Լրահոս
Օրվա լրահոսը

Այս արտահայտությունը լսում ես յուրաքանչյուրից, ով արտասահմանից կամ գոնե ԱՊՀ-ից վերադառնում է Հայաստ

Փետրվար 15,2001 00:00

«Սա ապրելու տեղ չէ» Այս արտահայտությունը լսում ես յուրաքանչյուրից, ով արտասահմանից կամ գոնե ԱՊՀ-ից վերադառնում է Հայաստան: Մենք էլ դա գիտենք, իսկ երբ քո՛ աչքերով ես տեսնում այդ «կյանքը», դեռ օդանավակայանից Հայաստանը սկսում է նյարդայնացնել: Միանգամից տեսնում ես տխուր ու դժգոհ մարդկանց, որոնք իրենց գործերով են շտապում: Ճիշտ է, Մոսկվայում էլ են բոլորը շտապում, բայց ոչ բոլորը՝ հոգսերով: Նույնիսկ ցերեկը կարելի է տեսնել այնպիսի մարդկանց, հատկապես երիտասարդների, որոնք շտապում են զվարճանալու, հանգստանալու, «տժժալու»: Ամեն քայլափոխի կարելի է այդ ցանկություններն իրականացնելու համար «օջախներ» տեսնել՝ սրճարաններ, «բիլիարդանոցներ», բարեր, ռեստորաններ, night club-ներ եւ այլն: Մոսկովյան երիտասարդությունն անչափ անկաշկանդ է. անում են այն, ինչ ցանկանում են: Կարող են փողոցում քայլելիս ծխել, գարեջուր խմել (ընդհանրապես գարեջուրն այնտեղ հասարակ ջրի տեղ է անցնում: Սակայն գարեջրի մի քանի տեսակ փորձելուց հետո հասկացա, որ հայկականներին չեն հասնի: Ինչպես նաեւ՝ պաղպաղակը): Մարդիկ չափազանց անկեղծ են, անում եւ ասում են այն, ինչ իրոք մտածում են: Հագնվում են նույնպես իրենց սրտի թելադրածով: Ճաշակ հասկացողությունը գրեթե գոյություն չունի: Ինչ էլ հագնես, մարդիկ քեզ թարս ու շիտակ չեն նայի: Սակայն տեղեկացնեմ, որ այժմ շատ մոդայիկ են սովորականից փոքր-ինչ կարճ անդրավարտիքները եւ դահուկորդի ոճի գլխարկները, որոնցից անթիվ-անհամար անհասկանալի թելեր-ճիճուներ են կախված: Ուսանողների համար սովորելը հաճույք է, թեկուզ միայն այն պատճառով, որ նրանք ամբողջ օրն իրար հետ են անցկացնում: Որպեսզի ամեն օր 1-1,5 ժամ միայն ճանապարհի վրա չծախսեն, նրանք բուհին կից հանրակացարաններում են ապրում: Այնտեղ տհաճ միջադեպեր քիչ են պատահում, քանի որ ուսանողներն անընդհատ հսկողության տակ են: Իսկ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի շենքում մի քանի տհաճ պատմություններից հետո միայն հասկացան, որ հարկավոր է միայն ուսանողական տոմսերով ներս թողնել շենք: Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել