Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմակերպ ու խայտաբղետ այս աշխարհը իր բազում խորհուրդներով

Փետրվար 14,2001 00:00

Երաժշտության մի բարի աշխարհ Ադամ Խուդոյանի 80-ամյակին Բազմակերպ ու խայտաբղետ այս աշխարհը իր բազում խորհուրդներով ներկայանալի է նաեւ անհատականի նկարագրերով։ Ահա աշխարհընկալման ու զգացմունքային յուրօրինակ, անհատական աշխարհ կերտեց կոմպոզիտոր Ադամ Խուդոյանը։ Բարի է Ադամ Խուդոյանի երաժշտական աշխարհը։ Թերեւս պատահական չէ, որ հայ վոկալ երաժշտության քրեստոմատիկ համարվող նմուշներից մեկը՝ Ադամ Խուդոյանի ռոմանսը, գրված է Եղիշե Չարենցի «Բոլորը քեզ» հայտնի քառատողի տեքստով։ Ադամ Խուդոյանը ներկայացուցիչն է հայ ստեղծագործական դպրոցի այն տաղանդաշատ համաստեղության, որոնք ասպարեզ գալով 40-ական թվականների կեսերին, իրենց անկրկնելի անհատականություններով ազգային երաժշտությունն ուղղեցին դեպի նոր հորիզոններ։ Դա իրենց ապրած հակասություններով լի ժամանակի գեղարվեստական մարմնավորումն էր, դա հայրենական երաժշտական մշակույթը թարմ արտահայտչաձեւերով հարստացնելու, նորի ակտիվ ձեռքբերումներն էին, նաեւ՝ հայ երաժշտության լայն տարածման նպատակներն էին։ Ադամ Խուդոյանի ստեղծագործական ճանաչումը ակնհայտորեն սկսվեց 60-ական թվականների սկզբներին, երբ 1963-ին նրա հեղինակած թավջութակի մենանվագ սոնատը Պրահայում ճանաչվեց այդ ժանրի լավագույն ստեղծագործություն։ Հետագա տարիներին նրա հորինվածքները պետք է կատարվեին միջազգային մրցույթներում։ Իսկ մինչ այդ կոմպոզիտորը կուտակում էր իրեն անհրաժեշտը՝ իր երաժշտական ուրույն աշխարհը կերտելու։ Ուսում Երեւանում, Մոսկվայում, կապեր արվեստի բազում մեծերի հետ ու նրանցով իր աշխարհը բացելու կարողություն։ Կերտում էր իր աշխարհը հնչյունային արվեստի ամենատարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, վոկալ, կամերային։ Իր որոնումների մեջ նա հատկապես գերադասեց թավջութակը, կարծես նրա հետ ավելի լիարժեք կիսելով իր խոհերն ու ապրումները, նրան վստահելով իր հոգու ձայնը։ Իսկ այդ ձայնը առողջ է ու կենսունակ։ Խուդոյանը թավջութակի համար ստեղծեց երեք սոնատ, երեք կոնցերտ, նաեւ սոնատ երկու թավջութակի համար, պիեսներ։ Այս երկերից հաճախ հնչողը թավջութակի եւ նվագախմբի թիվ 2 կոնցերտն է՝ նվիրված հոր հիշատակին։ Բնույթով դրամատիկ այս ստեղծագործությունը հնչեցնում է՝ թե կյանքի հորձանուտում բարի ու ազնիվ մնալը դյուրին չէ, որ կյանքի ուղին ընթանում է տառապանքներով լեցուն ճանապարհով, բայց կոմպոզիտորը, կարծես ենթարկվելով իր մաքուր ու վեհ զգացմունքներին, ներքին խոստովանությամբ մնում է ինքն իր հետ։ Մնում է ինքն իր հետ, որովհետեւ սիրում է իր աշխարհը, սիրում է մարդուն, իր Հայաստան երկիրը։ ԱՐԱՔՍԻ ՍԱՐՅԱՆ Երեւանի կոնս. պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել