Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 20,2000 00:00

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻՆ՝ ԱԿՆՀԱՅՏ Հայաստան ժամանած մեծահարգ եւ, պետք է նշել, կրթությամբ եւ աշխարհայացքով ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին չզիջող մտավորականներին ոչ մի կերպ հնարավոր չի լինում հասկացնել, որ Հայաստանը վարում է կոմպլիմենտար քաղաքականություն։ Նրանք ցանկանում են ճշտել՝ իրե՞նք են անընկալունակ, թե՞ «կոմպլիմենտար քաղաքականություն» ասվածը բնության մեջ այնքան էլ տարածված երեւույթ չէ։ Դասական գրականությունը «կոմպլիմենտարություն» ասվածի մասին այնքան ժլատ տեղեկություններ է տալիս, որ կարելի է ասել՝ լռում է։ Սակայն այլ է գիտական գրականությունը եւ, շատ հեռու չգնանք, հանրագիտարանայինը։ 1973-ին տպագրված Սովետական մեծ հանրագիտարանի 12-րդ հատորի 591-րդ էջում մի ողջ հոդված կա՝ «Կոմպլիմենտարություն» խորագրով։ Այստեղ սեւով սպիտակին գրված է հետեւյալը. «Կոմպլիմենտարությունը» (մոլեկուլային, կենսաբանության մեջ) փոխադարձ համապատասխանություն է, որն ապահովում է միմյանց լրացնող կառույցների կապը»։ Հիմա՝ մեր օրինակով, մի կողմը՝ Ռուսաստանն է, մյուս կողմը՝ Ամերիկան։ Հայաստանը մեջտեղի սեւ կետիկներն են, որ մեկ է՛ս կողմ են գնում, մեկ՝ էն։ Բայց վերջում (ինչպես նկարից է երեւում), դուրս են թռնում… Գուցե թե գիտական այս տերմինի եւ ՀՀ արտգործնախարարի որդեգրած արտաքին քաղաքականության միջեւ տարբերություն կա, սակայն, որոշակիության առումով՝ հօգուտ… Սովետական մեծ հանրագիտարանի։ Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել