Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիս 30,2000 00:00

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԴԺԳՈՀ ԵՆ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ «Առավոտին» էր դիմել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի կատարման մեջ մեղադրվող Սասուն Աղաջանյանի քույրը։ Ռուզաննա Աղաջանյանը նախ պատմեց, որ ժամանակին Շուշիի գաղութից Սամվել Բաբայանին ազատելու համար, իր եղբայրը ադրբեջանցի մի դատախազ էր գերեվարել, հետո նրան փոխանակել «կոմանդույուշչու» հետ։ Հետագայում նրա թիկնազորի պետն էր (ինչպես ներկայացվեց պաշտոնապես) կամ հատուկ նշանակության N գումարտակի հրամանատարը։ Սամվել Բաբայանի պաշտոնանկությունից հետո Սասուն Աղաջանյանն ի շարս այլ հրամանատարների՝ հրաժարական ներկայացրեց եւ վեճեր էր ունենում Արկադի Ղուկասյանի հետ։ Ռուզաննա Աղաջանյանը պատմեց, թե դրանցից մեկի ժամանակ, երբ եղբայրը հետաքրքրվել էր, թե ինչ են ուզում իրենցից, ստացել էր հետեւյալ պատասխանը. «Դուք բոլորդ մարդասպաններ եք, ինչքան թուրք եք սպանել՝ այնքան էլ ձեզ դատ է հասնում։ Երբ արտասահման եմ գնում՝ ձեր պատճառով չեմ կարողանում մաքուր երեսով ներկայանալ, ասում են, թե կոտորել եք, գենոցիդ եք իրականացրել»։ Անկեղծ ասած, գրեթե անհավատալի է թվում, որ ԼՂՀ նախագահը կարող էր նման բան ասել, բայց Ռուզաննան պնդում էր, թե եղբայրը հենց այսպես է իրեն փոխանցել զրույցի բովանդակությունը։ «Առավոտին» դիմելու շարժառիթն առավել այն էր, որ ներկայացվեր՝ ձերբակալման պահին Սասուն Աղաջանյանը անկողնային հիվանդ է եղել, մինչ այդ մեկ ամիս շարունակ վատ է եղել։ Ռուզաննա Աղաջանյանը նաեւ ցանկանում էր պատմել, թե մարտական ինչ ուղի է անցել եղբայրը։ «Մարտի դաշտում միշտ առաջին գծում էր, բայց չէր սիրում աչքի ընկնել։ Մարմնի վրա առողջ տեղ չունի։ Երկրորդ կարգի հաշմանդամ է, բայց ամաչեց դրա համար թոշակ ստանալ։ Աֆղանստանում ծառայելուց հետո արդեն «կոնտուզիայով» վերադարձավ»։ Ի շարս այլ շքանշանների, մարտական խաչի 2 աստիճանի շքանշանների ասպետ է՝ մեկը ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք է ստացել, մյուսը՝ Արկադի Ղուկասյանի։ Հիշեցնենք, որ մի շրջան լուրեր էին տարածվում, թե Սամվել Բաբայանը մեկուսարանում ինքնասպան է եղել, հոգեկան հիվանդություն է ձեռք բերել եւ այլն։ Ռուզաննայի եւ նրա եղբոր պաշտպանի՝ Էդվարդ Աղաջանյանի վկայությամբ, այժմ նույն լուրերը կան Սասունի վերաբերյալ, թե «շատ վատ է, մինչեւ դատարան դժվար հասնի» եւ այլն։ Շուրջ երկու ամիս է, ինչ նրա հետ որեւէ մեկը չի հանդիպել, որ փարատվեն այս կասկածները։ «Ես ուզում եմ հայտարարել, որ եթե Սասունի հետ մի բան պատահի՝ պատասխանատուն ԼՂՀ գլխավոր դատախազն է։ Քանի որ ես ժամանակին միջնորդել եմ, գանգատարկել, տեղեկանքներ ներկայացրել, որ նրա առողջական վիճակը վատ է եւ ոչ մի արձագանք չի եղել»,- ասաց Էդվարդ Աղաջանյանը։ Իսկ Ռուզաննան պատմեց, թե իրենք չեն կարողանում Մավրիկ Ղուկասյանի ընդունելությանն արժանանալ, ԼՂՀ դատախազին իրենց բոլոր նամակները, դիմումները մերժվում են. «Մինչեւ նախաքննության ավարտը նպատակահարմար չենք գտնում» պատճառաբանությամբ։ Մինչդեռ ասեկոսեները բազմաթիվ են. «Հայրս նրան սնունդ էր ցանկացել փոխանցել եւ լսել, թե ինչպես էին Սասունի մասին ասում, որ այդ տղային թմրամոլ են դարձնելու, այնքան են սրսկում, որ գիտակցությունը տեղը չի՝ ինչ բերում են, ստորագրում է եւ ամեն ինչին համաձայնում։ Հիշողությունը մեկ կորցնում՝ մեկ գտնում է։ Ասենք, չի հիշել կնոջ անունը»,- Ռուզաննա Աղաջանյանը ենթադրում էր, որ այս պայմաններում նրա վրա կարող են ինչ-ինչ գործեր բարդել։ «Նրա հետ 10 րոպե զրուցելու ընթացքում հասկացա, որ չի պատկերացնում՝ որտեղ է գտնվում, իր հետ ինչ է կատարվում»,- պատմեց պաշտպանը։ Ինչպես եւ այլ մեղադրյալների (ասենք, Վարուժան Մելքումյանի) դեպքում՝ Սասունին էլ են փորձել տրամադրել իր պաշտպանի դեմ։ «Նրան ասել են, թե ես իրականում մեկ ուրիշի համար եմ աշխատում, նպատակ ունենալով նրա մեղքը բարդել Սասունի վրա,- պատմեց Էդվարդ Աղաջանյանը։- Վերջին անգամ էլ դատախազությունում ինձ ակնարկեցին, թե ես եմ կազմակերպել ու ստիպել, որ Սասունի ուշքը գնա քննչական գործողության ժամանակ։ Բայց ես ինչպես կարող էի դա անել, եթե իմ պաշտպանյալին տեսել եմ այդ քննչական գործողության կատարման օրը։ Մեկ էլ դրանից 10 օր առաջ էի տեսել՝ 5 րոպե եւ ոչինչ չէի խոսել հետը, քանի որ պահակային դասակի ներկայացուցիչները մեր կողքը կանգնած էին։ Ես դատախազությունում ասացի, որ եթե նման կասկածներ ունեին, թող բժիշկ բերեին ու պարզեին՝ դա սիմուլյացիա էր, թե ոչ»։ Ի դեպ, մարտի 22-ի ահաբեկչության գործով կալանավորվածների պաշտպանները դժգոհում էին այն իրավապաշտպաններից, որոնք այցելել էին կալանավորներին։ Սակայն այս մասին՝ այլ առիթով։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել