Հայաստանին պարտադրում են վաճառել ԲԷՑ-երը Նախկին վարչապետ, իսկ այսօր «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արամ Սարգսյանը պնդեց, որ ԲԷՑ-երը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն։ Պարոն Սարգսյանն իր այս դիրքորոշումն ամրապնդեց մի քանի փաստարկով։ «ԲԷՑ-երը սեփականաշնորհման ներկայացնելուց անմիջապես հետո հարցը քաղաքականացվեց հատկապես արտաքին քաղաքականության տեսանկյունից։ Նախ ԱՄՆ-ը բողոք հայտնեց ԲԷՑ-երի մասնավորեցման աճուրդին «Իտերայի» եւ Ռուսական բաժնետիրական ընկերության մասնակցության առնչությամբ։ Դրանից հետո ռուսական կողմը բողոքեց, թե մենք խելքներս դրել ենք ամերիկացիների խելքին եւ թույլ չենք տալիս, որ ռուսական ընկերությունները մասնակցեն աճուրդին։ Բողոքները եղել են բավական բարձր՝ ներառյալ դեսպանների, մակարդակով»,- պնդեց նախկին վարչապետը։ Ըստ նրա, անկախ գործարքի տնտեսական արդյունավետությունից, ցանցերը մասնավորեցնելու դեպքում միեւնույն է՝ գերտերություններից մեկը դժգոհելու է Հայաստանից, ինչն արդեն իսկ դրական չէ։ Նա անդրադարձավ նաեւ գործարքի տնտեսական մասին։ «Տնտեսական առումով ԲԷՑ-երը այսօր էլ բավականին շահութաբեր են, իսկ շահութաբեր որեւէ ոլորտ այս իրավիճակում պետությունը պետք է ձգտի պահել իր ձեռքում։ Ի վերջո, ԲԷՑ-երն ինժեներական բարդ կառույց չեն եւ դրանց վերանորոգման համար անհրաժեշտ դետալների մեծ մասը Հայաստանում արտադրվում եւ վերանորոգումն էլ կատարվում է։ Ավելին, Հայաստանը կարող է վերանորոգել տարածաշրջանի մյուս երկրների ցանցերը»,- նկատեց Ա.Սարգսյանը։ Նա նաեւ կտրականապես դեմ արտահայտվեց իշխանությունների այն գործելաոճին, երբ վաճառքից առաջ ԲԷՑ-երը ներկայացվում են իբրեւ քայքայված։ «Տեսե՞լ եք մի մարդ, որ իր ավտոմեքենան շուկայում վաճառելուց առաջ գնորդին հայտարարի, թե մինչեւ շուկայից դուրս գալը ավտոմեքենայի շարժիչը փչանալու է։ Տպավորություն է ստեղծվում, թե մենք ցանցերի գնորդին ճարպկորեն խաբում ենք։ Բա մենք է՞դ ժողովուրդն ենք։ Ամոթ չէ՞»,- անկեղծ վրդովմունքով նետեց Ա.Սարգսյանը։ Այն, որ ԲԷՑ-երի մասնավորեցումը, հակառակ որոշ պնդումների, քաղաքական նպատակներ է հետապնդում, ըստ պարոն Սարգսյանի՝ փաստարկվում է նաեւ հետեւյալով. «Ցանցերի վաճառքը պարտադրում են մեզ Համաշխարհային բանկն ու Արժութային միջազգային հիմնադրամը։ Այդ պարտադրանքն արդեն այն մակարդակին է հասել, որ վերջիններս պայման են դնում մեր առաջ. եթե ԲԷՑ-երը չվաճառվեն, բյուջեով արդեն նախատեսված վարկերը Հայաստանը չի ստանա։ Ավելին, միջազգային ֆինանսական կազմակերպություններն ասում են, թե ով պետք է լինի գնորդը, որպեսզի վարկերը ստանանք։ Ի վերջո, այդ կազմակերպություններից մեկի ներկայացուցչի արած այն հայտարարությունը, թե վարկերը կտրամադրվեն, երբ բացվեն աճուրդի ծրարները, հենց այդ է ապացուցում։ Սա հուշում է նաեւ, որ արդեն կանխորոշված է, թե ով է լինելու ցանցերի գնորդը։ Նշանակում է՝ աճուրդն ազնիվ չէ, իսկ անազնիվ աճուրդ կազմակերպելն իմաստ չունի»։ Ի վերջո, պարոն Սարգսյանն ասաց, թե էներգետիկ համակարգում չարաշահումների, հավելագրումների դեմ պայքարելու լավագույն ձեւն ամենեւին էլ ցանցերը վաճառելը չէ։ «Ես չեմ կարծում, որ սա միակ ճանապարհն է Հայաստանի համար»,- պնդեց Արամ Սարգսյանը։ Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

















































