Լրահոս
Օրվա լրահոսը

«27»-Ը ԱՆՍԱՀՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ ՉԷ

Ապրիլ 11,2001 00:00

«27»-Ը ԱՆՍԱՀՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ ՉԷ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի փաստաբան Տիգրան Ջանոյանի նախորդ օրվա հարցազրույցից դուրս է մնացել պրն Ջանոյանի հետեւյալ միտքը. «Վերջերս որոշ լրատվամիջոցներով հրամցվում է միտք, թե անհրաժեշտ է լուծել որոշակի պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցը եւ թվարկվում էին այդ մարդիկ՝ Սուրեն Աբրահամյան՝ ՆԳ նախարար, Վաղարշակ Հարությունյան՝ պաշտպանության նախարար, Սերժ Սարգսյան՝ ԱԱ նախարար։ Ես պաշտոնները թվարկում եմ 1999թ. հոկտեմբերի 27-ի դրությամբ։ Նման լրատվական կամպանիան իր հիմքում ունի բավական ոչ ընդունելի շարժառիթներ եւ խնդիր ունի նաեւ շեղել հասարակության ուշադրությունը, տեղ բացելով անսահման պատասխանատվության բանաձեւի համար։ «Հոկտեմբերի 27»-ը անսահման պատասխանատվության դաշտ չէ։ Այդ տրամաբանությամբ մենք կարող ենք ապագայում կանգնել ամբողջ հանրապետության բնակչության մեղավոր լինելու արհեստականացված փաստի առաջ։ Ես կարծում եմ, սա մեղքը փոշիացնելու, որոշակի անձանց սեւացնելու, հարվածներ հասցնելու խնդիր է հետապնդում։ Ընդունելի չեմ համարում այդ միտումը։ Ընդհակառակը, գտնում եմ դատապարտելի եւ գնահատում եմ դատարանի եւ իմ նկատմամբ ճնշման ձեւ։ «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունն ունի ավելի որոշակի եւ առաջնահերթ խնդիր՝ գործով վեր հանել օբյեկտիվ իրականությունը, լուծել ամբաստանյալների մեղավորության հարցը, դատավարությամբ ստեղծել նախադրյալներ, հնարավորություն, պարզելու նրանց թիկունքում կազմակերպիչների, ղեկավարների եւ դրդիչների գոյությունը, օրինական ճանապարհով առաջ քաշել նրանց պատասխանատվության հարցը եւ ոչ թե շեղվել բուն խնդրից»։ Բայց, ընդունենք, որ երբ երկրում տեղի է ունենում «Հոկտեմբերի 27»-ի նման ոճրագործություն, պետական հեղաշրջման փորձ, առանցքային դիրքեր գրավող պաշտոնատար անձինք, այսպես թե այնպես, մեղքի բաժին ունեն, այս դեպքում՝ պաշտոնեական անփութություն կամ մեկ ուրիշ բան։ Տիգրան Ջանոյանն ասաց, որ դա բոլորովին ուրիշ խնդիր է. «Եվ դա կերեւա միայն «Հոկտեմբերի 27»-ի գործի իրական բացահայտումից եւ իրականացնողների պատասխանատվության հարցը լուծելուց հետո։ Ես որեւէ անձի պաշտպանության տակ չեմ վերցնում. ո՛չ Սուրեն Աբրահամյանին, ո՛չ Վաղարշակ Հարությունյանին եւ ո՛չ էլ Սերժ Սարգսյանին, քավ լիցի, նրանք դրա կարիքը չունեն։ Ուղղակի երեւույթի գնահատականն է»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել