Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՊԵՐԱՏՈՐԻ ՎՐԱ ԳՈՐԾ «ԿՊՑՐԻՆ»

Փետրվար 06,2001 00:00

ՕՊԵՐԱՏՈՐԻ ՎՐԱ ԳՈՐԾ «ԿՊՑՐԻՆ» Զանգվածային լրատվամիջոցների կողմից, չգիտես ինչու, լռության մատնվեց այս քրեական գործը։ Իսկ այս գործը ես համարում եմ 2000թ. ամենախայտառակ իրադարձությունը լրատվամիջոցների գործունեության ժամանակամիջոցում։ 2000թ. հոկտեմբերին, «Ա1+» հեռուստատեսության օպերատոր Ռոբերտ Խարազյանը «Մամուլի տեսություն» հաղորդաշարի համար հերթական նկարահանումներն էր կատարում Սունդուկյանի անվան թատրոնին հարող այգում։ Այդ ժամանակ էլ, ինչպես վկայում է նաեւ գործով վկա ճանաչված «Առավոտի» լրագրող Լուսինե Մարգարյանը, իրենց է մոտենում հարբած, անլվա մեկը։ «Ազգիս բան ունեմ հայտնելու»,- կպչուն տոնով ասում է հարբածը, որը «բոմժի» տպավորություն թողեց առաջին իսկ հայացքից։ Նա խանգարում է լրագրողներին աշխատել. «Շարունակ միջամտում, ծամածռություններ էր անում»։ Ռոբերտը, իր մասնագիտական կոչմանը հավատարիմ, լռելյայն կատարում էր իր գործը. նկարահանումները շարունակում։ Լրագրողները (Վասակ Դարբինյան, Լուսինե Մարգարյան) քիչ անց Ռոբերտին թողեցին «կադրեր հավաքելու» եւ հեռացան։ Հետագայում, ինչպես պարզվեց, Ռոբերտի դեմ հարուցված քրգործում, բոմժը մոտենում է նրան, քաշքշում… դառնում տուժող։ Այս խայտառակ պատմության վերջաբանը տրվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (նախագահող դատավոր՝ Ռուբեն Ներսիսյան), փետրվարի 1-ին։ Բոմժ-տուժողն, իհարկե, չերեւաց (իբր «նվազ մարմնական» վնասվածք էր ստացել) դատաքննության ժամանակ եւ դատաքննությամբ պարզված «ապացույցների» լույսի ներքո էլ Ռոբերտին 6 ամիս հարկադիր «շնորհվեց»՝ աշխատավարձի 10 տոկոսի բռնագանձումով։ Լրատվամիջոցների ուշադրությունն եմ հրավիրում սույն խայտառակ դատավճռի վրա. դատավճիռ, որով ոտնահարվել են իր մասնագիտական պարտքն օրենքով կատարող օպերատորի իրավունքները։ Առաջին անգամ։ Եվ դա շարունակելի կլինի, եթե այս դատավճռի դեմ չընդվզեն լրատվամիջոցները։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել