Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ էլ, ինչպես յուրաքանչյուր ամսվա կեսերին, Սարյան 22 հասցեում ժամերով հերթ էին կանգնել «ԱրմենՏելի»

Փետրվար 14,2001 00:00

«ԱրմենՏելը» ոտնահարում է բաժանորդների արժանապատվությունը Երեկ էլ, ինչպես յուրաքանչյուր ամսվա կեսերին, Սարյան 22 հասցեում ժամերով հերթ էին կանգնել «ԱրմենՏելի» բջջային կապի հարյուրավոր բաժանորդներ՝ կատարելու իրենց ամսական մուծումները։ Բաժանորդներին ոչ այնքան որակյալ, սակայն թանկ գներով սպասարկող այս ընկերությունը չի կարողանում այնպես կազմակերպել մուծումների մեխանիզմը, որ այն 10 րոպեից ավելի չտեւի։ Տառացիորեն մեկուկես ժամ բաժանորդը պետք է հերթ կանգնի աշխատող ընդամենը երկու դրամարկղերից մեկի մոտ՝ ստանալու ամսավճարի չափի թերթիկը, իսկ մյուս դրամարկղում՝ 2 ժամից ոչ պակաս սպասի իր հերթին, որ գումար մուծի։ Բնական է՝ հերթերում հայտնվում են այն խախտողներ, առաջանում են վեճեր, քաշքշուկ, նյարդային վիճակ եւ, որ ամենագլխավորն է, բջջային հեռախոսի տեր գործարար մարդիկ անիմաստ երեք ժամ են անցկացնում «ԱրմենՏելի» դռների տակ։ Բաժանորդների ողջ զայրույթը թափվում է այն 7-8 աշխատակիցների վրա, որոնք առավոտից մինչեւ ժամը 18-ը ֆիզիկապես ուղղակի չեն հասցնում արագ սպասարկել մարդկանց։ Ամեն օր, ըստ վիճակագրության, «ԱրմենՏելի» բջջային կապի բաժանորդ է դառնում մոտ 70 մարդ։ Թանկ սակագները, դրան գումարած՝ 20% ավելացված արժեքի հարկը, որը բաժանորդները վճարում են ընկերությանը, պիտի որ իրեն առաջին հարկատուն համարող «ԱրմենՏելին» թույլ տար հարգել իր բաժանորդների իրավունքները եւ վճարումները գանձել օրվա բոլոր 24 ժամերին կամ էլ ավելացնել աշխատակիցների եւ դրամարկղերի թիվը։ Իր բաժանորդների ժամանակի եւ նյարդերի հաշվին ծաղկող այս ընկերության լրատվական ծառայությունից «Առավոտը» փորձեց ճշտել, թե ինչո՞ւ է հարուստ այդ կազմակերպությունն այդպես անորակ սպասարկում իր «կլիենտներին»։ Ծառայության ղեկավար Հասմիկ Չութիլյանը անկեղծորեն զարմացավ. «Իսկ որտեղի՞ց գիտեք, որ մենք հարուստ կազմակերպություն ենք»,- ապա պարզաբանեց, որ մեղավորը հենց բաժանորդներն են, որոնք միայն Սարյան 22 հասցեում են վճարումներ անում, երբ կան նաեւ այլ կետեր։ Մասնավորապես նա նշեց՝ Դավիթաշենում։ Երեկ մենք ժամը 14։30-ին զանգահարեցինք 549100 (սա «ԱրմենՏելի» ծառայությունները ճշտելու բաժանմունքի հեռախոսահամարն է)՝ իմանալու, թե բացի Սարյան 22-ից, է՞լ որտեղ կարող ենք մուծումներ անել։ Բարեհամբույր մի աշխատակցուհի, որը չներկայացավ, պատասխանեց, որ միայն ու միայն Սարյան 22-ում։ Ի դեպ, հերթում կանգնածներից շատերը զայրացած հեռանում են՝ գերադասելով անջատված հեռախոսները, քան ժամանակի, նյարդերի եւ արժանապատվության կորուստը։ Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել