Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ

Փետրվար 08,2001 00:00

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ Փետրվարի 6-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կայացավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Իրանի Իսլամական հանրապետության հեղափոխության հաղթանակի 22-րդ տարեդարձին։ Համերգի բոլոր տոմսերը սպառված էին, վաճառվել էր նաեւ շուրջ 200 մուտքի տոմս, դահլիճը լեփ-լեցուն էր, եւ այս ամենի հետ միասին մի մեծ խումբ երաժշտասերներ, ցանկանալով ներկա գտնվել համերգին, հավաքվել էին շենքի շուրջ։ Համերգի ծրագիրը սկսելուց առաջ հանդիսականներին եւ ՀՖՆ-ին դիմելով, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին նշեց, որ ականատեսը լինելով Իրանի նկատմամբ այսպիսի ուշադրության, այսուհետ էլ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնեն երկու երկրների մշակութային հարաբերությունների զարգացմանը։ Ողջույնի խոսքով նաեւ հանդես եկավ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Կարեն Արիստակեսյանը, որը կարեւորելով մշակույթի դերը երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում նշեց, որ շուտով Թեհրանում կանցկացվեն Հայ մշակույթի օրեր։ Համերգին հնչեցին Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի նախերգանքը, դաշնամուրի եւ նվագախմբի կոնցերտը (մենակատար՝ Արմեն Բաբախանյան), Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերեզադե» սիմֆոնիկ սյուիտը (ջութակի մենանվագը՝ Սիբիլլե Չոփփ)։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել