ռիթմերը, հանկարծակի ուժգնացումները, հնչողությունների կտրուկ հակադրությունները, լուռ խնդրանքներն ու անզիջում մերժումը։ Որքա՜ն հստակ էին հնչում աղերսանքի ելևէջները, որոնք մի գործիքից փոխանցվում էին մյուսին՝ դառնալով ավելի ու ավելի համառ։ Կարծես մարդկանց բազմություններ էին, որ հեծեծալով ձեռք էին մեկնում։ Այնուհետև կտրուկ ակորդներն ընդհատվում էին երկար դադարներով ու աստիճանաբար մարում։ Էներգիայով վեր խոյացող մեղեդու փոխարեն թավջութակների կատարմամբ հնչում էին կարճ ու անզոր երաժշտական դարձվածքների պատառիկներ…

Պետք է արժանին մատուցել Նվագախմբին․ ոգեշնչվելով դիրիժորի ժեստերից՝ այն նրբորեն հետևում էր նրա երաժշտական ընկալմանը՝ ունկնդիրներին փոխանցելով իսկական համույթի զգացողություն, այլ ոչ թե պարզապես կատարողական հնարքների ու տեմպերի համընկնման տպավորություն։

«Կորիոլան» նախերգանքից հետո նվագախումբը ներկայացրեց գերմանացի հանրահայտ դաշնակահարուհի Էլիս Սառա Օտտին, որը հանդես եկավ Բեթհովենի Չորրորդ դաշնամուրային կոնցերտով։ Եթե չեմ սխալվում, սա նրա առաջին այցն էր մեր երկիր։ Այսօր նա, անկասկած, ժամանակակից ամենաականավոր դաշնակահարներից է՝ ինքնատիպ երևույթ կատարողական արվեստում։

Նրա գեղարվեստական մեկնաբանության հիմքում ընկած են օբյեկտիվ ճշմարտության որոնումն ու հեղինակի մտքերն ու զգացմունքները հնարավորին չափ բնական փոխանցելու ձգտումը։ Նա նվագում էր առանց «գերբնական հայտնագործությունների», իսկ դա, ինչպես թվում է, շատ ավելի դժվար է։ Չէ՞ որ նման «հայտնագործություններին» պետք է հակադրել հոգևոր աշխարհի նրբությունը, ապրումների խորությունն ու ճշմարտացիությունը՝ հատկանիշներ, որոնց բեմում այնքան էլ հաճախ չենք հանդիպում։

Կատարելով Բեթհովենի Չորրորդ դաշնամուրային կոնցերտը՝ նա ներկայացավ որպես ամբողջական, սկզբունքային ստեղծագործական անհատականություն, վարպետ, որը տիրապետում է դաշնամուրային արվեստի գաղտնիքներին, եթե ոչ բոլորին, ապա դրանց մեծ մասին։ Նրա կատարումն ավելի շատ փիլիսոփայական էր, քան զգացմունքային։

Թվում էր՝ այս երաժշտությունն առանձնահատուկ նշանակություն ունի Օտտի համար։ Նա այն կատարեց ապշեցուցիչ վարպետությամբ, ստեղծագործության էության խոր ընկալմամբ, այնքան քնարական, հուզառատ ու կենտրոնացած, որ ակամա մտածում էիր՝ այս երաժշտությունը նրան հատկապես հարազատ է ինչ-որ անհայտ, միայն իրեն բնորոշ զգացողությունների շնորհիվ։ Հնարավոր է՝ հենց դրանց մասին էլ նա ցանկանում էր պատմել։ Լուսավոր երանգներով ներկված, գունեղ հնչյունային պատկերները հերթագայվում էին մերթ մեղմ ու քնքուշ, մերթ դրամատիկ ելևէջներով։

Ինչպես հայտնի է, Բեթհովենի Չորրորդ դաշնամուրային կոնցերտն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նրա դաշնամուրային կոնցերտների շարքում․ այն ամենաքնարականն է։ Սակայն սա յուրահատուկ քնարականություն է՝ բեթհովենյան ոճին բնորոշ զուսպ ու խորունկ։ Միաժամանակ երաժշտական զարգացման մեջ առկա են դրամատիզմը, սրընթաց էներգիան ու փայլը։ Էլիս Սառա Օտտի մեկնաբանությունն ընդգծում է Բեթհովենի երաժշտության այն կողմերը, որոնք շատերի համար այնքան էլ ծանոթ չեն։

Ունկնդիրները սովոր են մեծ կոմպոզիտորի վեհ, հաղթական, հերոսական երաժշտությանը և հաճախ չեն նկատում նրա ստեղծագործություններին բնորոշ իսկական քնարականությունն ու ուրախությունը, որոնք բառացիորեն ճառագում են այդ երաժշտությունից։ Բեթհովենյան ոճի հենց այս հատկանիշներն էին առավելապես գրավել դաշնակահարուհուն։ Նա հիացրեց հանդիսատեսին իր զարմանալի անկեղծությամբ, անթերի ճաշակով և կատարյալ երաժշտականությամբ։ Այդ ամենն արտահայտվում էր պարզության, զսպվածության և խստության մեջ, որոնք առավել ընդգծում էին նրա խառնվածքը։

Անկասկած, կոնցերտում դաշնամուրն ունի գերիշխող դեր, սակայն Սերգեյ Սմբատյանի ղեկավարած նվագախումբը բնավ էլ միայն նվագակցողի դեր չէր կատարում։ Նրա կատարումը լիովին համապատասխանում էր բեթհովենյան երաժշտության ոգուն։ Դիրիժորն ու նվագախումբը նրբորեն փոխանցեցին այս երաժշտության բարդությունն ու ինքնատիպությունը՝ միահյուսելով լուսավոր ու դրամատիկ երանգները։

Լսում ես, և թվում է, թե դահլիճում ժամանակն այլ օրենքներով է չափվում․ դժվար է հասկանալ՝ քիչ ժամանակ է անցել, թե շատ։ Վայելում ես նվագախմբի ներդաշնակ հնչողությունը՝ մեծագույն հաճույք ստանալով յուրաքանչյուր գործիքի ձայնից։ Հրաշալի էին հնչում փողային գործիքների մենակատարումները, կարճ դարձվածքներն ու պատասխան հնչյունները, որոնք հերթով փոխանցվում էին տարբեր գործիքախմբերին։ Դիրիժորը հստակ ընդգծում էր տրամադրությունների և տպավորությունների հակադրությունները։

Հատկապես տպավորիչ էին կոնցերտի երկրորդ և եզրափակիչ մասերը։ Tutti-ի և solo-ի արտահայտիչ երկխոսությունները հասնում էին ծայրահեղ լարվածության։ Մաեստրո Սմբատյանը ղեկավարում էր թեթև, նրբագեղ ու անկաշկանդ։ Իր առույգությամբ և էներգիայով նա գրավում էր թե՛ հանդիսատեսին, թե՛ Նվագախմբին՝ միաժամանակ ոչ մի վայրկյան չթուլացնելով կատարման հանդեպ ուշադրությունը։

Երաժշտության ընդհանուր արևային երանգավորումը, նրա էպիկական ընդգրկումը, նվագախմբային գույներին ազատորեն տիրապետելու կարողությունը, մեղեդային շնչառության սրընթաց ռիթմը և, ի վերջո, եզրափակիչ մասի գեղեցկությունն ու ուժը գրավեցին ու համակեցին ունկնդիրներին։ Կոնցերտն ավարտվեց մենակատարի փայլուն վիրտուոզ անցումներով։

Համերգի հաջորդ գագաթնակետը երկրորդ բաժինն էր, որտեղ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, մեծ ոգևորությամբ և ներշնչանքով նախ կատարեց Վերդիի «Սիցիլիական երեկո» օպերայի նախերգանքը, ապա՝ Կլոդ Դեբյուսիի ամենածավալուն նվագախմբային ստեղծագործությունը՝ «Ծովը», որը կոմպոզիտորն անվանել է «Երեք սիմֆոնիկ էսքիզ»։

Վերդիի նախերգանքը նվագախմբի կատարմամբ հնչեց օդեղեն ու լուսավոր, բայց ոչ առանց որոշակի սրության։ Հրաշալի էին ջութակները, որոնք հասել էին ռիթմիկ ազատ մենախոսությունների կատարման հազվագյուտ համադրության, փայլուն էին մենանվագ գործիքների՝ ֆլեյտայի, վալտորնի, կլարնետի և հոբոյի կադենցիաները։ Նվագախմբի կատարման մեջ անփոփոխ էին կերպարային արտահայտչականության նրբությունը, տեմբրային բազմազանությունն ու պոլիֆոնիկ նրբագեղությունը։

«Սիմֆոնիկ Եվրոպա» համերգ-նվիրումն իր գագաթնակետին հասավ՝ ավարտվելով Դեբյուսիի գլուխգործոց «Ծովը» ստեղծագործության երեք սիմֆոնիկ էսքիզների փայլուն կատարմամբ։ Եվ այստեղ ևս մաեստրո Սմբատյանը հավատարիմ մնաց իր ստեղծագործական սկզբունքին՝ ներթափանցել հեղինակի մտահղացման բուն էության մեջ և այն անցկացնել սեփական անհատականության միջով՝ միևնույն ժամանակ չափազանց չընդգծելով սեփական «ես»-ը։

Ինչպիսի՜ ներքին անդորրով և գործիքների հազվագյուտ միաձուլվածությամբ էին հնչում խմբային մենանվագները։ Իսկ ինչպիսի՜ն էր եզրափակիչը, որն ի սկզբանե հնչեց որպես հուսահատության պոռթկում։ Վարընթաց երաժշտական անցումները մոլեգնող ծովի ալիքների պես հորդում էին դեպի ունկնդիրները․ այստեղ ծավալվում էր ահեղ պայքար։ Այնուհետև հնչում էր ջութակների և թավջութակների հմայիչ, քնարական մեղեդին։

Ընդհանուր առմամբ՝ համերգը թողեց իսկական երաժշտական տոնի տպավորություն։ Այն ևս մեկ ապացույց կլինի այն բանի, որ նույնիսկ մեր այսօրվա ժանտ օրերում երաժշտությունն ի զորու է օգնել մարդկանց վերագտնել հույսը։

Նատալյա ԳՈՄՑՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30