Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիս Մելքոնյանն արդարացվելու է… օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անձին չեն կարող մեղադրել անօրինական գործողություն կատարելու մեջ. փաստաբան

Նոյեմբեր 15,2026 18:22 Share
Աջակցեք aravot.am-ին

«Դատական ակտն օրինական ուժ է ստացել և այժմ անբողոքարկելի է։ Մեր բարձրացրած իրավական խնդիրն այն է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անձին չեն կարող մեղադրել անօրինական գործողություն կատարելու մեջ»,- այս մասին Aravot.am-ին ասաց դատավոր Մասիս Մելքոնյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը՝  անդրադառնալով իր պաշտպանյալին առաջադրված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքին։

Ըստ մեղադրանքի՝ Մասիս Մելքոնյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելը դրսևորվել է նրանում, որ դատավոր Գևորգ Պողոսյանի դրդմամբ՝ նա իր վարույթում գտնվող գործով մեղադրյալի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը փոխել է և գրավ կիրառել։ Խոսքը, սակայն, քաղաքական հնչեղություն ունեցող գործի մասին չէ․ այն վերաբերում է վարորդական իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքին։

Հարցին, թե ինչպես քաղաքական հնչեղություն ունեցող գործերով կալանքներ շռայլող և իշխանության սրտի դատավոր համարվող Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց, փաստաբան Գեորգի Մելիքյանն ասաց, որ քաղաքական և սուբյեկտիվ հայտարարությունները չի մեկնաբանի։

«Համենայնդեպս, դրանք հերքում եմ։ Միաժամանակ, այստեղ խնդիրն այն է, որ մեղադրանքն իրականում ապօրինի է։ Մասիս Մելքոնյանն արդարացվելու է։ Բայց Բարձրագույն դատական խորհուրդն ու Վճռաբեկ դատարանը, կարծես, անտեսում են այդ բոլոր հանգամանքները, և անօրինական գործելաոճը նրանց մոտ կարծես սովորություն է դարձել»,- ասաց փաստաբանը։

Այս գործով հնարավոր կոռուպցիոն գործարքները իրավապահները, ըստ Մելիքյանի, հիմնավորում են ապօրինի գաղտնալսումներով։ Մելիքյանն ասաց, որ Մասիս Մելքոնյանի դեմ ներկայացված ապացույցների ծավալում ցուցմունքներ չկան։

Հարցին, թե ում համար էր դատավոր Գևորգ Պողոսյանը դիմել դատավոր Մասիս Մելքոնյանին՝ խնդրելով ընդառաջել, ինչի հետևանքով էլ քրեական հետապնդում է սկսվել, փաստաբան Մելիքյանն ասաց, որ այդ հատվածները չի մեկնաբանի։ Պարոն Մելիքյանը չասաց նաև, թե դատավորներ Պողոսյանի և Մելքոնյանի միջև քանի զրույց է գաղտնալսվել և ներառվել գործի հիմքում։

«Ապօրինի մեղադրանք է առաջադրված, ինչը Բարձրագույն դատական խորհրդում ակնհայտ էր բոլորի համար։ Պարզապես Բարձրագույն դատական խորհուրդը դարձել է այս իշխանությունների գործիքը»։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն է տվել դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ: Դատավորների լիազորությունները կասեցվել են մինչև գործի ավարտը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել