«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ոչ թե առաջնահերթություն չէ, այլ ընդհանրապես մեր օրակարգում չկա։ Պետք է ի վերջո առերեսվենք այն փաստի հետ, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում երևույթն ընդամենը ուրիշների ձեռքին վճարամիջոց է՝ ուրիշների հետ հարաբերություններում»,- Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը համարում է անտեղյակության, թեմայի խորությունը չպատկերացնելու, միջազգային ճանաչման կշիռը համաշխարհային դիվանագիտության և միջազգային հարաբերությունների համատեքստում չգնահատելու վկայություն։
«Մենք տեսնում ենք, որ հիմա շատ պետություններ, որտեղ նույնիսկ ցեղասպանություններ տեղի չեն ունեցել, փորձում են այդ թեմայի մեջ մտնել, արհեստականորեն ստեղծել պատմական նման նարատիվներ և դրանք օգտագործել սեփական անվտանգությունը բարձրացնելու համար։ Օրինակ՝ Բելառուսը, որտեղ նախկինում երբեք ցեղասպանության թեման օրակարգային չի եղել, մեկ տարի առաջ ընդունեց Բելառուսի ժողովրդի ցեղասպանության մասին օրենքը, հիմա էլ ակտիվորեն այն կիրառում է միջազգային ասպարեզում։ Թեման մեծ ներուժ ունի, ուղղակի պետք է խելք ունենալ՝ այն սեփական երկրի շահերին ծառայեցնելու համար։ Իհարկե, այդ թեման կարող է դառնալ ուրիշների գործիք միայն այն դեպքում, երբ դու ինքդ այն չես կիրառում և դրա տերը չես։ Այդ գործիքը միշտ էլ տերեր կգտնի։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա արածը նման մի բան է․ Հայաստանը հրաժարվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը պահել իր ձեռքում՝ որպես սեփական անվտանգությունը թեկուզ փոքր-ինչ բարձրացնելու միջոց։ Բնականաբար, այդ զենքը վերցնելու են և կիրառելու են ուրիշները»,- Aravot.am-ին ասաց Մանուկյանը։
Ըստ նրա՝ եթե այս իշխանություններին թվում է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու դեպքում այդ թեման դադարելու է շահարկվել միջազգային ասպարեզում, ապա տեղի է ունենալու ճիշտ հակառակը.
«Քանի որ մենք այլևս մեր ձեռքից բաց ենք թողնում այդ գործիքը, այն ավելի շատ են սկսելու օգտագործել և շահարկել մեր դեմ։ Եթե նախկինում դա անում էին մեր նկատմամբ որոշակի հարգանքով, ապա այսօր անելու են իրենց շահերը սպասարկելու համար»։
Կարդացեք նաև
Մանուկյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը տարիներ շարունակ օգտագործել ենք որպես Թուրքիային զսպելու որոշակի միջոց։
«Թուրքիան ամեն անգամ բախվելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ նախընտրում էր մի փոքր ավելի զգույշ լինել ՀՀ-ի հետ հարաբերություններում, որոշակիորեն կաշկանդված էր ՀՀ-ի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու հարցում։ Որովհետև կար միջազգային ճնշումը, և Թուրքիայի ցանկացած հակահայկական դրսևորում մենք միշտ կարողանում էինք ներկայացնել այս համատեքստում՝ ցույց տալով, որ դա Հայոց ցեղասպանության չճանաչման հետևանքն է, Թուրքիայի քաղաքականության շարունակականությունը։ Այսինքն՝ մենք ցեղասպանության ճանաչման հարցը որոշակի չափով որպես վահան էինք օգտագործում»,- ասաց նա։
Բացի արտաքին անվտանգությունից՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ըստ Մանուկյանի, շատ կարևոր գործիք էր նաև ՀՀ-Սփյուռք հարաբերությունների մերձեցման համար.
«Կար մի թեմա, որը Սփյուռքին միավորում էր ՀՀ-ի հետ, և դա Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգն էր։ Հիմա մենք դա էլ ենք մեր ձեռքից գցում։ Այսինքն՝ ներազգային խնդիր ենք ունենում, որովհետև այդ թեման այլևս չկա, և ևս մեկ պառակտող թեմա է առաջանում մեր ու Սփյուռքի միջև»։
Մանուկյանը նաև նկատեց, որ երբ Փաշինյանը հայտարարում է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն իրենց օրակարգում չէ, խախտում է Սահմանադրությունը.
«Այսօր դեռ ՀՀ Սահմանադրության մաս է կազմում Անկախության հռչակագիրը, որտեղ գրված է, որ ՀՀ-ն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ պետք է քայլեր կատարի։ Այսինքն՝ եթե ասում ես՝ մենք դա չենք անելու, դու խախտում ես Սահմանադրությունը։ Եթե Սահմանադրությամբ դա նախատեսված է, դու ո՞նց կարող ես դա հանել»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































