Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում

Փետրվար 02,2001 00:00

«ԵՍ ԿԱՄ ԵՎ ՉԿԱՄ» Ասում է դիրիժոր Զավեն Վարդանյանը Անտիկ քիչ ժողովուրդներ են հարատեւել, որ այսօր էլ համընթաց են արդի քաղաքակրթությանը, դրանց մեջ հայ ժողովուրդը պետք է համաշխարհային մշակույթի հետ իր երկխոսությունը վարի հավաստի իրավունքով: Այս նվիրական նպատակով ոչ այնքան հեռու անցյալում՝ Երեւանի պետական նվագախմբի եւ Ազգային օպերային թատրոնի դիրիժոր, այսօր՝ մշակույթի նախարարության «Հայ հոգեւոր երաժշտության կատարման եւ հետազոտման պետական կենտրոնի» տնօրեն Զավեն Վարդանյանը հիմնեց «Հայկական բախյան ընկերությունը»: «Մենք նպատակ ունենք պատրաստել երաժշտագետների ու կատարողների, որոնք խորապես կուսումնասիրեն Բախի՝ հատկապես հոգեւոր ժառանգության տեսական ու կատարողական խնդիրները, հասկանալ եւ յուրացնել նրա Մեծ Ոգու առեղծվածային գաղտնիքը: Իսկ մեր ժողովրդի Ոգու ազատ թռիչքից, նրա Ոգու մեջ կատարվող գեղարվեստական պայթյուն-բռնկումներից ծնունդ առած հայ հոգեւոր երաժշտության խնդիրների հետեւողական ուսումնասիրման նպատակ ունի «Հայկական բախյան ընկերություն» բախագիտության կենտրոնի հոգեւոր երաժշտության բաժինը»: Բնական է՝ պետք է իմանալ եւ մերը եւ համաշխարհայինը: Պետք է ի վերջո դադարել հրամցնել սին արժեքներն՝ իբրեւ բարձր արժեք ունեցող երեւույթ, փորձել մեր Կոմիտասը, Նարեկացին… դուրս բերել համաշխարհային երաժշտական ասպարեզ եւ ինչպես մաեստրոն է ասում. «Պետք է ազատվել գավառական մտածողությունից ու հոգեբանությունից: Պետք է փորձել ազգայինը եւ համաշխարհայինը զուգահեռաբար առաջ տանել: Պետք է լինի մշակութային ինտեգրացում: Այս դեպքում կկոչվենք քաղաքակիրթ ազգ»: Այսօր, համաշխարհային վոկալ երաժշտության ոսկե ֆոնդն է կազմում գերմանական Lied-ը եւ միջազգային մրցույթներում այն ընդգրկված է պարտադիր ծրագրում: Մաեստրոյի խոսքերով. «Մեզ մոտ՝ գերմանական երաժշտության, մասնավորապես գերմանական օպերայի իմացությունը կաղում է, իսկ օրատորիալ ժանրի կատարման ժամանակ ականատես ենք լինում անսամբլային կուլտուրայի պակասին՝ ձայների մեջ պարզ ու բնական զրույց չկա… Առաջարկել եմ կոնսերվատորիայում ստեղծել հայ հոգեւոր երաժշտության եւ օրատորիալ ժանրի, ինչպես նաեւ գերմանական Lied-ի ամբիոն, որը մինչ օրս չի հաջողվում իրականացնել»: Զավեն Վարդանյանի ջանքերով, 1999 թվականին անցկացվեց հոգեւոր երաժշտության, արդեն ավանդական, փառատոն՝ «301-2001թթ.» խորագրով: Փառատոնային նվագախմբի կատարմամբ, բնականաբար մաեստրոյի ղեկավարությամբ հնչեցին Բախի «Տառապանքներ ըստ Հովանու», «Տառապանքներ ըստ Մատթեոսի» օրատորիաները բնագրերով: Հետադարձ հայացք ձգելով, ասեմ՝ 1995 թվականին առաջին անգամ մաեստրոն իրականացրեց Մոցարտի «Առեւանգում հարեմից» օպերայի, իսկ 1996 թվականին՝ ֆիլհարմոնիկ երիտասարդական նվագախմբի եւ երգչախմբի կատարմամբ՝ Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի համերգային կատարումները բնագրերով: «93 թվականից, երբ հիմնել էի Գերմանո-ավստրիական երաժշտության բարեկամների ընկերությունը, մինչեւ օրս բնակարանս դարձել է վոկալի մի լսարան: Հաղորդակից եմ դարձնում Շտրաուսի, Մալլերի, Վոլֆի… երգերին: Ասեմ, որ իմ ուսանողներից Հռոմի օպերային թատրոնում է աշխատում Սուրեն Շահինջանյանը, Վայմարի թատրոնում՝ Հայկ Դեինյանն ու Սաթենիկ Մկրտումյանը, Բոստոնում՝ Եղիշե Մանուչարյանը, Գերմանիայի Քոբլենց քաղաքի օպերային թատրոնում են երգում Կարինե եւ Մկրտիչ Բաբաջանյանները, մեզ մոտ՝ Վարդուհի Խաչատրյանը, Աննա Մայիլյանը, Ջուլիետ Գալստյանը եւ ուրիշներ: Հեշտ է ասել, խոսել, պատմել…: Մեր ընկերությունը հաղթահարել է կոնսերվատորիայի որոշ դասախոսների որոշակի դիմադրությունը: Կուզեի առանձնահատուկ նշել վոկալ բաժնի պրոֆեսոր Մարիաննա Հարությունյանի աջակցությունը, խորհուրդ հարցնելու նրա կարողությունը: Սա մեծ, հազվագյուտ ու գնահատելի հատկանիշ է, հա՜…»: Ի դեպ, Զ. Վարդանյանը կոնսերվատորիայում 1997 թվականից դասավանդում է վոկալ անսամբլ: Երկու տարի առաջ ընկերության հրավերով մեր կոնսերվատորիայում վոկալ վարպետության բարձրացման, կատարելագործման դասընթացներ է անցկացրել գերմանացի հայտնի պրոֆեսոր Վոլլիցը: Անցյալ տարի ընկերությունն անցկացրեց գիտաժողով՝ նվիրված Բախի եւ հայ հոգեւոր երաժշտության հարցերին: Զավեն Վարդանյանը «Հայկական շեքսպիրյան ընկերության» նախագահն է նաեւ: Մի տխուր փաստ. այսօր դիրիժոր Զ. Վարդանյանին չենք տեսնում ոչ ֆիլհարմոնիկ, ոչ օպերային թատրոնի, ոչ կամերային նվագախմբերի դիրիժորական վահանակի առջեւ (եթե տեսնում ենք, ապա՝ հազվադեպ): Ահա թե ինչու է մաեստրոն ասում. «Ես կամ եւ չկամ»: ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել