Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՈՒՐԸ ՍԵԶՈՆՈՎ ԿԽՄԵՆ

Օգոստոս 16,2001 00:00

ՋՈՒՐԸ ՍԵԶՈՆՈՎ ԿԽՄԵՆ Սարի թաղի եւ Նոր Նորքի ոչ նորմալ եւ գիշերային ժամերին տրվող ջրամատակարարումը անհանգստություն է պատճառում տեղի բնակիչներին։ Վերջիններս, ինչպես իրենք են ասում, տառապում են անքնությամբ, քանի որ ջուրը բաց է թողնվում գիշերային ուշ ժամերին՝ ժամը 4-ից ոչ շուտ, ոչ ուշ։ Որոշ մարդիկ ջրային գրաֆիկն անգիր իմանալով՝ գիշերային անուշ քնից այդ ժամերին բնազդաբար են արթնանում, իսկ մյուսներն էլ ամեն կերպ փորձում են ողջ գիշերվա ընթացքում արթուն մնալ, որպեսզի կարողանան ջուր վերցնել։ Սարի թաղում ջրամատակարարումը լինում է օրումեջ՝ 2 ժամով։ Նոր Նորքի որոշ զանգվածներում գրաֆիկը չորս օրը մեկ է։ Պարզաբանումների համար դիմեցինք «Ջրամատակարարում, ջրահեռացում» ՓԲ ընկերության ինժեներ Նարինե Չոբանյանին։ Վերջինս տեղեկացրեց, որ ջրի սակավության պատճառով Նոր Նորքի գրաֆիկը անընդհատ փոփոխվում է, բայց նաեւ հավաստեց, որ շուտով ամեն ինչ կնորմալանա։ Ինչ վերաբերում է Սարի թաղի ջրային գրաֆիկին, Ն. Չոբանյանի տվյալներով, այն եւս կապված է ջրի սակավության հետ։ Բայց դա, ըստ ինժեների, «սեզոնային է եւ աշնանը կկարգավորվի»։ Սարի թաղում ցերեկվա ժամերին ջուր չհասնելու պատճառը, ըստ Ն. Չոբանյանի, թաղամասի բարձր դիրքն է։ «Ջուրը շատանում է գիշերային ժամերին, իսկ ջրամբարի ջուրը պետք է շատ լինի, որ այդ բարձր դիրքը ապահովի գոնե այդ ժամերին»,- եզրափակեց Ն. Չոբանյանը։ Բայց ավելացնենք, որ Նորք-Մարաշում ջրամատակարարումը կանոնավոր է, թեեւ ավելի բարձր դիրքում է։ Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել