Լրահոս
Օրվա լրահոսը

Նշանավոր

Ապրիլ 10,2001 00:00

ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ԸՆԴՀԱՆՈՒՐԸ Նշանավոր դաշնակահար, Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վիլլի Սարգսյանը՝ իր ուսուցիչների, մեծ արվեստագետների եւ իր աշակերտների մասին Ուսուցիչներ Երբ ավարտում էի երաժշտական տասնամյակը, Երեւան էր եկել մեծ դաշնակահար Կոնստանտին Իգումնովը, եւ իմ կատարումը նրան, կարծես, դուր էր եկել: Նա ինձ հրավիրեց Մոսկվայի կոնսերվատորիա՝ սովորելու: Բայց, ավաղ, Իգումնովը շուտ հեռացավ կյանքից, իսկ իմ ուսումը Մոսկվայում ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Որոշ ժամանակով ընդհատեցի իմ կատարողական գործունեությունը։ Այդ ընթացքում սովորեցի Երեւանի կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժնում, որտեղ գեղագիտություն էր դասավանդում խոշոր գիտնական, բազմակողմանի զարգացած մտավորական Արշակ Ադամյանը, որն առաջնակարգ դեր խաղաց իմ մասնագիտական եւ ընդհանրապես հոգեւոր զարգացման մեջ: Հետագայում ինձ հաջողվեց հրատարակել Ադամյանի անտիպ հետազոտությունները, ինչպես նաեւ մի քանի հոդված գրել նրա գիտական ժառանգության մասին: Այնուամենայնիվ, ես զգում էի, որ իմ կոչումը դաշնակահար լինելն է, եւ երբ ես մոտեցա մեր լավագույն դաշնակահարներից եւ մանկավարժներից մեկին՝ Կետի Մալխասյանին, նա առանց իմ խնդրանքների եւ բացատրությունների ասաց. «Կգաս ինձ մոտ պարապելու»: Նա ինձ վերադարձրեց իմ հիմնական մասնագիտությունը եւ նրա անշահախնդիր օգնությամբ ու ղեկավարությամբ վերականգնվեցի դաշնամուրային ֆակուլտետում: Մեծեր Ավարտական քննություններին պետական քննական հանձնաժողովի նախագահը Լենինգրադի կոնսերվատորիայի պրոֆեսոր Յուրի Տյուլինն էր, որը թեեւ երաժշտության տեսաբան էր, բայց խորը գիտելիքներ ուներ հենց դաշնամուրային կատարողական արվեստի ոլորտում: Այդ քննությունից սկսվեց մեր մտերմությունը՝ հետագայում ես մի քանի անգամ հյուրընկալվել եմ նրա մոտ Դիլիջանի կոմպոզիտորների տան քոթեջում, եւ այդ ընթացքում հնարավորություն ունեի շփվելու 20-րդ դարի մեծագույն երաժիշտներ Դմիտրի Շոստակովիչի եւ Առնո Բաբաջանյանի հետ: Ինչպես հայտնի է, վերջինս ֆանտաստիկ դաշնակահար էր: Երբ նա դնում էր ձեռքերը ստեղնաշարին, հրաշք էր սկսվում, նրա մատներում աստվածատուր ուժ կար: Տեխնիկական խնդիրներ Առնոյի համար գոյություն չունեին, նա էր տեխնիկայի տերը, ոչ թե հակառակը: Ճիշտ նույն ձեւով իր կոմպոզիտորական ստեղծագործության մեջ նա կարող էր օգտագործել այն ժամանակ խիստ մոդայիկ սերիալ տեխնիկան, բայց ոչ ստրկամտաբար, այլ իր մտածողությանը ծառայեցնելով՝ երաժտությունը դարձնելով խորապես ազգային, հայկական: Շոստակովիչին իր խնդրանքով ես տարա իմ խմբագրած Արշակ Ադամյանի գիրքը, եւ ինձ զարմացրեց, որ նա նստած է իր քոթեջում կատարյալ մթության մեջ: Այդպիսի տպավորություն էր, որ նրա հոգում կատարվում էին ինչ-որ ալեկոծություններ, որոնց իմաստը մեզ համար անհասկանալի էր: Շոստակովիչի քոթեջը գտնվում էր մերի հարեւանությամբ, եւ հետաքրքիր է, որ Դիլիջանում ապրած ողջ ժամանակահատվածում նա, որքան ես լսում էի, ոչ մի անգամ չմոտեցավ դաշնամուրին: Հավանաբար, այդ մեծության ստեղծագործողները անհրաժեշտություն չունեն դաշնամուրից ձայներ «որսալու»՝ երեւակայությունը խթանելու համար: Դիլիջանում Շոստակովիչը ոտքի աննշան վնասվածք էր ստացել եւ քայլում էր փայտի օգնությամբ: «Մեզ միշտ սովորեցրել են առաջ նայել, բայց երբեմն օգտակար է նայել ոտքերիդ տակ», – ասում էր կոմպոզիտորը: Աշակերտներ Իհարկե, որոշակի անկում վերջին տարիներին նկատվում է. խորհրդային կատարողական արվեստի հզոր իմպուլսները, հղկված ավանդույթները ինչ-որ չափով մարում են: Հասկանալ կոմպոզիտորի մտահղացումը եւ այն ադեկվատ ձեւով ներկայացնել ունկնդրին հնարավոր չէ՝ առանց ժամանակաշրջանի ողջ հոգեւոր կյանքի խոր ընկալման: Այս առումով, ինչ խոսք, իմ այսօրվա ուսանողները ավելի քիչ են կարդացել, ավելի հազվադեպ են լինում, ասենք, թատրոնում կամ ցուցահանդեսներում, քան նրանք, ովքեր ուսանել են 20 տարի առաջ: Երիտասարդներին երբեմն խանգարում է նաեւ չափազանցված պրագմատիզմը՝ մտասեւեռվածությունը նյութական նպատակների վրա: Բայց ես հակված չեմ միայն բացասականը տեսնել այսօրվա կյանքում՝ նոր սերնդի երաժիշտներն ավելի ազատ են ինքնարտահայտման մեջ, եւ եթե ինձ հաջողվում է, այսպես ասած՝ «քարշ տալ» նրանց հոգեւոր աշխարհ, արդյունքները բավականին համոզիչ են լինում: Այսօրվա կատարողական արվեստն ավելի ազատ է ստանդարտներից: Անցած տարվա վերջին կայացած իմ ուսանողների համերգը, շատերի կարծիքով, հենց դա է ապացուցել. ամեն մեկը նվագեց իր անհատականության մասշտաբով։ Ինչպես ասում են ֆրանսիացիները, ես խմում եմ թեեւ փոքր, բայց իմ բաժակից: Եթե քո անհատականության մեջ դու կարողացել ես ձեւակերպել ընդհանուրը, ուրեմն արվեստը կայացել է: Ստեղծե՞լ եմ իմ կատարողական դպրոցը թե՞ ոչ, չգիտեմ՝ թող ուրիշները դատեն: Բայց, անշուշտ, փորձում եմ մեր, հայաստանյան հողի վրա շարունակել Իգունովի դպրոցի լավագույն ավանդույթները, որոնք ինձ է մատուցել Կետի Մալխասյանը: Կա ինչ-որ ուղղություն, կան էթիկական եւ մանկավարժական սկզբունքներ, վերջապես, աշխարհայացք, որը ես դավանում եմ եւ ուզում եմ տեսնել իմ աշակերտների մեջ: Հետգրություն Ուրբաթ օրը Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Վիլլի Սարգսյանի ծննդյան 70-ամյակին եւ ստեղծագործական ու մանկավարժական գործունեության 50172ամյակին նվիրված երեկո, որին ելույթ ունեցան նրա դասարանում տարբեր ժամանակներում ուսանած դաշնակահարները: Իսկ մոտ ապագայում բեմ կբարձրանա ինքը՝ Վիլլի Սարգսյանը: Նա հիմա աշխատում է Բախի «Գոլդբերգվարիացիաների» վրա: Գրի առավ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել