Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-Ն ՄՏԱՀՈԳ Է ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆՈՎ

Փետրվար 21,2001 00:00

ՌԴ-Ն ՄՏԱՀՈԳ Է ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆՈՎ Փետրվարի 7-ին եւ 16-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հերթական նոտաներն է ներկայացրել ՀՀ ԱԳՆ-ին։ Երեկ մեզ չհաջողվեց ճշտել՝ այն սովորական գրագրությո՞ւն է, թե՞ բողոքի արտահայտություն։ Ամեն դեպքում ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, ի լրումն դեռ փետրվարի 2-ին ՀՀ ԱԳՆ-ին ներկայացրած նոտայի, մտահոգություն է հայտնել կալանքի տակ գտնվող ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանի առողջական վիճակի վերաբերյալ։ Դեսպանատունը վստահություն է հայտնել, թե կստանա Ա.Վարդանյանի առողջական վիճակի մասին բժշկական պաշտոնական եզրակացություն։ «Եթե Ա.Վարդանյանի առողջական վիճակը անհանգստացնող է եւ մասնագիտական բուժում է պահանջում, Ռուսական Կողմը կարծում է, որ Հայկական Կողմը, մարդասիրական նկատառումներով առաջնորդվելով, որոշում կընդունի Ա.Վարդանյանի խափանման միջոցը փոխելու եւ նրա ֆիզիկական վիճակին համարժեք խափանման միջոց ընտրելու համար»։ Սրան ի պատասխան, Հայաստանի արտաքին գերատեսչությունը 5 օր անց ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը հավաստիացրել է, թե ՌԴ քաղաքացի Ա. Վարդանյանը գտնվում է լավագույն մասնագիտացված հիվանդանոցում՝ ճանաչված մասնագետների հսկողության տակ։ Այս պատասխանն, ըստ ամենայնի, չի բավարարել ռուսական կողմին, եւ վերջինս, արդեն փետրվարի 16-ին, պնդել է. «Դեսպանատունը երկրորդ անգամ խնդրանքով դիմում է՝ Ռուսաստանի քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ ներկայացնել բժշկական պաշտոնական եզրակացությունը»։ Թե դեռ որքան կշարունակվի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ Ա.Վարդանյանին վերաբերող դիվանագիտական գրագրությունը՝ հայտնի չէ։ Բայց միանգամայն ակնհայտ է, որ դա Ա.Վարդանյանի խափանման միջոցը փոխելու առումով էական ազդեցություն չի կարող ունենալ, քանի դեռ չի փոխվել վերջինիս նկատմամբ նախագահ Քոչարյանի վերաբերմունքը։ Առանձին դիտորդներ կարծիք են հայտնում, թե դրանով նախագահն ուզում է ռուսական կողմին հասկացնել տալ, թե չի հանդուրժի ռուսական քաղաքական եւ պաշտոնական առանձին շրջանակների կողմից իր իշխանության դեմ ուղղված քայլերին օժանդակելը։ Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել