Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի 20-21-ը Եվրամիության քաղաքական եռյակը առաջին անգամ կայցելի Կովկասյան տարածաշրջան։ Ինչպես հա

Փետրվար 17,2001 00:00

Եվրամիությունից կայցելեն Հայաստան Փետրվարի 20-21-ը Եվրամիության քաղաքական եռյակը առաջին անգամ կայցելի Կովկասյան տարածաշրջան։ Ինչպես հայտնի է, Եվրամիությունում ռոտացիոն սկզբունքով նախագահում են միության անդամ-երկրները։ Այժմ նախագահում է Շվեդիան՝ ի դեմս Շվեդիայի արտգործնախարար Աննա Լիդի։ Հենց տիկին Լիդն էլ գլխավորելու է Եռյակի այցը տարածաշրջան։ Նրա հետ Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան կայցելեն նաեւ Եվրամիության ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության գծով բարձրագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան եւ Եվրամիության արտաքին կապերի գծով հանձնակատար Քրիստիան Պատենը։ Այս առիթով երեկ Հունաստանի դեսպանության տարածքում հայ լրագրողներին տեղեկատվություն մատուցեցին մեր երկրում Եվրամիության անդամ-երկրների դեսպանները, մասնավորապես տանտերը՝ Հունաստանի դեսպան Պանայոտիս Զոգրաֆոսը (քանի որ Շվեդիան Հայաստանում չունի իր դեսպանությունը, նրա պարտականություններն իր ուսերին է առել Հունաստանի դեսպանությունը), Իտալիայի դեսպան Պաոլո Անդրեա Տրաբալցին, Մեծ Բրիտանիայի դեսպան Տիմոթի Ջոնսը, Գերմանիայի դեսպան Ֆոլք Զայցը եւ Եվրահանձնաժողովի պատվիրակության դեսպանի պաշտոնակատար Ժակ Վան Դոմը։ Նրանք ներկայացրին Եվրամիության Եռյակի այցելության կարեւորությունը, նպատակները, ինչպես նաեւ այն խնդիրները, որոնց լուծման մեջ Եվրամիությունն իրեն որոշակի դեր է վերապահում։ Մասնավորապես, Եվրամիությունը ցանկություն ունի նպաստել Հարավային Կովկասի կայունության կարգավորմանը, ինչի համար էլ ի վերջո ձեռնարկվել է տարածաշրջան կատարվելիք այցը։ Ինչպես նշվեց ասուլիսի ընթացքում. «Մենք ձգտում ենք ամրապնդել Եվրամիության դիրքերը Կովկասյան տարածաշրջանում, հատկապես այն ժամանակ, երբ լրանում է կովկասյան տերությունների անկախության տասը տարին, եւ նրանք ինտեգրվում են Եվրոպայի համայնքում»։ Իսկ ինչո՞վ է Կովկասյան տարածաշրջանը գրավում Եվրամիությանը, որը վերջին 9-10 տարիների ընթացքում Եվրահանձնաժողովի միջոցով իրականացրել է 1 մլրդ եվրոյի չափով օգնություն՝ տարածաշրջանին։ Ինչպես անկեղծորեն խոստովանեցին պարոնայք դեսպանները. «Այս տարածքը, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիան, հարուստ են գազի եւ նավթի պաշարներով, որը լավ նորություն է էներգիայից սակավացած եվրոպական երկրների համար։ Բացի այդ՝ կովկասյան միջանցքը Հարավային Եվրոպայից դեպի Կենտրոնական Ասիա ամենակարճ ճանապարհն է, ինչով Կասպյան տարածաշրջանը դառնում է ամենահարմար տարբերակը Կենտրոնական Ասիայից ապրանքների եւ էներգիայի տեղափոխման համար»։ Եվրամիությունը խիստ կարեւորում է տարածաշրջանի կայունությունն ու տնտեսական բարգավաճումը նաեւ այն պատճառով, որ. «Եթե կա տարածաշրջանային ճգնաժամ, օրինակ, Կովկասում եւ Միջին Արեւելքում, վտանգ կա, որ այդ ճգնաժամը կարող է տարածվել նաեւ Եվրոպա, այդ պատճառով մենք ամեն կերպ կօգնենք տարածաշրջանին ձեռք բերելու ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական-տնտեսական, նաեւ սոցիալական կայունություն»։ Այդ աջակցությունն արտահայտվել է մասնավորապես Եվրամիության Տեխնիկական օժանդակության TACIS ծրագրով, որի շնորհիվ իրականություն է դարձել TRACECA-ի գաղափարը եւ նավթի ու գազի տրանզիտային տեղափոխումը հնարավոր է դարձել։ TACIS-ը բազմաթիվ այլ ծրագրեր է իրականացնում տարածաշրջանում, որի մասին մասնավորապես «Առավոտը» բազմիցս գրել է։ Իհարկե, Եվրամիություն ասելով Հայաստանում շատերը հիշում են նրանց առաջադրած ատոմակայանը փակելու պայմանը։ Եվ եթե խավար ու ցուրտ տեսած մեր ժողովրդի համար Մեծամորի ատոմակայանի փակումը միայն հոռետեսական մտքեր է արթնացնում, ապա Եվրամիությունը բացատրում է. «Մենք օժանդակում ենք ՀՀ կառավարությանը՝ իրականացնել ատոմակայանի փակման ծրագիրը, քանզի գտնվելով սեյսմիկ բարձր ակտիվությամբ գոտում, այն կարող է հանգեցնել բնապահպանական աղետի՝ ողջ տարածաշրջանում»։ Նրանք նաեւ իրենց աջակցությունն են հայտնում «սառեցված հակամարտությունների» լուծման համար, առաջարկելով օգնել սահմանները բացելու, տրանսպորտային, էներգետիկ եւ հեռահաղորդակցման կապերը վերականգնելու համար (ինչպես նաեւ՝ խոստանում, որ «կարող ենք օգնել ներդրողներին ներմուծել կապիտալ, գիտելիք, ստեղծել աշխատատեղեր, տրամադրել մարդասիրական օգնություն փախստականներին եւ այլն»)։ Այս ամենի շուրջ Եռյակը պատրաստվում է զրուցել եւ համագործակցության նոր հիմքեր դնել տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ փետրվարի 20-21-ը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել