Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոս 14,1999 00:00
Hmayak Hovhannisyan

Այսօր, երբ միայն ծույլը չի խոսում ՀԺԿ-ում առկա տարակարծությունների մասին, իմ պարտքն եմ համարում հայտարարել, որ մեր կուսակցության շարքերում պառակտում չկա եւ չի էլ կարող լինել։

Կազմակերպչական առումով կուսակցությունը միասնական է եւ այդ միասնականության երաշխավորը Կարեն Դեմիրճյանն է։ Այլ հարց է, որ գոյություն ունի պատմությունից հայտնի հայրերի եւ զավակների փոխըմբռնման մշտական պրոբլեմ։ Քանի որ հասարակական կյանքում տեղի են ունենում համակարգային լուրջ փոփոխություններ եւ դրանք ընթանում են չափազանց ծանր ու ցավագին հունով, սերունդների փոխըմբռնման պրոբլեմը դրսեւորվում է արտակարգ սրությամբ։ Նոր սերունդը, որը ձեւավորվեց վերջին տասնամյակի ընթացքում արեւմտյան ազատական արժեքների ազդեցության ներքո, մերժում է հնամաշ մոտեցումները, արդիական հարցերի պատասխաններն ակնկալում է ստանալ ոչ թե անցյալից, այլ ապագայից։

Կ. Դեմիրճյանի ֆենոմենի բաղկացուցիչ եւ երեւի թե ամենաարժեքավոր մասն այն է, որ նոր սերունդը նրա վերադարձը մեծ քաղաքականություն ընկալեց ոչ թե որպես հին մոտեցումների վերականգնման՝ նոմենկլատուրային ռեւանշի, ապացույց, այլ որպես դեմոկրատական նվաճումների ամրագրման, բարոյական զարթոնքի, մրցակցային պայմաններում նոր աշխատատեղերի ստեղծման, ժողովրդի բարեկեցիկ եւ քաղաքակիրթ կյանքի երաշխիք։ ՀԺԿ ստեղծման առաջին իսկ օրից նոր սերնդի այդ վստահությունն էր ընկած կուսակցության սրընթաց քայլարշավի հիմքում։

Այժմ այդ չափազանց կարեւոր նվաճումները վտանգված են, քանզի Կ. Դեմիրճյանի շրջապատում փորձում են իրենց դիրքերն ուժեղացնել մարդիկ, ովքեր նոր սերնդի ինքնահաստատման ձգտումը, ազգին եւ հայրենիքին ծառայելու ցանկությունը որակավորում են «կարիերիզմ» պիտակով։ Կարծես վերջին տասնամյակը այդ մարդիկ անց են կացրել լեթարգիական քնի մեջ, այսօր արթնացել են եւ ջանում են վերադառնալ ի շրջանս յուր, երբ միեւնույն դեմքերին՝ նոմենկլատուրային, վերապահված էր ղեկավարելու «իրավունք», իսկ ցանկացած մեկը, ով այդ մենաշնորհը վերցնում էր կասկածի տակ, իշխող եւ միակ կուսակցության անունից դատապարտվում էր կարիերիզմին հագուրդ տալու մեղադրանքով։

Ամենացավալին այն է, որ նավթալինից հանած մոտեցումները դրանց կրողները առանց որեւէ հիմքերի հրամցնում են հասարակությանը Կ. Դեմիրճյանի անունից։ Նրանց այդ, մեղմ ասած, տարօրինակ վարքագիծը ինձ այդքան չէր զարմացնի, եթե մոտիկից չճանաչեի Կ. Դեմիրճյանին։ Իմ ութամյա մշտական շփումները Կ. Դեմիրճյանի հետ իրավունք են տալիս փաստելու նրա քաղաքական մտածողության թարմությունը, նորի նկատմամբ ընկալունակությունը, մեր կյանքում ժամանակակից գործելակերպի արմատավորմանը ամեն կերպ նպաստելու պատրաստակամությունը։

Ցավոք սրտի, այդ նույնը չեմ կարող ասել Կ. Դեմիրճյանին այսօր շրջապատող մարդկանցից ոմանց մասին։

Պատմությունից հայտնի է, որ հեղափոխական ժամանակաշրջանին միշտ գալիս է փոխարինելու վերականգնման ժամանակաշրջան, որը սինթեզում է հինը եւ նորը, կամրջում է անցյալը եւ ներկան։ Հեղափոխական մաքսիմալիզմի կործանարար պաթոսը միշտ ի վերջո տեղի է տալիս ավելի հավասարակշռված եւ սթափ մոտեցումներին, ինչի շնորհիվ ճանապարհ է բացվում անցյալի եւ ներկայի միջեւ, թվում է թե, մեկընդմիշտ խզված կապերի վերականգնման համար։ Այդպիսի բացասման բացասումը ոչ թե ժխտում է նորը, այլ ամրագրում է այն, դարձնելով իրապես անշրջելի։ Սակայն իրենց դարն ապրած սոցիալական խմբերի գիտակցության մեջ բացասման բացասումը ընկալվում է որպես ետընթացության եւ կորցրած արտոնությունների վերանվաճման հնարավորություն։ Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո՝ Բուրբոնների վերադարձի օրոք իրավիճակն այդպես էր գնահատում ֆեոդալների խավը, ինչը ժողովրդին առիթ տվեց ասելու, որ նրա ներկայացուցիչները ոչինչ չհասկացան եւ ոչինչ չսովորեցին նոր պատմական իրողություններից։

Ժողովրդավարության կարեւորագույն հատկանիշներից մեկը հասարակական կյանքում մրցակցային դաշտի ձեւավորումն է, երբ անհատները շուկայական տնտեսության պայմաններում մտնում են մրցակցության մեջ եւ ապացուցում են իրենց նյութական կամ մտավոր արտադրանքի արժեքը։ Եվ եթե մեկը մյուսի մտավոր սեփականությունից օգտվելով ցուցաբերում է ամբարտավանություն, դա քաղաքակիրթ հասարակություններում դիտվում է որպես կողոպուտ օրը ցերեկով՝ ուրիշ ոչինչ։

Եթե այդ նույն գնահատականը ժամանակակից շուկայական հասկացությունների հարթությունից տեղափոխենք բարոյական կատեգորիաների հարթություն, Վիլյամ Շեքսպիրից ավելի լավ ասել հնարավոր չէ. «Կյանքում ամենահրեշավոր երեւույթը անշնորհակալ մարդու վարքագիծն է»։

Հոդվածիս համատեքստում անցումը բարոյական արժեքների տիրույթ ամենեւին էլ պատահական չէ։ Մեր երկրի առջեւ այսօր ծառացած խնդիրները չեն կրում զուտ տնտեսական բնույթ։ Եթե այդպես լիներ, ճգնաժամի հաղթահարումը շատ ավելի կհեշտանար։ Ինձ համար ակնհայտ է, որ արդի տնտեսական ճգնաժամի հիմքում ի վերջո ընկած են բարոյահոգեբանական խնդիրներ։ Ուստի ճգնաժամի հաղթահարման բանալին պետք է փնտրել հավերժական արժեքների՝ փոխադարձ վստահության, արդարամտության, ազնվության, մարդկային համերաշխության, բարության, կարեկցության, հավատարմության, քաղաքացիական այլ առաքինությունների հաստատման ոլորտում։

Ճիշտ ասաց Վազգեն Սարգսյանն իր վերջին հեռուստաելույթում. «Պիտի վերջապես մեր միջից հանենք սովետական վերջին տասնամյակների առնել-փախցնելու հոգեբանությունը։ Ումի՞ց ենք փախցնում, իհարկե՝ ինքներս մեզնից։ Անգամ սովետական հզոր, թվում էր թե անսպառ հարստությունների տեր երկիրը չդիմացավ առ ու փախի այդ հոգեբանությանը»։

