Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Գրետա Սարգսյանի, այդպես էր միշտ ասում իր որդին՝ Վազգեն Սարգսյանը

Փետրվար 16,2001 00:00

«Իմ երկրում թշնամիներ չունեմ» Ըստ Գրետա Սարգսյանի, այդպես էր միշտ ասում իր որդին՝ Վազգեն Սարգսյանը – Դուք դատարանի դահլիճում չեղաք։ Ինչո՞ւ։ – Հնարավորությունն ունեմ, բայց ես ֆիզիկապես ի վիճակի չեմ դահլիճում լինել։ Ես չէի կարող նայել այդ ճիվաղների, ոճրագործների, մարդասպանների երեսին, որոնք գնդակահարել են մի ամբողջ ժողովուրդ։ Ես նրանց որպես մարդ չեմ ճանաչում։ Ոչ դեմքով գիտեմ, ոչ լուսանկարով։ Չեմ էլ ուզում տեսնել, որովհետեւ ինձ համար նրանք որպես մարդ գոյություն չունեն։ Եվ նրանց ասելու բան էլ չունեմ։ – Ձեզ համար այսօր փոքրիշատե հստա՞կ է, ինչպես Ձեր որդին՝ Արամ Սարգսյանն էր ասում, թե ով է ձեր թշնամին։ – Չէի ասի, թե հստակ է։ Քանզի մինչեւ ճիշտը չիմանաս, չապացուցես, չես կարող որեւէ մեկին մեղադրել։ Ներքին ինչ-որ կանխազգացումներ ունեմ։ – Ըստ վարկածների մի խմբի՝ այդ 5-ի ետեւում ուղղորդողներ ու ծրագրավորողներ կային, բայց ոմանք էլ վստահ են, թե նրանք միայնակ են գործել։ Ի՞նչ եք կանխազգում, ովքե՞ր են ճիշտ։ Եվ եթե կան կազմակերպիչներ, որտե՞ղ է ճիշտ փնտրել նրանց։ – Ես մեր ժողովրդի մեջ ընդհանրապես եւ Վազգենի շրջապատում թշնամիներ չեմ զգացել։ Ոչ էլ ինքն էր զգում։ Երբ նրան մեկ-մեկ հորդորում էի զգույշ լինել, պատասխանում էր. «Ես պրոբլեմ չունեմ։ Ես իմ երկրի, ժողովրդի մեջ թշնամիներ չունեմ։ Իմ հարաբերությունները բոլորի՜ հետ շատ լավ են»։ Դրա համար էլ այստեղ թշնամիներ փնտրել չեմ կարող։ Բայց ժողովուրդն ասում է, չէ՞, գյուղ լինի՝ շուն չլինի՞… Լինում են, ինչպես տեսնում եք։ Եվ ընդհանրապես, դարերից եկող մեր պատմությունը ցույց է տալիս, որ դրսի թշնամին միշտ մեր ձեռքով է մեր գլխին փորձանք, վնաս բերում։ – Մի քանի ամիս առաջ հրապարակվեցին ԳԱԱ-ի սոցիոլոգների հարցման արդյունքները, ըստ որոնց, հարցվողների կեսից ավելին վստահ էր, որ «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչները ներկա իշխանություններն են։ Դուք հավատ ընծայո՞ւմ եք նման հարցումներին։ – Ես այդ տվյալներից տեղյակ չեմ։ Բայց ժողովուրդն իր կարծիքը վաղուց է ասել։ Իսկ ժողովուրդն ընդհանրապես չի սխալվում, իմաստուն է։ Նույնիսկ փոքրիկ երեխաներն են ասում, Սփյուռքից են ինձ զանգում, ասում։ Եվ նրանք հաստատ համոզված են, թե ովքեր են։ Բայց ես այդ անուններն առայժմ չեմ ասի։ Մի բան եթե հաստատ չգիտես՝ հոգուդ մեղք չպիտի անես։ Հարցազրույցը վարեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել