Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական վերնախավի շրջանակից դուրս գտնվողի դիտարկումները

Փետրվար 04,2000 15:46

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի ասուլիսում ներկայացված վերլուծությունը բավական հետաքրքրական էր: Նա նրա կանխատեսումները նաեւ կարեւոր են, քանզի իրականանալու գեշ հատկություն ունեն:

Գառնիկ Իսագուլյանն արձանագրեց, որ վերջին տասնամյակում ձեւավորված քաղաքական վերնախավը բացարձակապես կապ չունի ժողովրդի հետ եւ վերջինս որեւէ կերպ չի կարողանում ներազդել այդ շրջանակին մաս կազմող ու Հայաստանի ճակատագիրը տնօրինող պետական մարմինների եւ քաղաքական գործիչների վրա։ Քաղաքական այդ վերնախավը ներփակված է որոշակի շրջանակում, ուր օտարների մուտքը գրեթե անհնարին է։ Սակայն վերնախավն իր միջից երբեմն վանում է առանձին անձանց ու քաղաքական կազմակերպությունների, երբ նրանք չեն բավարարում այդ շրջանակի պահանջներն ու պայմանները։ Այս փակ շրջանակի համար բնութագրական համարվեց դրսի ուժերի կողմից հեշտորեն կառավարվելը։

«Չկա՛ ընդդիմություն եւ դիմություն՝ սա կեղծ է։ Եվ այդ կեղծությունը հստակ երեւաց 1997-ի, այսպես կոչված, «իշխանափոխությունից» հետո,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։- Նույն շրջանակի մեջ փոխվում են անունները, դեմքերը, բայց պետության ու ժողովրդի համար, ըստ էության, իրական առաջընթաց տեղի չի ունենում»։ Ավելի ուշ առավել որոշակիացրեց այս շրջապտույտի որոշ հերոսներին. «Լեւոն Տեր- Պետրոսյանը գնաց, եկավ Ռոբերտ Քոչարյանը՝ ի՞նչ փոխվեց։ ՀՀՇ-ն գնաց, եկավ ՀՅԴ-ն՝ ի՞նչ փոխվեց»։

Նրա համոզմամբ, Վազգեն Սարգսյանը շատ լավ հասկացել էր այս համակարգի կործանարար դերը՝ որ այդ շրջանակը գործում է բացառապես ինքնապահպանման բնազդով եւ հաստատ որոշել էր այդ համակարգը քանդել (ավելի ուշ ներկա լրագրողուհիներից մեկը հեգնախառն հետաքրքրվեց, թե Վազգեն Սարգսյա՞նն էր Իսագուլյանին տեղեկացրել իր այդ մտադրության մասին եւ ստացավ՝ «Սա բացառապես մեր դիտարկումների արդյունքն է։ Սա վերլուծությունն է այն ամենի, ինչ այդ մարդիկ պատրաստվում էին անել եւ ասում էին» պատասխանը)։

Գառնիկ Իսագուլյանի համար միանշանակ էր, որ «Միասնության» երկու առաջնորդները փորձում էին բաց համակարգ ձեւավորել, այլապես հնարավոր չէր լինի խնդիրներ լուծել կոռուպցիայի դեմ պայքարով, տնտեսություն զարգացնելով կամ որոշակի անձերի փոփոխությամբ։ «Ժամանակն աշխատում էր ի վնաս այս երկուսի, քանի որ փակ շրջանակի մեջ եղածներից շատերը հասկանում էին, որ Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան զույգը փորձում էր քանդել այդ համակարգը,- ասաց պրն Իսագուլյանը։- Եվ երբ այդ համակարգը զգաց, որ վերջը եկել է՝ ահա դա ստիպեց, որ ծնվի հոկտեմբերի 27-ը։ Հոկտեմբերի 27-ը նախապատրաստվել եւ անցկացվել է ո՛չ այդ շրջանակից դուրս (…) Համակարգը թույլ չտվեց, որ իր մեջ ստեղծված ուժն իրեն կործանի»։

Ի դեպ, համակարգը քանդելու առումով նա խիստ կարեւորել էր այդ վերնախավից նախկինում դուրս գտնվող Կարեն Դեմիրճյանի մուտքն այդ շրջանակ. «Եվ այդ օտար մարմինը փակ համակարգն իրենից միայն մեկ ճանապարհով կարող էր հանել դուրս»։ Ոճրագործության նախաձեռնողների եւ կազմակերպիչների վերաբերյալ նման ուղղակի մեղադրանքներից հետո, բնական էր, որ լրագրողները պիտի հետաքրքրվեին, թե որոշակիորեն ո՞ւմ է համարում քաղաքական այդ վերնախավի մաս, սակայն Գառնիկ Իսագուլյանը պարտիզանի պես չէր տալիս անուններ։

Անդրադարձ եղավ նաեւ այն հարցին, թե արդյոք պատահակա՞ն էր վարչապետի պաշտոնում Արամ Սարգսյանի հայտնվելը։ Գյուտ չէր, թե դա իրավիճակային լուծում էր. սակայն Գառնիկ Իսագուլյանի վերլուծությամբ, այդ արագ լուծումը դարձյալ վերնախավի    ինքնապահպանման բնազդով էր թելադրված՝ այն վտանգի զգացողությամբ, թե հոկտեմբերի 27-ից հետո համակարգը կարող էր քանդվել ներքեւից. «Բայց մի բան հաշվի չառան, որ Արամ Սարգսյանը նույնպես այդ համակարգի անդամ չէր։ Նա չէր մասնակցել վերջին 10 տարիների քաղաքական խարդավանքներին»,- Գառնիկ Իսագուլյանը վարչապետին էլ անվանեց վերնախավի համար օտար մարմին, որը փորձում է շարունակել համակարգը քանդելու գործը։ Ու դա նախազգուշացման պես հնչեց։

Այժմ քաղաքական վերնախավի այն զանգվածը, որ միշտ նման պահերի կատարում է ծանր հրետանու դերը՝ սկսեց քննադատել, թե պատահական մարդիկ են հայտնվել կառավարությունում։ Ո՞ւմ մասին կարող է լինել «պատահական» հայտարարությունը (իր համոզմամբ, նկատի ունեն հենց վարչապետին- Ա. Ի.)։ Արդեն բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ 27-ի դեպքերն արտասահմանում մոռացել են։ Այստեղ էլ են շատ-շատերն ուզում, որ դա մոռացվի»,- վիճարկելի է, թե այն անձանց, որոնց խոսքից մեջբերումներ էր անում Գառնիկ Իսագուլյանը (ասենք, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանին) կարելի է վերնախավի ծանր հրետանու դեր վերապահել։

Ինչեւէ, այժմ նա կարեւորում էր, որ քաղաքական շրջանակից դուրս գտնվողներն աջակցեն Արամ Սարգսյանին, նրա կողքին այլ նոր մարդիկ հայտնվեն, այլապես ինքն էլ այդ վերնախավի անդամ կդառնա եւ կառաջնորդվի այդ համակարգի օրենքներով (ըստ իս, դա անխուսափելի է) կամ էլ նրան դուրս կվանեն. «Գուցե նույն սցենարը չլինի»։

Ի դեպ, Գառնիկ Իսագուլյանը վստահ էր, որ հոկտեմբերի 27-ի գործի քաղաքականացումը հանգեցնելու է դրա չբացահայտմանը. «Իմ կյանքի փորձն էլ ցույց է տալիս, որ նախաքննական մարմիններն այնքան էլ ոչ օբյեկտիվ չեն»,- առաջին անգամ խոստովանեց նա։ «Ես չգիտեմ, թե ինչն է կասկածի տեղիք տալիս,- հոկտեմբերի 27-ի գործի քննությունը վարողների մասին ասաց պրն Իսագուլյանը։- Ինձ համար չվստահելու որեւէ հիմնավոր փաստարկ դեռեւս չկա»։ Չնայած զինդատախազությանը գործը հանձնելն էլ համարեց պահի թելադրանքով եւ իրավիճակային լուծում։

«Առավոտը» փորձեց պարզել այն, ինչի մասին Գառնիկ Իսագուլյանն իր վերջին հրապարակումներից մեկում ակնարկել էր, թե Վազգեն Սարգսյանի սպանությունը նույն ուժերի ձեոքի գործն է, ովքեր այն ծրագրում էին 1995-ին։ «Իմ ակնարկները շատ հստակ են,- պատասխանեց պրն Իսագուլյանը։- Արտառոց դեպքեր են տեղի ունենում։ Անցնում է ժամանակ, փոխվում է իրավիճակը, սակայն ե՛ւ պետությունը, ե՛ւ այն կուսակցությունները, որոնց անմիջապես առնչվում էր այդ դեպքը, իրենք իրենց համար այն չեն ուսումնասիրում, պարզաբանում և հետեւություններ չեն անում։ Սա մի բան է նշանակում, որ թե՛ պետության, թե՛ այդ քաղաքական կազմակերպությունների վերնախավն ամենեւին շահագրգռված չէ դեպքերի իրական վերլուծությամբ եւ գնահատականով»։

Գառնիկ Իսագուլյանը նաեւ ասաց, որ 1995-ին նման ծրագրերի մասին քրեական գործի նյութերը պիտի իսկապես մտահոգեին իրավապահ մարմիններին։ Իսկ նույն իրականացնողների առնչությամբ դարձյալ կրկնեց. «Այն, ինչ տեղի է ունենում վերջին 10 տարիներին Հայաստանի Հանրապետությունում՝ բացառապես ծրագրվում է քաղաքական վերնախավի ներսում։ Եվ եթե կատարողները նույնիսկ դրսից են՝ հրահանգները ստանում են ներսից»։

Վերջում նշենք, որ ասուլիս հրավիրելու առիթ դարձած ասելիքը Գառնիկ Իսագուլյանը ներկայացրեց որպես բացառապես սեփական նախաձեռնություն եւ ոչ որեւէ մեկի պատվերի արդյունք։

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. «Ցավոք սրտի, նաեւ լրատվամիջոցներն են սկսել այդ վերնախավի մաս կազմել»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը։ Հիշեցնենք, որ այդ վերնախավի համար նա բնութագրական էր համարում ժողովրդի հետ կապի բացակայությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829