Համաձայնելով Վազգեն Սարգսյանի այս գնահատականին, պետք է նշել, որ սովետական վերջին շրջանին բնորոշ առնել-փախցնելու հոգեբանությունը հետխորհրդային շրջանում ոչ միայն արմատախիլ չարվեց, այլ էլ ավելի խորացավ։ Այսօր հասարակությունը բարոյազրկված եւ, հետեւապես, ամլացած վիճակում է։ Սովորական երեւույթներ են դարձել դավաճանությունը, նենգամտությունը, դաժանությունը, խարդախությունը, մորթապաշտությունը, ստորությունը։ Հիրավի, մեր ազգը գոյատեւել է շատ ավելի ծանր, ընչազուրկ ժամանակաշրջաններում, սակայն այսպիսի ստոր ժամանակաշրջան չի տեսել երբեք։

Իշխանություններն, ի վերջո, կգան այն համոզմունքին, որ պրագմատիզմի եւ տեխնոկրատիզմի նեղ շրջանակներում հնարավոր չէ հաղթահարել հասարակության բարոյալքությունը։ Այդպես Արեւմուտքում «ապագաղափարայնացման» տեսության հեղինակները՝ Դենիել Բելլը, Զբիգնեւ Բրզեզինսկին, Ռայմոն Արոնը հետագայում ստիպված եղան հրաժարվել իրենց մոտեցումներից եւ ութսունական թվականներից սկսած հիմնավորեցին հակառակ տեսակետը՝ գաղափարախոսությունների անանց նշանակությունը հասարակության կայուն զարգացման ճանապարհին։

ՀԺԿ ակտիվի հետ հանդիպմանը Վազգեն Սարգսյանի ելույթում ես նկատեցի հակասություն, որը, իմ կարծիքով, ժամանակը կստիպի հաղթահարել։ Մի կողմից նա շեշտում էր, որ կառավարությունն իր առջեւ ծառացած խնդիրները կարող է լուծել միայն նրա նկատմամբ ժողովրդի հավատքի առկայության պայմաններում։ Մյուս կողմից՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման կարեւորությունը հակադրեց այս կամ այն գաղափարախոսության որդեգրմանը, պնդելով, որ ժողովրդին գաղափարական խնդիրներն այսօր չեն հետաքրքրում։

Հարց է առաջանում. պրագմատիզմը կամ գաղափարական անորոշությունը արդյո՞ք կարող է մարդկանց դուրս բերել այս բարոյալքված հոգեվիճակից։ Կամ որտեղի՞ց պետք է ծնվի այն հավատքը, որը կօգնի կառավարությանը հաղթահարելու ճգնաժամը, եթե քաղաքացին չունի գաղափարական համոզվածություն, որ ապրում է արդար երկրում, ուր յուրաքանչյուրի վաստակը գնահատվում է արժանի չափով եւ յուրաքանչյուրն ունի մյուսներին հավասար հնարավորություններ սեփական գիտելիքներն ու կարողությունները հասարակությանը ծառայեցնելու համար։

Այսօր երկիրը հայտնվել է այնպիսի ծանր վիճակում, ժողովրդի հավատը արդարության նկատմամբ այնքան է խաթարված, որ իրավիճակը կարող են փրկել միայն անվերապահորեն ազնիվ եւ հանուն ազգի ինքնահրկիզման պատրաստ անհատականություններ։ Երկիրը կփրկվի վերջնական սնանկացումից, եթե համընդհանուր ջանքերով հաջողվի հաղթահարել բարոյական անկման իներցիան, վերականգնել ժողովրդի վստահությունը քաղաքական ղեկավարության եւ սեփական ապագայի նկատմամբ։

Այս խնդիրներն են ընկած նոր սերնդի գաղափարախոսության առանցքում։

ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀԺԿ գաղափարական-քաղաքական գծով քարտուղար,

ԱԺ պատգամավոր,

ՀՀ քաղաքագետների միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031