Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք՝ տեղում իմացեք»

Փետրվար 24,2001 00:00

«Եկեք՝ տեղում իմացեք» Օրերս խմբագրություն նամակ էր ուղարկել Արցախի փողոցի բնակչուհի, թոշակառու եւ արդեն մի քանի տարվա անկողնային հիվանդ Աստղիկ Մնացականյանը, որին, ինչպես ինքն էր գրել, «անհիմն պատճառներով զրկել են հասանելիք հավելավճարից»։ Նամակում տիկին Աստղիկը նշել էր, որ «վերջերս սոցապ նախարարությունից տեղեկացել է, թե սոցիալական ապահովության Էրեբունու մասնաճյուղից 1999թ. հուլիսից պետք է ստանար հավելավճար՝ 858 դրամի չափով»։ Սակայն երբ զանգահարել է Էրեբունու սոցապ բաժին, նրան պատասխանել են. «Քանի որ նախօրոք չեք գրանցվել քարտերի մեջ եւ պակասում են որոշ փաստաթղթեր, անհնար է ձեր տվյալները վերականգնել»։ Տիկին Աստղիկը փորձել է ճշտել, թե ինչ պակաս փաստաթղթերի մասին է խոսքը։ Նրան պատասխանել են, որ պարտավոր չեն պարզաբանումներ տալ՝ «եկեք, տեղում իմացեք, մենք ձեզ չենք կարող օգնել»,- ավարտել են հեռախոսազրույցը։ «Ես բացատրեցի, որ ի վիճակի չեմ տեղաշարժվել եւ խնդրեցի, որ գոնե տեսուչ ուղարկեն տեղում հարցերը լուծելու։ Նրանք խոստացան ուղարկել տարածքային տեսուչին, բայց մինչ օրս որեւէ մեկը ինձ չի այցելել»։ Այս հարցի պարզաբանման համար դիմեցինք Էրեբունու սոցապ բաժնի տնօրեն Արսեն Ազիզյանին, որն էլ ասաց. «Աստղիկ Մնացականյանը պնդում է, որ ունի 39 տարվա աշխատանքային փորձ, որից 17-ը աշխատել է Լենինականում բնակվելու ժամանակաշրջանում, իսկ 22 տարիների աշխատանքային ստաժը այստեղ է լրացել։ Սակայն մենք որեւէ փաստացի ապացույց չունենք նրա՝ Լենինականում աշխատելու վերաբերյալ, ուստի մենք նրա կենսաթոշակը հաշվել ենք 22 տարվա ստաժով։ Օրերս նրան առաջարկեցինք (երբ իմացան, որ «Առավոտին» նամակ-բողոք է ուղարկել- Ա. Դ.) ներկայացնել 39 տարվա աշխատանքային ստաժի մասին տեղեկանքներ, ինչից հետո միայն ի զորու կլինենք նրան վճարել իր պահանջած հավելավճարը»։ Մեր այն հարցին, թե ինչո՞ւ այս տարիների ընթացքում տիկին Աստղիկից չեն պահանջվել վերոհիշյալ փաստաթղթերը, պրն Ազիզյանը պատասխանեց. «Իհարկե, սոցապը պարտավոր է լրիվ փաստաթղթերն ունենալ, նոր միայն քարտեր կազմել, սակայն երբեմն, բացառության կարգով, սոցիալական կենսաթոշակներ են նշանակվում նաեւ նրանց, ովքեր ամբողջ կյանքում չեն աշխատել եւ, բնականաբար, համապատասխան փաստաթղթեր չունեն։ Տիկին Աստղիկի դեպքում, նրա 17 տարվա ստաժի դիմաց չի վճարվում, եւ սոցապը պարտավոր չէ պահանջել այդ տարիների աշխատանքային ստաժի փաստաթղթեր։ Ի վերջո, գումար ստացողը ինքը պետք է անհանգստացած լինի իր ստաժի համար»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728