Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 20,2000 00:00

ԲԱԽՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՇԵՆՔՈՒՄ «Զինվոր եւ իրավունք» հասարակական կազմակերպության անդամները երեկ ժ. 11.00-ին նախատեսել էին հանդիպել զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Խնդիրն առնչվում էր նրանց որդիների սպանության գործերին, դրանց բացահայտմանը։ Զինդատախազություն էին գնացել, այնուհետեւ՝ խմբագրություն եկել որդեկորույս մայրեր Էմմա Հունանյանը, Անահիտ Փիլոյանը, Էլյա Հարությունյանը, Սանամ Քոչարյանը, Գյուլնարա Վարդերեսյանը, Սվետա Խաչատրյանը, Մարգարիտա Խաչատրյանը, Շուշան Դանիելյանը, Թագուշ Ոսկանյանը, Հերիքնազ Բադալյանը, Վարդիշաղ Եղիազարյանը… Նրանք տեղեկացրին, որ քննիչներ Հարութ Հարությունյանը, Յուրա Բադալյանը նախ «մատ թափ տվեցին վրաներս։ «Արա՛, դուք ո՞վ եք» ասելով հարձակվեցին սպանվածների ծնողների վրա», երբ վերջիններս էլ իրենց դժգոհությունն են հայտնել քննիչներից… Ըստ ծնողների, Գ. Ջհանգիրյանը միանալով քննիչներին, նախ բղավում է. «Սպեցը ինչի՞ համար է, կանչե՛ք», որից հետո գալիս է… «սպեցը»։ Իսկ ընդհանրապես, ահա թե ինչ էին ասում ծնողները. – Շուրջ 2-3 տարի տառապում ենք մենք մեր երեխաների քրեական գործերով, չեն կարողանում բացահայտել, չենք իմանում մեր երեխաների մահվան պատճառը։ – Եթե մի հրամանատար պատժվեր, մեր սեւազգեստ կանանց թիվը չէր շատանա։ – 1998 թ. «հետախուզման» մեջ իմ որդուն սպանողներից կա։ Ոչ մի հետախուզում էլ չկա։ – Մեկին դատում են, մնացածին փախցնում։ – Չեն ուզում բացահայտել, քանի որ որոշ գործերում պիտի մեղադրվեն հրամանատարները։ Մեր բողոքի ցույցն այն է, որ դատախազությունը ծնողներին է ծեծել։ – Հենց հարցը հասնում է հրամանատարներին, հրամանատարները քաղաքում չեն։ Լքում են պոստերը ու փախնում են։ – Բոլոր քննիչները հայհոյելով մատ էին թափ տալիս, բայց ստացան նույն պատասխանը… Մենք հեռախոսով կապվեցինք նաեւ ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ՝ ճշտելու, թե ի՞նչ է տեղի ունեցել դատախազության շենքում։ Նա ասաց, որ զինվորների մայրերը միշտ էլ գալիս են իրենց մոտ եւ ընդունելության օրն էլ ուրբաթ օրն է, եւ ոչ՝ երկուշաբթին։ «Իսկ քննիչները ծեծի ենթարկե՞լ են մայրերին» մեր հարցին էլ պատասխանեց. «Նրանց ոչ ոք ձեռքով չի կպել, մատով չի կպել։ Իրենք գալիս էին դատարանից (Կարեն Ասլոյանի գործով), ուր դատական նիստը, փորձաքննության հետ կապված, հետաձգվել էր։ Մինչեւ միջանցք դուրս եկա (արտերկրից մի ծերունի կար մոտս նստած), տեսա, որ քննիչների վրա են հարձակվել… Ընդհակառակը, մուտքը պահպանող զինվորներին հրելով, նրանք բարձրացել էին 4-րդ հարկ… Զինվորական դատախազությունը դատական նիստի հետաձգման հետ կապ չունի։ Պարզապես մոդայիկ է պատեհ-անպատեհ զինդատախազությանը քարկոծել»։ Այնուհանդերձ, գուցե այս վիճակը չստեղծեին զինդատախազության քննիչները, որոնց դիմաց կանգնած կանայք ա՛յս պետությանը զինվոր տված մայրեր են եղել։ Մայրեր, որ ուզում են հասկանալ. ինչպե՞ս եղավ, որ իրենց որդիները պաշտպանելու գնացին հայրենիքը, իսկ հայրենիքը չպաշտպանեց նրանց։ Էդգար Գրիգորյան, Սմբատ Հակոբյան, Արթուր Հարությունյան, Դավիթ Մելիքսեթյան, Իշխան Գալստյան, Հունան Խաչատրյան, Արսեն Հարությունյան, Միհրան Պետրոսյան, Կարեն Ոսկանյան, Իշխան Բադալյան, Հովհաննես Եղիազարյան… Այս երիտասարդները սպանվել են չպարզված հանգամանքներում։ Եվ հասկանալ է պետք նրանց ծնողներին… Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել