Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԵԼՅԱԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Նոյեմբեր 02,1999 00:00

Մոսկովյան թերթերից մեկի թղթակցի խնդրանքով նորից լսեցի այն շուրջ մեկ ժամանոց ձայնագրությունը, որ արել էի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում։ Ու նրա համար թարգմանելու ընթացքում բազմաթիվ մանրամասների ուշադրություն դարձրի, որոնց առաջին անգամ լսելիս չէի անդրադարձել։

Նախ, ամենակարեւորը, եթեր գնալ-չգնալու հարցերին անդրադառնալուց հետո Նաիրի Հունանյանը որեւէ մեկին չէր զանգել, երբ առաջինն իրեն են զանգում։ Թե ինչ հեռախոսով՝ չեմ կարող ասել, չնայած հայտնի է, որ նիստերի դահլիճում, սպասարկման ծառայության աշխատակցուհիների սեղանին հեռախոս կա։ Գուցե ինչ-որ մեկը կռահե՞լ էր, թե նրանց հետ կարելի է այդպես կապվել։ Նաիրի Հունանյանը հեռախոսազրույցի ընթացքում չի տալիս այդ առաջինը զանգահարած մարդու անունը։ Ահա այն ամենն, ինչ նա ասում է, ավելի ստույգ՝ այն, ինչ հնարավոր էր պարզորոշ լսել ձայնագրության մեջ. «Այո։ Լսում եմ։ Չէ։ Ո՞վ է զանգում։ Ասա՛։ Վազգեն Սարգսյանին սատկացրել եմ… Որ էս ժողովրդի արյունը ծծում էր»։

Խոսակցությունն այսքանով սահմանափակվում է, եւ Նաիրի Հունանյանն արդեն երկրորդ անգամ դիմում է Հմայակ Հովհաննիսյանին (դրանից առաջ էլ էր նույն հորդորն արել). «Համո՛, դու վախենալու բան չունես՝ վեր կաց, նստի՛ր (…)։ Դուք ի՞նչ ունեք վախենալու, էս պ…կի վաստակն էր էս ազգի արյունը ծծում՝ սատկացրինք, վերջացավ գնաց»։

Ի դեպ, նման արտահայտությունները հրապարակելու խորհուրդը հենց ռուս գործընկերս տվեց. «Հասկանո՞ւմ ես, մարդիկ նրա հայտարարությունները հեռուստատեսությամբ լսեցին, երբ նա շատ հանգիստ ու սթափ, անգամ կշռադատված խոսում էր արտագաղթի եւ սոցիալական խնդիրների մասին։ Բայց հարկավոր է ճշգրիտ փոխանցել, թե ինչպես էր նա խոսում նիստերի դահլիճում, այդ մթնոլորտը փոխանցել»։

Վերադառնանք ձայնագրությանը։ Դահլիճ ներխուժելուց հետո միայն 20-25 րոպե անց է լսվում, որ Նաիրի Հունանյանի հանցակիցներից մեկը հետաքրքրվում է. «Ո՞ւմ մոտ ատրճանակ կա, Նաիրի, գնա վեկալ։ Հեն ա՝ վերջում, վերջում»։ Չնայած ինքնակամ էլ հանձնում են՝ այնուամենայնիվ, խմբից ինչ-որ մեկը կարճ կրակահերթ է արձակում՝ թերեւս նախազգուշական։ Քանզի հայտնի է, որ առաջին րոպեներից հետո հաջորդող ժամերի ընթացքում, բարեբախտաբար, այլեւս զոհեր չեն եղել։

«Էդո՛, էդ դռները վափշե փակեք, էլի՛»,- սա էլ արդեն շուրջ կես ժամ անց է Նաիրի Հունանյանը հրահանգում։ Ի դեպ, այդ պահին նրան նորից են զանգում եւ լսվում է միայն նրա՝ «Լսում եմ, ի՞նչ կա» արտահայտությունը։ Ձայնագրության մեջ լսվում է նաեւ Նաիրի Հունանյանի հեռախոսային խոսակցությունը Հրանտ Մարգարյանի հետ. «Հրա՛նտ, Նաիրին ա։ Իմացար չէ՞։ Սատկացրել եմ էս շանը։ Վազգենին (դադարից ակնհայտ է, որ Հրանտ Մարգարյանն «ո՞ւմ» հարցն էր տվել- Ա. Ի.)։ Հենց ըտենց, ճակատից սատկացրել եմ»։ Այստեղ նրան ընդհատում է հանցակիցներից մեկը. «Արա, մի՛ երկարացրու։ Ասա՝ շուտ արա՛»։ Նաիրին շարունակում է խոսել եւ ներկայանում. «Հունանյան (էլի ակնհայտ է, որ Հրանտ Մարգարյանը նրան չէր ճանաչել- Ա. Ի.)։ Մոռացե՞լ ես։ Հրա՛նտ, ուրեմն էդ սրիկան սատկած ա։ Մենք Ազգային ժողովում ենք։ Տղեքին հավա… Ե՛ս եմ։ Քեզ հերիք չե՞մ ես։ Տղեքին հավաքում ես՝ գալիս ես ստե՝ վերջանում ա»։

Շտապօգնություն կանչելու առաջարկը անում է Անդրանիկ Մարգարյանը եւ Նաիրի Հունանյանը համաձայնում է։ Կարծես պրն Մարգարյանը առաջիններից մեկն է փորձում լեզու գտնել ավտոմատը ձեռքին անկանխատեսելի երիտասարդի հետ, որ մինչ այդ պահը գրեթե ամեն խոսքից հետո կրակահերթ է արձակում՝ ի սարսափ մնացածների կամ ինքն իրեն սիրտ տալու համար։

Ի դեպ, դրանից անմիջապես հետո եւս։ «Խոսրո՛վ, հեռախոսով զանգի զգուշացրա՝ ասա, մեկը մոտիկ էկավ դահլիճին՝ ստեղ բոլորը գնդակահարվելու են»,- Նաիրի Հունանյանի այս մի հրահանգն էլ Խոսրով Հարությունյանին է ուղղված, որն այդ օրը երկու սաստիկ ցնցում էր ապրել։ Բացի այն, որ անմիջապես Վազգեն Սարգսյանի կողքին էր, նաեւ հետո զենք էին պահել գլխին։ Այդ պահին Կարեն Հունանյանի Խոսրով Հարությունյանին ուղղված խոսքերը նույնպես լսվում են։ «Զանգե՛ք շրջանային կազմակերպություններին, քաղաքային կազմակերպություններին՝ թող արագ ժողովրդին բերեն ստեղ»,- հնարավոր չէ պարզորոշ տարբերակել, թե ում է ուղղված այս հրահանգը։ Բայց դրանից առաջ լսվում է, որ նա հետաքրքրվում է, թե ով կա կոմունիստների խմբակցությունից։ …

Իսկ այս մի մանրամասնը ձայնագրության միջոցով չեմ վերապատմելու, քանի որ շատ ավելի ուշ է եղել, երբ Նաիրի Հունանյանի խմբի եւ պատանդների փոխհարաբերությունները բավական հարթ էին եւ հնարավոր էր՝ անգամ ավտոմատը կողքը դնեին, նոր խոսեին։ Ահա նման մի պահի, երբ Շահեն Կարամանուկյանը թղթերը հանում, սկսում է գրել՝ Նաիրի Հունանյանը հետաքրքրվում է, թե ինչ է գրում։ «Քո գնդակահարության հրամանը»՝ հետեւում է պատասխանը։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930