Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդդիմախոսները երեկ կարողացան տապալել կառավարության նախաձեռն

Հունիս 28,2001 00:00

ՊԱԿԱՍՈՒՄ ԷՐ ՄԻԱՅՆ ՀԱՐԵՄԸ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդդիմախոսները երեկ կարողացան տապալել կառավարության նախաձեռնությունը։ Նրանք ուղղակի չմասնակցեցին քվեարկությանը, քվորում չապահովվեց եւ հօգուտ օրենքի 63 ձայները «փուստ» անցան։ Որեւէ մեկը՝ այս օրինագծի ամենակատաղի քննադատներն անգամ չեն վիճարկում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի անհրաժեշտությունը։ Վիճարկվում է գլխավորապես այն խնդիրը, թե ինչու պիտի ներկա Սահմանադրությամբ նախագահին վերապահված գերլիազորություններին այս օրենքով հավելվեն ամբողջատիրական լիազորություններ։ Եվ երեկ հերթական անգամ բացահայտվեց, որ որոշ քաղաքական ուժեր, ավելի ստույգ՝ ԱԺՄ-ն, ՀՅԴ-ն եւ «Օրինաց երկիրը», լումայի չափ էլ չեն կարեւորում նախկինում իրենց հռչակած սկզբունքները։ Այլապես նույնիսկ երեկ էլ խորհրդարանի ամբիոնից բողոքելով 1995-ին նախագահին տրված անսահմանափակ լիազորություններից, գոնե ծպտուն կհանեին, որ այժմ էլ այդ լիազորություններից եւ ոչ մեկից նախագահը չի հրաժարվել, հաճույքով օգտագործում, սրբորեն պահպանում ու նորերը ձեռք բերելու փորձեր է անում։ Միայն Աղասի Արշակյանը հիշեց, որ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական խոստումներից մեկն էլ գերլիազորություններից հրաժարվելն էր. «Ի՞նչ եղան դրանք։ Առանց այն էլ հանրապետության նախագահն արեւելյան միապետի լիազորություններ ունի եւ միայն հարեմն է դրանց պակասում»։ Մինչդեռ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, որ հետո «կողմ» քվեարկեց օրենքին, խմբակցության անունից պնդում էր, թե կադրային քաղաքականությունն այժմ էլ է կենտրոնացված նախագահի ձեռքում։ Այսինքն՝ հաշտվել էր այդ իրողության հետ եւ կողմնակից էր այն օրենսդրորեն ամրագրելուն։ «Հանրապետության նախագահն այսօր էլ ունի բազմաթիվ լիազորություններ»,- ասում էր «Օրինաց երկրի» ղեկավար Արթուր Բաղդասարյանը։ Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն օրենքի հակասահմանադրականությանը վերաբերող բոլոր պնդումները թեթեւությամբ, առանց որեւէ հիմնավորման որակեց զուտ քաղաքական։ Օրենքի կողմնակիցների փաստարկներից էր, թե այս միջոցով միայն վերջ կտրվի այն սովորությանը, որ նախարարներն աշխատանքի են ընդունում գլխավորապես իրենց մորաքրոջ որդիներին եւ այլ հարազատներին։ Ստեփան Զաքարյանն անդրադառնալով այդ փաստարկին հիշեցրեց, թե ով է նշանակում այդ նախարարներին. «Եվ նույն անձը նշանակելու է նաեւ «Քաղաքացիական ծառայության խորհրդի» անդամներին… Այս պարագայում մարդկանց միայն մի ելք է մնում՝ լինել հանրապետության նախագահի կուսակցությունից»։ Սակայն դառնանք այս օրինագծի ընդդիմախոսներին։ Նրանց երեկ հաջողվեց դարձյալ հետաձգել օրենքի ընդունումը։ Բայց եթե շահած ժամանակը նրանք դարձյալ այնպես են օգտագործելու, ինչպես օրենքի առաջին տապալումին հաջորդած ժամանակահատվածը, այսինքն՝ որեւէ այլընտրանքային նախագիծ չառաջարկելով, ուրեմն՝ նրանց քննադատությունն ինքնանպատակ է։ Ի դեպ, Հմայակ Հովհաննիսյանն էլ այս խնդրին անդրադարձավ եւ զարմանք արտահայտեց, թե ինչու, ասենք, ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավարն իր նախագիծը չառաջարկեց։ Վլադիմիր Նազարյանն այս մասին «Առավոտի» հարցին ի պատասխան ասաց. «Իրավաբանական ծառայության պարտականությունների մեջ չի մտնում օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելը։ Դա նաեւ հենց Հմայակ Հովհաննիսյանի պարտականությունն է՝ թող բարի լիներ ինքը որեւէ նախագիծ ներկայացնել: Իսկ իրավաբանական ծառայությունը զբաղվում է օրենսդրական նախաձեռնությունների փորձաքննությամբ՝ շատ ուրախ եմ ձեր թերթի միջոցով այդ մասին տեղյակ պահել Հմայակ Հովհաննիսյանին»։ Մի ուշագրավ մանրամասն. թեեւ օրենքի քվեարկությանը չմասնակցած 43 պատգամավորների առյուծի բաժինը ՀԺԿ-ականները, ՍԻՄ-ականները, «Հայաստան» խումբը, «Իրավունք եւ միաբանությունը» ու Կոմկուսի խմբակցություններն էին, բայց բոյկոտին ակամա մասնակցել էին նաեւ Վահագն Գրիգորյանը, Հենրիկ Աբրահամյանը, Հրանուշ Հակոբյանը, Գեւորգ Դավթյանը եւ այլք։ Կարելի է ենթադրել, որ այս 6-7 պատգամավորներն էլ կդառնան կառավարության համար քավության նոխազ՝ չէ՞ որ նաեւ նրանց պատճառով չապահովվեց անհրաժեշտ քվորումը։ Օրինագծին կողմ էին քվեարկել, սակայն, նաեւ ՀԺԿ-ական պատգամավորներ Ռոբերտ Ենգոյանը, Էդմունդ Ծատուրյանը, Մանվել Բադեյանը, Դավիթ Հովհաննեսը, Գուրգեն Եղիազարյանը, Արմեն Խաչատրյանը եւ Գագիկ Ասլանյանը։ Վերջինս անգամ ելույթ ունեցավ հօգուտ օրինագծի՝ ի ցույց դնելով, որ ՀԺԿ քարտուղարի եւ ՀԺԿ-ի դիրքորոշումներն այս օրինագծի վերաբերյալ տարբեր են։ Մեր հարցին ի պատասխան պրն Ասլանյանը սակայն ասաց, թե ՀԺԿ-ի որոշումը վերաբերել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրինագծի միայն նախորդ տարբերակին. «Այս մեկի վերաբերյալ որոշում չկա»։ Մինչդեռ ՀԺԿ մեկ այլ քարտուղար՝ Ստեփան Զաքարյանը մեր հարցին, թե ՀԺԿ քաղխորհուրդը որոշում ընդունե՞լ էր «դեմ» քվեարկել այս օրինագծին, պատասխանեց. «ՀԺԿ-ն հենց այս նախագծի վերաբերյալ որոշում էր ընդունել «կողմ» չքվեարկել՝ նկատի ունենալով նաեւ այն, ինչ եղավ, որ պետք կլիներ ընդհանրապես չքվեարկել»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել