Լրահոս
Օրվա լրահոսը

Դա արդեն լավ է

Փետրվար 08,2001 00:00

Դատարանում քննարկվում է հեղինակային իրավունքը Դա արդեն լավ է Փետրվարի 5-ին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվեց հեղինակային իրավունքի պաշտպանման կապակցությամբ քաղհայցի քննությունը։ Հայցվորները՝ Գեւորգ Մալխասյանը (արդարադատության առաջին փոխնախարար) եւ Ռոբերտ Ավագյանը («Իրտեկ» ՓԲԸ տնօրեն) դիմել էին դատարան՝ ընդդեմ «Ջոինթ Ֆայնենշլ Գրուպ» ՍՊԸ-ի։ Պահանջվում էր ՋՖԳ ընկերությունից բռնագանձել 3720000 դրամ եւ կանխել իրենց հեղինակային իրավունքի խախտման գործողությունները։ Ավանդույթի համաձայն, դատաքննությունը սկսվեց մեկ ժամ ուշացումով։ Նախ ՋՖԳ ընկերության լիազոր-ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը դատավոր Ա. Սուքսյանին բացարկ հայտնեց։ Բացարկում շեշտվում էր այն հանգամանքը, որ դատավորը «միանշանակ շահագրգռված է այս գործի ելքով՝ հօգուտ հայցվորների»։ Ըստ նրա, Ա. Սուքսյանը, առանց օրենքով պահանջվող անհրաժեշտ հիմքերի, բավարարել էր հայցվորների դիմումը եւ արգելք դրել ՋՖԳ ընկերության գույքային եւ դրամական միջոցների վրա։ Երկարատեւ խորհրդակցությունից հետո դատարանի նախագահը պատասխանողների միջնորդությունը մերժեց։ Այնուհետեւ հայցվոր կողմը միջնորդեց մասնագիտական փորձաքննություն անցկացնելու։ Նրանք պնդում էին, որ ՋՖԳ ընկերությունը ապօրինի օգտվել է Գ. Մալխասյանի եւ Ռ. Ավագյանի օրենքների եւ գերատեսչական ակտերի հեղինակային հավաքածուից։ Դատարան ներկայացվեցին երկու ընկերությունների՝ նույն օրենսդրական ակտերի համակարգչային տարբերակները։ Դրանցում թույլ տրված տառասխալները եւ բացթողումները նույնն էին, ինչը, հավանաբար, պետք է ապացուցի, որ ՋՖԳ ընկերությունը յուրացրել է այդ տեքստերը: Մենք փորձեցինք Ռ. Ավագյանից՝ խնդրի ավելի մասնագիտական մեկնաբանությունը ստանալ։ Ցավոք, «Իրտեկի» տնօրենը մեր խնդրանքը մերժեց։ ՋՖԳ-ի ներկայացուցիչները առարկեցին միջնորդությանը, պնդելով, որ ներկայացված հայցադիմումում անորոշ են պահանջները։ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը պահանջում է հեղինակային իրավունքի պահպանության նշանում հիշատակվի իրավատիրոջ՝ անձի անունը։ Իսկ փաստաթղթերում դրա փոխարեն գրված է «Իրտեկ»։ Կեսժամյա կարճ քննարկումից հետո դատավորը նշանակեց մասնագիտական փորձաքննություն։ Դատավարությունը կշարունակվի փետրվարի 12-ին։ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել