Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագրի աշխատանքները ներկայացնում է գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյա

Փետրվար 27,2001 00:00

Սոցներդրումների երկրորդ ծրագիրը սկսված է Սոցներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագրի աշխատանքները ներկայացնում է գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը. «2000թ. մայիսին ՀՍՆՀ-2 ծրագրի ֆինանսավորման նպատակով Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետությանը հատկացրեց մոտ 20 մլն դոլար վարկ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 29,32 մլն դոլար է»։ Արդյո՞ք փոփոխություններ կլինեն առաջին ծրագրի համեմատ եւ պահպանվո՞ւմ է հիմնադրամի սկզբունքը՝ առաջնահերթ համարել աղետի գոտին եւ սահմանամերձ շրջանները։ Գործադիր տնօրենի հավաստմամբ, առաջնահերթությունները կպահպանվեն. «Շիրակի եւ Լոռու մարզերում նախատեսված է իրականացնել համապատասխանաբար 3,5 մլն եւ 2,5 մլն դոլարի աշխատանք։ Այս տարի Գյումրիում նախատեսված է կառուցել 20 դպրոց։ Հաջորդը Արագածոտնի մարզն է, որտեղ հիմնադրամը սկսելու է աշխատել մարտի վերջից։ Ծրագրի համաֆինանսավորման հարցում փոփոխություններ չկան։ Համայնքները երկրորդ ծրագրում եւս պարտավոր են կատարել 10%-ի ներդրում։ Նորից դա կարող է լինել աշխատուժի, շինանյութերի եւ դրամի տեսքով»։ Համայնքները իրենք են որոշում իրենց հիմնախնդիրների առաջնությունը եւ ներկայացնում ծրագրի առաջարկ։ Նրանք են անցկացնում շինարարության մրցույթը եւ հսկում ծրագրի իրականացման ողջ ընթացքը։ Համաշխարհային բանկի տրամադրած վարկից 2.71 մլն ԱՄՆ դոլարը կազմում է համաֆինանսավորման ֆոնդը։ Երկրորդ ծրագրում եւս հիմնադրամի հետ հիմնականում կհամագործակցեն «Ազնավուրը՝ Հայաստանին» կազմակերպությունը, ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը, ավելի կընդլայնվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությունը։ «Ազնավուրը՝ Հայաստանին» կազմակերպության հետ համատեղ առաջին ծրագրում կառուցվել եւ վերանորոգվել էր 39 դպրոց։ Շառլ Ազնավուրի բարեգործական համերգի եւ ճաշկերույթի ժամանակ հանգանակված գումարը կփոխանցվի ՀՍՆՀ-ին։ Գումարը կտրամադրվի աղետի գոտու դպրոցաշինությանը։ ՀՍՆՀ-ի երկրորդ ծրագրի նորություններից մեկն էլ համայնքների զարգացման շրջանակներում ուսուցման ծրագրերի իրականացումն է։ Ա. Կիրակոսյանի պնդմամբ. «Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման վարչության նվիրաբերած երկու մլն դոլար դրամաշնորհի մի մասը հենց նվիրատուի ցանկությամբ պետք է ծախսվի ուսուցման ծրագրերի վրա։ Սա կարեւոր է նրանով, որ դրամաշնորհային միջոց է, առաջ մենք այդ աշխատանքների համար ծախսում էինք վարկային միջոցներից»։ Ուսուցման ծրագրով նախատեսվում է մասնագիտական օժանդակություն ցուցաբերելով՝ նպաստել տեղական իշխանությունների եւ համայնքային կազմակերպությունների կարողությունների զարգացմանը։ ՀՍՆՀ-2 ծրագրով նախատեսվում է նաեւ վերականգնել դպրոցների ջեռուցման համակարգերը, ինչպես նաեւ ապահովել դպրոցներին կահույքով։ Կահույքը կպատրաստվի Հայաստանում, որը կնպաստի նոր աշխատատեղեր ստեղծելուն։ ՀՍՆՀ-2-ը իր գործունեության հինգուկես տարվա ընթացքում նախատեսում է հանրապետության բոլոր մարզերում իրականացնել շուրջ 400 ծրագիր։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել