Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ֆուտբոլում բավականին երկար ժամանակ տիրող ճգնաժամը ավարտվեց։

Ապրիլ 03,2001 00:00

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՏԵՂԻ Է ՏԱԼԻՍ Հայկական ֆուտբոլում բավականին երկար ժամանակ տիրող ճգնաժամը ավարտվեց։ Ամիսներ շարունակ ֆուտբոլի ֆեդերացիան եւ նրա գործունեությունը չընդունող ընդդիմադիր ակումբները ոչ մի կերպ չէին կարողանում ընդհանուր լեզու գտնել։ Հաշտությունը կայացավ միայն այն բանից հետո, երբ գործին միջամտեց ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական կառույցի ղեկավար, փոխնախարար Իշխան Զաքարյանը։ Երեկ ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ 4 ժամ տեւած գործկոմի նիստի ավարտին հակամարտող կողմերը վերջապես միմյանց ձեռք մեկնեցին՝ գտնվեցին հարցի լուծման փոխզիջումային տարբերակներ։ Օրակարգի առաջին հարցը նվիրված էր ֆեդերացիայի գործկոմի կազմում փոփոխություններ կատարելուն։ Ընդդիմության պահանջներից մեկն այն էր, որպեսզի բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբները մեկական ներկայացուցիչ ունենան գործկոմում։ Եվ քանի որ դրա կազմը հնարավոր չէ արհեստականորեն անընդհատ մեծացնել, ուստի ֆեդերացիայի երեք ներկայացուցիչ՝ Ա. Հովհաննիսյանը, Ռ. Դալլաքյանը եւ Ս. Սարգսյանը հրաժարական ներկայացրին։ Միաձայն որոշվեց դադարեցնել նաեւ Ս. Հովիվյանի անդամությունը, որն, ըստ էության, ձեւականորեն էր տեղ զբաղեցնում գործկոմում։ Նրանց փոխարեն գործկոմում ընդգրկվեցին 13 ակումբների ներկայացուցիչներ։ Այսպիսիով, ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն այսուհետ բաղկացած է 29 անդամից։ Նրանք են. Ս. Աբրահամյան, Ս. Բաղդասարյան, Ա. Բաբայան, Վ. Գրիգորյան, Ն. Ղազարյան («Արաքս»), Հ. Զանազանյան («Լեռնագործ»), Մ. Սարգսյան, Ի. Զաքարյան, Ռ. Սինոյան, Մ. Իսպիրյան, Հ. Վարյան, Խ. Հովհաննիսյան (ԵՖԴ), Պ. Գալստյան (ՀՖԴ), Մ. Պետրոսյան, Հ. Մխոյան, Ս. Մկրտչյան, Ղուլարյան, Վ. Շաֆերյան, Է. Մարգարյան, Ա. Աղաբաբյան («Կիլիկիա»), Ա. Մնացականյան («Զվարթնոց»), Լ. Հասրաթյան («Դինամո»), Ռ. Հայրապետյան («Փյունիկ»), Մ. Բաղդասարով («Միկա»), Բ. Բեգլարյան («Ղարաբաղ»), Ն. Բաբայան («Լոռի»), Գ. Խաչատրյան («Շիրակ»), Ա. Անդրեասյան («Արարատ»), Ս. Պողոսյան («Կոտայք»)։ Այնուհետեւ որոշվեց, որ բարձրագույն խմբի առաջնությանը, ելնելով իրավիճակից, կմասնակցի 13 թիմ, իսկ գավաթային խաղերին՝ 16։ Ընդ որում, բարձրագույն խմբի 13 ակումբներին՝ «Արաքս», «Արարատ», «Շիրակ», «Միկա», «Զվարթնոց», «Կիլիկիա», «Լեռնագործ», «Փյունիկ», «Ղարաբաղ», «Դինամո», «Լոռի», «Կոտայք», «Բանանց» գավաթային պայքարում կմիանան նաեւ ՀՖԴ-ն, ԵՖԴ-ն եւ ՖԻՄԱ-ն (բոլորն էլ՝ 1-ին խմբից)։ Ի դեպ, կողմերը փոխզիջումային քայլով որոշեցին, որ մինչեւ այժմ անցկացված գավաթային խաղերը չեղյալ են համարվում։ Երեկ անցկացվեց նոր վիճակահանություն։ Գավաթային խաղերը սկսվելու են փետրվարի 7/8-ին։ Իսկ բարձրագույն խմբի առաջնությունը, ըստ նախնական պայմանավորվածության, մեկնարկելու է մայիսի սկզբներին՝ երկու շրջանով։ Սակայն, եթե ֆեդերացիայի մարզական բաժինը այն այս ամիս սկսելու հնարավորություն ստեղծի, հնարավոր է ժամկետները տեղափոխվեն առաջ։ Առաջնության ավարտին բարձրագույն խմբին հրաժեշտ են տալու երկու անհաջողակ ակումբները, նրանց փոխարեն լիգան կհամալրի առաջին խմբի հաղթողը։ Գործկոմում անդրադարձան նաեւ բանակ զորակոչվող ֆուտբոլիստների խնդրին։ Նախկին որոշմանը, ըստ որի զորակոչված ֆուտբոլիստի պայմանագիրը սառեցվում է ակումբի հետ ծառայության ժամանակաընթացքում, ավելացվեց ընդամենը մեկ կետ. եթե որեւէ ակումբ ծառայության ընթացքում ցանկանա տվյալ ֆուտբոլիստին ընդգրկել իր կազմում, պետք է ստանա նախկին ակումբի համաձայնությունը։ Դե ինչ, փոխզիջումների առաջին քայլը կատարված է։ Երկու կողմերն էլ դա արել են հանուն ֆուտբոլի։ Մնում է հուսալ, որ այսուհետեւ ամեն հարց կկարգավորվի առանց ավելորդ ցնցումների, որոնց արդյունքում տուժողը միայն ու միայն ֆուտբոլն է։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել