Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը տիպիկ լեռնային երկիր է՝ բույսերի չափազանց հարուստ բազմազանությամբ (մոտ 3500 տեսակ)։

Փետրվար 02,2001 00:00

Ծառերը երկրի թոքերն են Հայաստանը տիպիկ լեռնային երկիր է՝ բույսերի չափազանց հարուստ բազմազանությամբ (մոտ 3500 տեսակ)։ Համեմատաբար ոչ մեծ տարածքում, ըստ ուղղաձիգ գոտիականության, միմյանց հաջորդում են չոր անապատներ-կիսաանապատները, տափաստանները, անտառները, մերձալպյան եւ ալպյան մարգագետինները։ Մեկ բնակչի հաշվով անտառածածկ տարածքը կազմում է 0,1հա, որը զգալիորեն ցածր է միջազգային միջին նորմից։ Խիստ կտրտված ռելիեֆի, լեռնալանջերի մեծ թեքության հետեւանքով հանրապետության ընդհանուր տարածքի 41%-ը տարբեր աստիճանի էրոզացված հողեր են։ Ըստ անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի, հանրապետության տարածքի շուրջ 80%-ի վրա դիտվում են անապատացման երեւույթներ։ Վերջին տասնամյակի ընթացքում, շրջափակման եւ էներգետիկ ճգնաժամի հետեւանքով, բնակչությունը ստիպված էր օգտվել սեփական էներգակիրներից՝ հիմնականում բնափայտից։ Այդ ժամանակահատվածում չհամակարգված ծառահատումների հետեւանքով աննախադեպ կորուստ կրեցին հանրապետության անտառները եւ պաշտպանական կանաչ գոտիները։ Մի շարք մասնագետների գնահատմամբ՝ տարբեր ինտենսիվության հատումներ են իրականացվել շուրջ 100 հազար հա անտառային տարածքների վրա։ Միջազգային փորձագետների գնահատմամբ՝ այդ ժամանակ Հայաստանում տարեկան օգտագործվում էր 700 հազարից մինչեւ 1 մլն հա բնափայտ, ընդ որում՝ բարձրարժեք բնափայտի (հաճարենի, բոխի, կաղնի եւ այլն) գերակշիռ մասն օգտագործվում էր որպես վառելափայտ։ Մեծածավալ ծառահատումներից տուժեցին նաեւ ավտոմայրուղիների եզրերին ստեղծված պաշտպանական անտառաշերտերը։ Այժմ առաջնահերթ խնդիր է դարձել ինչպես ծառահատված անտառների եւ կանաչ գոտիների վերականգնումը, այնպես էլ հանրապետության անտառազուրկ շրջանների անտառբարելավման միջոցառումների իրականացումը։ Այս անհանգստությունները հայտնի դերասան Սոս Սարգսյանին եւ հանրապետության մի շարք կենսաբան-բուսաբանների հավաքել են՝ ստեղծելու «Կանաչազարդ Հայաստան» համահայկական միությունը։ «Անտառածածկ է մեր երկրի ընդամենը տասից պակաս տոկոսը։ Բերրի հողերն արոտավայրերով կազմում են մոտավորապես 32%-ը։ Մեր ունեցած հողերի կեսից ավելին անօգտագործելի է։ … Բազում սարալանջեր ծառահատման պատճառով մերկացան. անձրեւաջրերը քշում, տանում են հողերը։ Իսկ մեկ սանտիմետր հողը գոյանում է 200 տարում միայն։ Ջրատար հողն անդառնալի կորուստ է։ Հայաստանում մեկ շնչին ընկնող կանաչ ծածկույթը ընդունված միջազգային չափանիշներից ցածր է 20 անգամ»։ Այս ահազանգերը նորաստեղծ միությունը հնչեցնում է հայությանն ուղղված իր դիմումում։ Մտավորականների այս խումբը համոզված է, որ «ծառը հայի համար պետք է դառնա պաշտամունքի առարկա», քանի որ հենց ծառն է պահպանում հողաշերտը, ծառն է պահում խոնավությունը։ Նորաստեղծ միությունը կունենա իր մասնաճյուղերը բոլոր մարզերում, իսկ գյուղերում կգործեն օժանդակ խմբեր՝ «Կանաչ պարետներ»։ Արդեն իսկ գործում է գիտնականների խորհուրդը, որը առաջիկա անելիքների ծրագրեր է մշակել։ «Կանաչազարդ Հայաստանն» իր առջեւ նպատակ է դրել՝ վերականգնել հատված անտառները եւ պաշտպանական կանաչ գոտիները, ընդլայնել անտառածածկ տարածքները, կարգավորել հանրապետության էկոլոգիական հաշվեկշիռը, ապահովել այս աշխատանքների համար անհրաժեշտ ներդրումները եւ ներգրավել հասարակության լայն խավերին կանաչապատման աշխատանքներին։ Հաշվարկվել են նաեւ ծրագրի իրականացումից ակնկալվող օգուտները՝ էկոլոգիական, տնտեսական, տեխնիկական, սոցիալական։ Միությունը աջակցություն ակնկալում է ոչ միայն դրամական տեսքով, այլեւ՝ ծառատունկերի, սերմերի եւ առաջարկությունների։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել