«2018-2026 թվականներին այս իշխանություններն ընդամենը մեկ գործիք ունեն՝ մարդկանց կալանավորելը». այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
«Որևէ իրավիճակում չեն զիջել և չեն զիջելու։ Մարդկանց կալանավորելն ու ռեպրեսիվ մթնոլորտ ձևավորելն է նրանց գործիքը։ Ուրիշ բան, որ այդ աստիճանի հետևողական լինեն․ նման բան չեք տեսել։ Այս իշխանությունները պատրաստ էին ասել՝ Արցախը Հայաստան է, և վերջ, որից հետո ամբողջությամբ մոռանալ Արցախը, նույնիսկ արցախահայության հավաքական վերադարձի իրավունքի մասին խոսքերը չարտաբերել, բայց կալանքի հարցում 2018-2026 թվականներին հետևողականություն են պահպանում»,- ասաց նա։
Վարդևանյանի խոսքով՝ հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերով, երբ անձը կալանավորվել է, այնուհետև գտնվել տնային կալանքի կամ այլ խափանման միջոցի պայմաններում, որևէ դեպք չի եղել, երբ այդ պայմանները խախտելուց հետո քննիչը կամ դատախազն առաջարկած լինի կրկին կալանավորել անձին։
Կարդացեք նաև
«Չեք գտնի նման դեպք։ Սամվել Կարապետյանը յոթ ամիս եղել է «Երևան» ՔԿՀ-ում, որից հետո այսքան ժամանակ գտնվել է տնային կալանքի պայմաններում, և ոչ մի խախտում չի եղել։ Այն, որ բոլորս գիտեինք՝ այդ գործով իրավաբանությունն ամբողջությամբ նսեմացվել է, և դա բացառապես քաղաքական հետապնդում էր, փաստ է։ Բայց ոչ պատշաճ վարքագծի մասին չեք լսել և չէիք էլ լսելու։
Այս գործով ևս կալանքի տեսքով առավել խիստ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չէիք տեսել և չէիք էլ տեսնելու։ Բայց կալանքի ֆետիշացումը մեկ նպատակ է հետապնդում՝ ամեն կերպ ընդդիմադիր գործիչներին ու հասարակությանը պարտադրել ալիևյան Սահմանադրությունը:
Սակայն Սամվել Կարապետյանին ճանաչողները գիտեն, որ սա զրոյական ազդեցություն է ունենալու, որովհետև Սամվել Կարապետյանը գտնվում էր ԱԱԾ-ի նկուղում, բայց մշտապես բարձր տրամադրություն ուներ, ժպիտը դեմքին էր։ Նա հայ տղամարդու այդ տեսակն է»,- ասաց Վարդևանյանը։
Նա նաև նշեց, որ այսօր քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպում պետք է տեղի ունենար Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, քանի որ հենց նրա նախաձեռնությունն էր և պատահական չէր, որ հենց երեկ տեղի ունեցան Կարապետյանի հետ կապված այդ գործընթացները, թեև հանդիպումը տեղի ունեցավ հենց երեկ, բայց առանց Սամվել Կարապետյանի:
Վարդևանյանը հստակեցրեց, որ առկա է ավելի քան տասը քաղաքական միավորների հայտարարություն չորս հիմնարար նպատակների շուրջ և վստահեցրեց, որ ուժեղ Հայաստան ունենալու ենք:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































