Լրահոս
Օրվա լրահոսը

2000թ.

Փետրվար 21,2001 00:00

ՄՇԱԿՈՒՅԹ ՈՒՆԵՆՔ՝ ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ 2000թ. մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարարությունը ՀՀ կառավարությանը ներկայացրած (2000թ. կատարած աշխատանքների) հաշվետվության մեջ նշում է, թե հիմնականում կատարել է իր առջեւ դրված խնդիրները։ Իբրեւ առաջին օրինակ նշվում է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որ փորձաքննության է ենթարկվել եւ հավանության արժանացել Եվրոպայի խորհրդի Մշակույթի կոմիտեի փորձագետների կողմից ու ներկայացվել շահագրգիռ նախարարությունների քննարկմանը. «Այդ օրենքի նախագիծը հիմք է հանդիսանում մշակույթի ոլորտում հարաբերությունների կարգավորման համար, ժամանակային ու տարածական առումներով կանխորոշում է մշակույթի պահպանումը, տարածումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում»։ Դեռ 1999-ից մշակման փուլում են «Թատերարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, «Կինոարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու մասին», «ՀՀ գրադարանային գործի եւ գրադարանների մասին», «ՀՀ թանգարանների եւ թանգարանային հավաքածուի մասին», «Փաստաթղթերի պարտադիր օրինակի մասին», «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին», «Ժողովրդական գեղարվեստական արհեստների մասին» (եւ այլ) ՀՀ օրենքների նախագծերը։ Պատրաստվել է ՀՀ մշակութային քաղաքականության մասին Ազգային զեկույցը, որը Եվրախորհրդի փորձագետների հավանությանն է արժանացել եւ փետրվարի 20-ին կքննարկվի Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդի Մշակույթի կոմիտեի 22-րդ նիստում։ Հաշվետվությունը բավական ճոխ է ներկայացված, եւ դա ընթերցելով՝ պատահական մեկին կարող է թվալ, թե Հայաստանում մշակութային կյանքը ծփում է ու ծաղկում։ Թատերարվեստի ոլորտի մասին նշված է, թե մշակույթի նախարարության համակարգում գործող 14 պետական թատրոնների խաղացանկերը հարստացվել են 34 նոր եւ վերականգնված ներկայացումներով, որի արդյունքում դրանց թիվը հասել է 73-ի։ Նոր բեմադրություններ չեն բեմադրված Մնջախաղի եւ Կամերային պետական թատրոններում։ Թատրոնների՝ «Հյուրախաղեր եւ փառատոներ» խորագրի տակ մեծ ցուցակ է տպագրված (2000թ. հունվարից-նոյեմբեր)։ Իբրեւ հյուրախաղ է ներկայացված, օրինակ, հուլիսին Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի՝ մի ներկայացմամբ ելույթը Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ 2000թ. ընթացքում, ըստ հաշվետվության, ստեղծագործական եւ ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրություններ են կատարվել Երեւանի Մարիոնետների, երաժշտության եւ պլաստիկայի (առաջին անգամ ենք լսում նման անունով թատրոնի գոյության մասին), Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական, Հ. Աբելյանի անվան դրամատիկական պետական թատրոններում։ 2000թ. հունիսի 20-ին նախարարության կոլեգիան, նկատի առնելով Մարիոնետների, երաժշտության եւ պլաստիկայի պետական թատրոնում տեղ գտած ֆինանսատնտեսական գործունեության կոպիտ խախտումները՝ պաշտոնից ազատել է տնօրեն Ա. Սաֆարյանին։ Մարիոնետների պետական թատրոնի տնօրեն է նշանակվել Վ. Կոստանդյանը, իսկ նոյեմբերից՝ այդ թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Արմեն Էլբակյանը։ Կինոարվեստի ոլորտի «բարեփոխումների» մասին նշված է, թե, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2000թ., պետբյուջեի հատկացումների անկայունությունը էապես խոչընդոտել է կինոարտադրության նախատեսված ժամկետներին ու ծավալի իրականացմանը։ «Դեռեւս կարգավորված չեն այլ երկրներում հայկական ֆիլմերի շաբաթների կազմակերպման, հեղինակավոր միջազգային կինոփառատոների մասնակցության, միջազգային կինոշուկան մեզանում ներկայացնելու գործընթացները»,- գրված է հաշվետվության մեջ։ Իհարկե, այդ գործընթացները չեն կարող իրականանալ, երբ մի ամբողջ կինովարչություն լուծարվում է, մասնագետները հեռանում են, իսկ այդ երբեմնի մեծ վարչությանը փոխարինում է մի երիտասարդ, որի՝ հայ կինոարվեստում կատարած որեւէ քայլ կամ դեր առայսօր ոչ ոք չի տեսել։ Այդուհանդերձ, «Հայֆիլմ», «Հայկ», «Երեւան» կինոստուդիաներում նկարահանվել են ֆիլմեր (ըստ հաշվետվության՝ 17 ֆիլմ, որից՝ 4 գեղարվեստական լիամետրաժ եւ 13 փաստագրական լիամետրաժ եւ կարճամետրաժ ֆիլմեր)։ 2000թ. նկարահանված լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերի ցանկում են Ա. Մկրտչյանի «Ուրախ ավտոբուսը» («Հայֆիլմ»), Տ. Խզմալյանի «Պիերլեկինոն» («Երեւան» ստուդիա), Ս. Բաբայանի «Խենթ հրեշտակը» («Հայֆիլմ», տարիներով նկարահանվող այն ֆիլմը, որի համար պետբյուջեից քանիցս գումար հատկացվեց), Վ. Չալդրանյանի «Լռության սիմֆոնիան» («Հայֆիլմ»)։ «Հայկ» կինոստուդիայում լիամետրաժ վավերագրական երկու ֆիլմ է նկարահանել միայն ռեժիսոր Ռ. Գեւորգյանցը։ «Հայկ» ստուդիայի կողմից 17 կարճամետրաժ ֆիլմերի ցանկ է նշված հաշվետվության մեջ, ինչպես՝ «Կոմանդոս», «Սոս Սարգսյան», «Լաչին», «Գորիս», «Դրաստամատ Կանայան», «Արտահերթ ընտրություններ» եւ այլն։ 2000թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում նախատեսված 4 գեղարվեստական եւ 1 մուլտիպլիկացիոն ֆիլմերի արտադրությունը տեղափոխված է 2001թ.։ Ի դեպ, 2000թ. վերանայվել են «Հայֆիլմ» եւ «Հայկ» կինոստուդիաների հաստիքները, ինչը նշանակում է, որ շատերը հեռացվել են նշյալ ստուդիաներից։ Սա դեռ մի մասն է ճոխ հաշվետվության, որը ընթերցելով մտածում ենք՝ «Մշակույթ ունենք՝ աշխարհը չունի»։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել